Գույքահարկի նոր օրենքի էլեկտրոնային բազան չկա. պետական մարմիններն իրար վրա են գցում մեղքը 

Գույքահարկի նոր օրենքի էլեկտրոնային բազան չկա. պետական մարմիններն իրար վրա են գցում մեղքը 

ՀՀ քաղաքացիները, որոնք հունվարի 1-ից հարկվելու են գույքահարկի նոր, ավելի բարձր դրույքաչափեր սահմանող օրենքով, դրա հետ կապված մեկ այլ տհաճ անակնկալ ստացան: Պարզվում է, անգամ այս բազմապատկված գույքահարկը նրանք չեն կարողանա մուծել, քանի որ նոր օրենքի ծրագրային ապահովումը տապալված է, իսկ պետական մարմիններն իրար վրա են գցում պատասխանատվությունը: Արդյունքում մարդիկ չեն կարողանում անշարժ գույքի հետ կապված տարրական գործարքներ անել: 

Հունվարի առաջին օրերին քաղաքացիները, որպես շնորհավորանք, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից գույքահարկի մասին SMS-հաղորդագրություններ ստացան: Նախարարությունը հայտնում էր, որ անշարժ գույքի միասնական հարկի համար գործում են առանձին հաշվեհամարներ։ Սակայն Երեւանի տարբեր համայնքների բնակիչներ դժգոհում են, որ չեն կարողանում փոխանցումներ կատարել այդ հաշվեհամարներին, քանի որ թաղապետարանում իրենց չեն ասում, թե գույքահարկի գծով որքան պարտք ունեն: Պատասխանում են, որ նոր ծրագիրը դեռ պատրաստ չէ, պետք է սպասեն մինչեւ հունվարի վերջը: Արդյունքում մարդիկ չեն կարողանում կադաստրում անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարել, քանի որ դրա համար պետք է զրոյացնել պարտքերը, եւ չկա երաշխիք, որ գոնե մինչեւ հունվարի վերջը ծրագիրը կաշխատի: Ստացվում է, որ քաղաքացին անգամ սեփական գույքը չի կարողանում վաճառել: 

«Թաղապետարանները մեղք չունեն: Ծրագիրը խայտառակ վիճակում է: Օպերատորները չեն կարողանում զրոյականներ տալ ո՛չ հին, ո՛չ էլ նոր հաշվարկով: Եթե քաղաքացու տվյալները հավաքում են, ու ցանցը չի գործում, օպերատորներն ի՞նչ անեն»,- մեզ ասաց Արաբկիրի թաղապետարանի աշխատողը: Նա հաստատեց, որ կա նման խնդիր: «Բազմաթիվ բնակիչներ են գալիս, բայց մեր մեղքը չէ դա: Մենք թվերը քաղաքապետարանից ենք ստանում»: 

Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանին հարցրինք, թե արդյոք իրենք հանդիպե՞լ են նման խնդրի, ո՞ր մարմինը պետք է կարգավորի այն: Նա մեր հարցումը վերահասցեավորեց եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Դավիթ Հակոբյանին: Վերջինս էլ հայտնեց, որ, այո, առնվազն երեք դեպք է եղել, երբ քաղաքացու տվյալները 2020 թվականի բազայի մեջ եղել են, սակայն 21 թվականի բազայի մեջ այլեւս չկան: «Որեւէ փոփոխություն ծրագրում չենք կարող անել: Մենք ելնում ենք այն տվյալներից, որոնք մեզ մոտ արդեն ֆիքսված են»,- ասաց Դ․ Հակոբյանը: Ըստ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի, խնդիրը ծրագրային է եւ շուտով կլուծվի: 
«Գույքահարկի հաշվարկման նոր ծրագիրը մշակման փուլում է, փոքր խնդիրներ կան այս պահին, որոնք շտկման փուլում են: Ամեն օր աշխատում են այդ ծրագրի վրա»,- ասաց նա: Շենգավիթի թաղապետը հայտնեց, որ այլ կարգի բարդություններ էլ կան՝ քաղաքացիների տվյալների շտկման հետ կապված: «Նախկինում թաղապետարաններն ունեցել են հնարավորություն՝ անճշտությունների դեպքում բազայում փոփոխություններ կատարելու: Երբ որ քաղաքացին գալիս էր, ու, օրինակ, տառասխալ էր լինում նրա անվան մեջ, մենք մտնում էինք բազա ու ուղղում էինք կատարում: Բայց հիմա փակ է բազան, եւ ուղղում կարող է կատարել միայն կադաստրը: Եթե մարդը գալիս է, ու, ասենք, մի տառասխալ է լինում նրա անվան մեջ, ուղարկում ենք կադաստր»,- պարզաբանում է Ռազմիկ Մկրտչյանը: 

Ո՞ր մարմինն է պատվիրել գույքահարկի նոր ծրագիրը, ո՞ր գերատեսչությունն է պատասխանատու համընդհանուր «բարդակի» համար՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությո՞ւնը, Երեւանի քաղաքապետարա՞նը, թե՞ կադաստրի կոմիտեն: Քանի որ կադաստրի կոմիտեն մի անշունչ սարդոստայն է դարձել, եւ կոմիտեի կայքում որեւէ կենդանի պաշտոնյայի հեռախոսահամար գտնել հնարավոր չէ, մենք դիմեցինք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն: Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մեր հարցերին պատասխանելով, ասաց, որ տեխնիկական որոշակի խնդիրներ եղել են, սակայն դրանք կարգավորված են: Փաստորեն, նա «սխալ հանեց» ե՛ւ քաղաքացիներին, ե՛ւ թաղապետարանների աշխատողներին՝ նշելով. «Մի քիչ իրականությանը չի համապատասխանում, որ զրոյական տեղեկանքներ մարդիկ չեն կարողանում ստանալ: Նույնիսկ հունվարի 13-ի դրությամբ, որ խնդիրներ կային, մենք կադաստրի հետ նամակագրություն ենք արել, ասել ենք, որ բոլոր դեպքերում էս մի քանի օրվա համար զրոյական տեղեկանքներով դիմողների անշարժ գույքի գործարքներն անեն, առանց որեւէ խնդիր առաջացնելու»: Վարչության պետը, սակայն, արժեքավոր տեղեկություն հայտնեց: Պարզվում է, «բարդակի» պատասխանատուն  էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման «ԷԿԵՆԳ»-ն է, որը կառավարության որոշմամբ օպերատոր է ճանաչվել եւ իրականացնում է գույքահարկի ծրագրային ապահովումը: «Հիմա ինտենսիվ դասընթացներ են գնում համայնքապետարանների աշխատակիցների հետ, որոնք պետք է քաղաքացիների հետ աշխատեն եւ նրանց տեղեկանքներ տրամադրեն»,- ասաց Գիլոյանը: 

Փաստորեն, տարին արդեն սկսվել է, գույքահարկի մասին նոր օրենքը գործում է, բայց էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը դեռ հայտնի կենդանու ականջում քնած՝ նո՞ր է դասընթացներ անում: «ԷԿԵՆԳ»-ի մասնագետ Տանյան էլ ամբողջ մեղքը գցում է թաղապետարանների աշխատակազմերի վրա, որոնք, ըստ նրա, չեն ապահովում հետադարձ կապը, որպեսզի համակարգը շտկվի: ««ԷԿԵՆԳ»-ը ոչ մի տվյալի հասանելիություն չունի: Դա ընդամենը խողովակ է: Կառավարությունը ցանկացել է թվայնացումն իրականացնել, որ էլեկտրոնային կառավարումը մի տեղից իրականացվի, եւ մեզ օպերատոր է նշանակել: Բայց մենք ի սկզբանե որեւէ տվյալ չենք տեսնում: Մենք չենք տեսնում, թե ով ինչ գույքահարկ ունի: Մենք պետք է «շլյուզները» կապենք, որ կադաստրի տված ինֆորմացիան տեսնի վերջնական սպառողը, այսինքն՝ քաղաքացին եւ համայնքապետարանները: Ցանկացած համակարգ շահագործման ընթացքում պետք է հղկվի: Այդքան մարդ է աշխատում դրանով, այդքանին ուսուցանել էր պետք, ու անխուսափելի էին սխալները:

Հիմա այդ համակարգը դրվել է արդեն, ու ես չեմ հասկանում, թե ինչու թաղապետարանները հետադարձ կապը չեն ապահովել: Հետադարձ կապի ապահովումը պետք է կատարեին թաղապետարանների աշխատակազմերը»,- ասաց «ԷԿԵՆԳ»-ի մասնագետը: Նա խոստացավ կապվել թաղապետարանների աշխատակազմերի հետ, որ «առանց աղմուկի» այդ հարցը լուծեն: «Սա թիմային աշխատանք է, ճիշտ չէ ասել՝ Պողոսը լավ չի աշխատել: Չի կարելի ասել՝ «ԷԿԵՆԳ»-ն է ու վերջ»: Իսկ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ կառավարման համակարգում համընդհանուր անտերություն է տիրում, եւ քաղաքացին մնացել է ինքն իր հույսին: