Հայաստանը ցավակցում է Թուրքիային, բայց լուռ է Լիբանանի պատերազմի հարցում
21-րդ դարասկզբին հայկական աշխարհը հանդես էր գալիս չափազանց մասնատված և բարդ դեմքով, որը Հայաստանի՝ իրար հաջորդող ղեկավարները սիրում էին ամփոփել ազգային եռամիասնությամբ` Արցախ-Հայաստան-սփյուռք: Արցախը կորցրինք մեկ ակնթարթում, սփյուռքն անտեսանելի է և անորսալի, Հայաստանը փորձում է լուծել իր գոյատեւման հարցը` թուրք-ադրբեջանական դաշինքի հետ բանակցելով: Այս մասին իր նոր հոդվածում է գրել է Փարիզի Շիլլերի միջազգային համալսարանի դասախոս, վերլուծաբան Տիգրան Յեգավյանը:
«Հայ ժողովրդի ոխերիմ թշնամիները, չբավարարուելով Արցախում ցեղասպան ծրագիր իրականացնելով, պահանջում են Երեւանից հրաժարվել այն ամենից, ինչը կապ էր ստեղծում սփյուռքի եւ ընդհանրապես հայկական աշխարհի հետ` 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչումից եւ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքից, երկու սկզբունքներ, որոնք ճանաչված եւ արձանագրված են 1990 թվականի Անկախության հռչակագրում:
Սրանք վերջին խորհրդանշական կամուրջներն են, որոնք կարող են քանդվել կենսազուրկ պետության սահմանադրության վերաձևակերպման արդյունքում` ազգային վերելքի բացակայության պայմաններում: Իսկապես, երբեք Հայաստանի Հանրապետության եւ սփյուռքի ավանդական կառոյցների, համահայկական եւ անդրազգային ցանցերի միջեւ հարաբերությունները այսքան վատ չեն եղել, եթե չասենք` գրեթե գոյություն չունեցող:
Սփյուռքի կենսունակ ուժերը հնարավորություն չունեն ներառվելու ազգային անվտանգության օրակարգում: Երեւանը չի մտածում պետութկան ամրապնդմանն ուղղված ռազմավարության մասին` ներգրավելով հայկական ծագում ունեցող մարդուժ եւ մասնագետներ, որոնք արհեստավարժ են համապատասխան ոլորտներում, եւ որոնց հավատարմությունն ու հայրենասիրություւնը կասկածի տակ չի դրվում:
Այս ամենը հաշվի առնելով` զարմանալի չէ, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը աջակցութեան, առավել ևս դատապարտման որևէ հայտարարութիւն չի արել Լիբանանում` բարեկամ երկրում տեղի ունեցող մարդասիրական եւ աշխարհաքաղաքական աղետի առնչութկամբ, չէ՞ որ Լիբանանը երկրորդ հայրենիք է բազմաթիվ հայերի համար, որոնց նախնիները, Ցեղասպանությունից մազապուրծ` ապաստան են գտել այդ երկրում:
Հայկական դիվանագիտությունը տարօրինակ լռություն է պահպանում, մինչդեռ 2020 թուականի օգոստոսին Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո այն շտապել էր մարդասիրական օգնություն ուղարկել լիբանանցի եղբայրական ժողովրդին: Աններելի այս լռութիւնը վշտացնում է մայրիների երկրի հայերին, որոնք չափազանց արժանապատիվ են և զուսպ, իրենց զայրույթն արտահայտելու հայրենիքի նկատմամբ, որի համար զոհվել են Արցախի ռազմաճակատում:
Ինչի՞ց է Հայաստանը փորձում խուսափել:
Այս լռությունն արդյոք արդարացվա՞ծ է մի փուլում, երբ Երեւանը հետապնդում է իր խաղաղության օրակարգը Թուրքիայի հետ եւ ցավակցութիւն է հայտնում նրան` մերթ 2023 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ, մերթ Քրդական աշխատավորական կուսակցության խմբավորման իրականացրած ահաբեկչության ժամանակ:
Փաստ է, որ 44-օրեա պատերազմի ընթացքում Լիբանանը աջակցեց Հայաստանին բոլոր բազմակողմ հարթակներում, որոնց անդամակցում է` լինի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Արաբական պետությունների լիգայում, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում, որտեղ Հայաստանը ավելի քան մեկուսացված է:
Պաղեստինի պետության ճանաչումը, Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման խորապատկերին, որի իշխող ծայրայեղ աջերը չեն թաքցնում Երուսաղէմում հայերի հազարամյա ներկայությանը վերջ տալու՝ իրենց մտադրությունը, զգուշավորության կոչ է անում:
Անվտանգության դատարկության պայմաններում, երբ մեծամիտ Իսրայելն իր կործանարար ուժն է տարածում Գազայից մինչեւ Թեհրան, Բեյրութ ու Դամասկոս, Լիբանանին աջակցելու մասին հայտարարությունը, որքան էլ ցանկալի կամ օգտակար լինի, կարող է մեկնաբանվել որպես սադրանք, հրավեր՝ ռմբակոծելու հայկական բնակավայրերը Լիբանանում` Բուրջ Համուդն ու Այնճարը:
Կհրաժարուի՞ արդյոք Հայաստանը իր արժանապատուությունից անարդար առևտրի արդյունքում: Սա ևս մեկ անգամ բարձրացնում է այս պետության հիբրիտային բնոյթի մասին հարցը, որը գիտակցաբար ընտրել է հայկականության երկրորդ թոքը կտրելու ուղին»,-գրում է հայ վերլուծաբանը:
Կարծիքներ