Ո՞վ է քաղբանտարկյալը, ինչպե՞ս ճշտել

Ո՞վ է քաղբանտարկյալը, ինչպե՞ս ճշտել

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները շարունակում են պնդել, որ իրենց պաշտպանյալը քաղբանտարկյալ է: 
Ընդհանրապես՝ «քաղբանտարկյալ» սահմանումը Հայաստանում (եւ ոչ միայն) բավականին անհստակ ու լղոզված է: Հայաստանի իշխանությունները քաղբանտարկյալ չէին համարում ինչպես 2008թ․ մարտյան իրադարձություններից հետո հիմնականում զանգվածային անկարգությունների տիպային մեղադրանքով, նաեւ քրեական այլ հոդվածներով ազատազրկված բազմաթիվ մարդկանց, այնպես էլ հաջորդած տարիներին հակակառավարական ելույթների ու գործողությունների համար բանտարկված գործիչներին:

Նրանցից ոմանց պարագայում, ի դեպ, եղել են նաեւ միջազգային արձագանքներ տարբեր իրավապաշտպան կառույցներից, նաեւ արեւմտյան մի շարք երկրներից, որոնց հղած ուղերձներում հիմնականում շրջանառվում էր «քաղաքական շարժառիթներով հալածվողներ» արտահայտությունը, սակայն կոնկրետ «քաղբանտարկյալ» եզրույթը համառորեն չէր օգտագործվում:

Տարիներ առաջ Երեւանում կայացած մի քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը հարց հնչեցրեց․ ի վերջո, ո՞վ է որոշում՝ տվյալ անձը քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ: Քննարկմանը ներկա իրավապաշտպանները միահամուռ պնդեցին, որ դա հենց իրավապաշտպան կառույցները պետք է որոշեն: Ըստ նրանց, որեւէ երկրի իշխանությունը երբեք չի ընդունի իր ղեկավարած երկրում քաղբանտարկյալների առկայությունը, քանի որ մեծ խնդիրներ կունենա ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին հարաբերություններում: Օտարերկրյա շատ կառավարություններ էլ, այդ թվում՝ արեւմտյան, պարզապես չեն ցանկանում տվյալ երկրի հետ փչացնել հարաբերությունները այդ մեկ հատիկ «քաղբանտարկյալ» բառի համար, եթե, իհարկե, այդ երկրում համատեղ ծրագրեր են իրականացնում:  
Հետեւաբար, մնում են անկախ կառույցները, որոնք, սակայն, հատկապես վերջին տարիներին շատ զուսպ են իրենց արտահայտություններում, եթե, իհարկե, խնդիրը չի առնչվում, ասենք, Ռուսաստանին, Իրանին ու մի շարք այլ՝ համապատասխան նկարագիր ունեցող երկրների:

 
Ավելի ուշ «քաղբանտարկյալի» սահմանման հետ կապված մի հրապարակման մեջ հեղինակը պնդում էր, թե քաղաքական շարժառիթով գործողություն կատարած անձին պետք չէ նույնացնել քաղբանտարկյալի հետ, քանի որ շատ հաճախ նման գործողություններում առկա են լինում քրօրենսգրքով հստակորեն սահմանված քրեական տարրեր: Եվ հանգամանքը, որ գործողությունը կատարվել է քաղաքական շարժառիթով կամ նպատակով, դրա հեղինակին ամենեւին քաղբանտարկյալ չի դարձնում: Այս պնդման իրավացիության դասական օրինակ կարող է ծառայել «Սասնա ծռեր» զինված խմբի կատարած գործողությունը, որը հետապնդում էր հստակ քաղաքական նպատակ, սակայն դրա հետեւանքով եղան մարդկային զոհեր:  

Դասական քաղբանտարկյալ թերեւս կարող է համարվել այն ազատազրկված գործիչը, որի գործողություններում բացակայել է ակնհայտ քրեական բաղադրիչը, ինչը, սակայն, տվյալ պահին գործող իշխանությունը միշտ էլ «գտնում է»:

Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությանը, նկատենք՝ նրանք դժգոհում են վերաքննիչ քրեական դատարանի՝ իրենց կարծիքով անարդար որոշումներից եւ դատավոր Արմեն Դանիելյանի վարքագծից, սակայն պարզ է, որ իրավապահների կամ դատարանի սխալները, եթե դրանք անգամ իրականում առկա են, չեն կարող Քոչարյանին «օժտել» քաղբանտարկյալի կարգավիճակով: Նաեւ տակավին պարզ չէ, թե քաղաքական որ գործունեության համար է հալածվում երկրորդ նախագահը, եթե, իհարկե, նա առհասարակ երբեւէ զբաղվել է նման գործունեությամբ: Ռոբերտ Քոչարյանին դեռեւս քաղբանտարկյալ չի համարել նաեւ որեւէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն: 

Այստեղ, իհարկե, տեղին կլիներ խոսել պարզապես իրավապահ կառույցների եւ դատարանի թույլ տված սխալների մասին ու քննարկում ծավալել դրա շուրջ՝ պարզելու համար նման հայտարարությունների իսկությունը: Ինչ վերաբերում է «քաղբանտարկյալ» եզրույթին, ապա դրա սահմանումը դեռեւս մասնագիտական ճշգրտման եւ գնահատման կարիք ունի: