Հանրայինի լրատվականն անցավ ռուբիկոնը. լրագրո՞ղ, թե՞ դատախազ
Նիկոլի Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ հնարավոր է: Ապրիլի 3-ին պատրաստված մի ռեպորտաժ՝ եթեր հեռարձակվելուն պես, վայրկենական ջնջվել է յութուբյան տիրույթից եւ Ֆեյսբուքից: Այն նվիրված է եղել ապրիլյան եւ ղարաբաղյան վերջին պատերազմում զոհված սիսիանցիների հիշատակին: Մեր տեղեկություններով, թողարկումը հանվել է, որովհետեւ կադրերում 2 անցանկալի անձ է երեւացել՝ «Սիսական» ջոկատի հրամանատար, Փաշինյանի կոշտ քննադատ Աշոտ Մինասյանը եւ Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովիվը, որը Փաշինյանին դուրս հրավիրեց եկեղեցուց: Ռեպորտաժը եթերից հանվել է, որ Փաշինյանը հանկարծ, մեր աղբյուրի բառերով, «չտեսնի ու գժվի»: Ահա, այս պայմաններում են աշխատում հանրայինի լրագրողները:
Իսկ մեր գործընկեր Լուսինե Բարսեղյանի՝ Սյունիքի դեպքերի մասին երեկվա ռեպորտաժը դիտելիս մտածում ես՝ ո՞վ է Հայաստանում հավատում, որ ընդդիմադիր մարզի 5 կարեւոր համայնքների՝ Ագարակի, Մեղրիի, Կապանի, Քաջարանի, Գորիսի համայնքապետերը` բոլորը հանցագործ են ու խուլիգան: Որպես ապացույց՝ ներկայացվում էին հատվածներ դատախազության հարուցած քրեական գործերից: Ագարակի նախկին համայնքապետը 3 մլն դրամի վնաս է հասցրել համայնքին, Քաջարանի քաղաքապետը մարդ է առեւանգել ու կրակել ոտքին, Գորիսինը հողեր է զավթել, ապօրինի շինություններ է թույլ տվել, մարդ է ծեծել եւ այլն: Ոչ թե քաղաքապետեր, այլ՝ մի ամբողջ բանդա: Իհարկե, նրանցից ոչ մեկի կամ փաստաբանների կարծիքը ներկայացված չէ: Սա նոր ոճ է նիկոլական լրագրության մեջ, որը մերժում է «անմեղության կանխավարկած» հին ու ծիծաղելի հասկացությունը:
Մեր գործընկեր, Փաշինյանի թերթի նախկին աշխատող, իմքայլական նախկին պատգամավոր Վահագն Թեւոսյանի կինը՝ Լուսինե Բարսեղյանը, նախկինների օրոք իր հրապարակումներում փայլուն ներկայացնում էր ընդդիմադիրների գլխին գործեր սարքելու մեխանիզմը: Որպես լրագրող՝ նա մշտապես ընդդիմադիր կեցվածք է ունեցել: Մի անգամ՝ 2008-ին, նույնիսկ ծեծ է կերել հանուն արդարության: Ասում էր, որ իր վրա հարձակվել են Սամվել Ալեքսանյանի, Մհեր Սեդրակյանի եւ Հովիկ Աբրահամյանի մասին գրելու համար: Ավելի ուշ նա իշխանությունների կողմից հալածվածների հետ հարցազրույցներ էր անում․ լուսահոգի Ճոյտի՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, որին 2015-ին ձերբակալել էին ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությունից առաջ: Կամ՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի, որին 2015-ին ճնշում էին՝ տունն էին շրջափակել, բերման էին ենթարկում՝ ստիպելով հանել թեկնածությունը:
Այսօրվա իրավիճակը, իհարկե, անհամեմատ դաժան է: Ու լրագրողական օբյեկտիվության կարիքն ավելի է զգացվում, քան երբեւէ: Անվտանգության զգացողությունը կորցրած, պատերազմի, հայրենազրկության արհավիրքի առաջ կանգնած, իր անպաշտպանությունից Նիկոլին հայհոյող սյունեցիները գոնե խոսքի իրավունք ունեն: Բայց ռեպորտաժում չկա անգամ մի «սինքրոն», որտեղ սյունեցիներն իրենց կարծիքն ասեն: Երբեմնի ընդդիմադիր լրագրողը նրանց մեղադրում է դատախազի տոնայնությամբ՝ ախրաննիկի պիջակը պատռելու հանգամանքը նշելով որպես դարի հանցագործություն: Իսկ թե ինչպես էին վարչապետի դեմ ակցիաներից հետո ոստիկանները ոտքի տակ գցել ու ոտքերով ծեծում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին, ինչպես էին հիվանդ վիճակում բերման ենթարկել Շուռնուխի գյուղապետի եղբորը, իհարկե, չի լուսաբանում: «Համայնքում մի խումբ քաղաքացիներ փորձել են խոչընդոտել վարչապետի տեղաշարժը՝ բարձր վանկարկումներով, քաշքշուկներով, հայհոյախառն արտահայտություններով: Ակցիայի մասնակիցները բախումներ են հրահրել ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների հետ, պատռել պետական պահպանության պետի կոստյումը»,- ասում է նա: Որպես հանրայինի նախկին աշխատող՝ կարող եմ ասել, որ երբեւիցե հանրայինի պատմության մեջ՝ ո՛չ Տեր-Պետրոսյանի, ո՛չ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի օրոք լրագրողն իրեն թույլ չի տվել ժողովրդին սադրիչ անվանել, եղել են նման արտահայտություններ, բայց միայն պաշտոնական հաղորդագրություններին հղումով: Նիկոլի հանրայինը այս ռուբիկոնն էլ անցավ:
Կարծիքներ