Արայիկ Հարությունյանը յուրացրել է Հանրայինի դափնիները

Արայիկ Հարությունյանը յուրացրել է Հանրայինի դափնիները

Հայաստանում «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի անցկացման համար, անշուշտ, հսկայական աշխատանք է տարվել, ինչի վրա աշխատել է մի հսկայական թիմ, որի անդամների մեծ մասն անգամ ասպարեզում չի երեւացել։ Բայց կան մարդիկ, ովքեր, գրեթե ոչինչ չանելով, իրենց կաբինետներում տաքուկ նստած, որոշել են իրենց վերագրել «Եվրատեսիլի» դափնիներն ու ցույց տալ, թե իրենք օրնիբուն աշխատել են, եւ դա իրենց վաստակն է։ Հիմնական կազմակերպիչը, հիշեցնենք, Հանրային հեռուստաընկերությունն է։

Հ1-ի հանրային կապերի վարչությունից մեզ ասացին, որ Հանրային հեռուստաընկերությունն այս մրցույթում ունի հյուրընկալող հեռարձակողի դեր։ «Սա նշանակում է, որ հյուրընկալող կողմն իր վրա է վերցնում կազմակերպչական բոլոր հարցերը»,- ասացին Հ1-ից։

Դեռեւս ապրիլ ամսին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ձեւավորվել էր «Եվրատեսիլի» նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողով, որտեղ պետք է քննարկվեին այն բոլոր հարցերը, որոնք առնչվում են պետական կառույցներին, ֆինանսավորմանը։ Հանձնաժողովի ղեկավար նշանակվեց ի պաշտոնե կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով այս օրերին Ֆեյսբուքի իր էջում զբաղված է ինքնագովազդով եւ փորձում է ցույց տալ, որ անձամբ է ձեւավորել «Եվրատեսիլի» դահլիճն ու հրապարակը, անձամբ է կախել տոնածառի լույսերը, ձեւավորել զարդարանքն ու առհասարակ՝ ամեն ինչ իր «ձեռքի գործն է»։
Նա 5 օր առաջ գնացել էր Մարզահամերգային համալիր, նախ այնտեղից էր նկարներ հրապարակել ու գրել․ «Այսօր այցելել եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել մրցույթի անցկացմանն ընդառաջ համալիրում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Հանձնարարել եմ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում»։ Այսինքն՝ եթե ինքը չհանձնարարեր աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում, գուցե աշխատանքներն ավարտվեին մրցույթի անցկացումից մի 10 օր ուշ, ասենք՝ դեկտեմբերի 21-ին։ Բախտներս բերել է, որ Արայիկ Հարությունյանը նման հրահանգ է իջեցրել։ Բայց մարդը որոշել է իր «դժգույն» անձը կարեւորել նաեւ այս ձեւով՝ ցույց տալով, որ աշխատունակ է, կարողանում է ինչ-որ բան կազմակերպել, չնայած նրա մասին բոլորովին այլ տեղեկություններ են տարածված։
Դրանից մի քանի օր անց՝ դեկտեմբերի 5-ին, «Եվրատեսիլի» միջոցառումների մեկնարկի արարողության օրը, նույնպես նա գնացել է համալիր, դարձյալ լուսանկարներ հրապարակել դահլիճից ու գրել․ «Դահլիճը պատրաստ է ընդունել մանկական մրցույթը։ Պտտեք հրաշքը»։ Ու նորից մենմենակ՝ ողջ պետական հոգսն ուսերին առած։ «Երատեսիլին» առնչություն ունեցող մարդիկ, իհարկե, տարակուսում են, անգամ ծիծաղում, թե ինչ կապ ունի նա մանկական մրցույթի հետ, բայց լռում են՝ մարդը կառավարությունն է ներկայացնում։

Իսկ արդեն հրավառությունից հետո Արայիկ Հարությունյանը մանուշակագույն ֆոնին հրավառության կադր դրեց ու հպարտ հարց ձեւակերպեց․ «Ո՞նց էր»։ Նման հարց կարող է տալ նկարիչը՝ իր նկարի մասին, մայրը՝ իր զավակի, այս դեպքում՝ հրավառությունն անձամբ կազմակերպած մարդը, որ գովեստներ լսի, ու նրա փառասիրությունը շոյվի։ Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ջանը սաղ՝ ստատուսի ներքո մի գովեստների հեղեղ, շնորհակալությունների հրավառություն, հեղինակի հայրենասիրությանն ուղղված ձոներ։

Իսկ մոտ 40 րոպե անց Արայիկ Հարությունյանը «Ֆոտոլուրի» լուսանկարն է տեղադրել իր էջում՝ գրելով․ «Մեր երեխաների տոնական մեկ ամիսը մեկնարկեց»։ Առհասարակ, Արայիկ Հարությունյանին կառավարության ներսում որպես իրական «պարապ գործերի մինիստր» են ընկալում։ Ասում են՝ ոչինչ չի անում, միայն թուղթ է ստորագրում, կառավարում ՊՈԱԿ-ի աշխատանքը, տեսչություններին է հրահանգավորում, բայց դա այնքան էլ կարեւոր չէ՝ կարեւորը, որ Նիկոլ Փաշինյանի վստահելի կադրերից է, կառավարության շենքում է նստում, կաբինետ ու քարտուղարուհի ունի եւ մի հինգ-վեց տեղակալ։