Ինչու՞ հենց Անկախության հռչակագիրը՝ քավության նոխազ․․․

Հայաստանյան ընդդիմադիրների մի քանի տեսակ գոյություն ունի: Մեկը զբաղված է միայն գործող վարչապետի անձը սեւացնելով ու նախորդ՝ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին փեշի տակ առնելով: Երկրորդը զբաղված է նախորդ 20-ամյա ռեժիմի պարագլուխներին՝ երկրորդ եւ երրորդ նախագահներին կսմթելով՝ չնկատելու տալով գործող վարչապետի, մեղմ ասած, անփորձությունը եւ խոսքի անլրջությունը: Կա նաեւ ընդդիմադիրների մեկ այլ տեսակ, որը քիչ է հայտնվում եթերում, մամուլում, իսկ հայտնվելիս սոցցանցեր է պայթեցնում: Այս տեսակը ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների եւ գործող վարչապետի քաղաքական տկարամտության, ձախողումների նմանության եւ տարբերության շղթայական կապն է լուսաբանում:
Սկսենք ՀՀ երկրորդ նախագահից. գալով իշխանության՝ որոշեց իր «գրաճանաչությունը», «քաղաքական հեռատեսությունը» վերաապացուցելու քայլեր իրագործել: Նշենք կարեւորները. ԼՂՀ-ին զրկեց ղարաբաղյան հակամարտության իրավահավասար կողմ լինելու՝ միջազգայնորեն ճանաչված մանդատից (դրանով թուլացրեց հայկական կողմի ուժը, զրկեց ճկունությունից): Ներդրեց մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական կառույց-բիզնես համակցման տեխնոլոգիաներ: «Բարենորոգեց» ՀՀ Սահմանադրությունը, նույնն է թե՝ քանդեց եւ իր հագով նոր Սահմանադրություն վերակարեց:
Անդրադառնանք ՀՀ երրորդ նախագահին: Ընդ որում, ՀՀ երկրորդ նախագահի «բարեփոխումները», որպես ժառանգություն, ի կիրառություն փոխանցվեցին երրորդ նախագահին: Սակայն եկավ ժամանակը (ինչպես երկրորդ նախագահի դեպքում էր), երբ երրորդին էլ սկսեց մտահոգել իր պաշտոնավարման ընթացքը երկարաձգելու խնդիրը: Հիշեց նախորդի արած-չարածը եւ որոշեց նրա նման սկսել Սահմանադրությունից: Փոխվել էին ժամանակները, քաղաքական իրավիճակը նոր խոչընդոտներ էր առաջ բերել: Եթե երկրորդ նախագահն օժտված էր երկիր կառավարելու ինչ-ինչ հմտություններով եւ հաջողել էր ժողովրդավարության անունից Սահմանադրություն փչացնել ու մենատիրական կարգեր հաստատել, ապա երրորդ նախագահն այդ հմտություններից զուրկ էր: Հանրությունը կույր չէր, ըմբռնեց երկու նախագահների կարողությունների տարբերությունը եւ երրորդ նախագահին արժանացրեց «դամ պահող» բարձրագույն կոչմանը, իսկ երկու նախագահներին որակեց որպես Հայաստան եկած օտար մարմիններ՝ խոպանչիներ:
Եկավ ՀՀ երրորդ նախագահի՝ ինքնուրույն քայլ անելու ժամանակը: Ավանդույթ է՝ գրագետ երեւալու, իր կողմից նախատեսվող քաղաքական փոփոխություններին լրջություն հաղորդելու համար պետք էր սկսել ՀՀ Սահմանադրությունից:
Նոր պատճառ հորինվեց՝ փոխել երկրի կառավարման համակարգը: ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը, դարձյալ կացնահարվեց, երկրի կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինվեց խորհրդարանական համակարգով: Ճակատագրի բերումով ՀՀ երրորդ՝ նախկին նախագահի վարչապետական կառավարումը մի քանի օր տեւեց: Կայացավ թավշյա հեղափոխություն, ունեցանք նոր վարչապետ: Ի դեպ, նրա սրտով էին Սահմանադրության թիվ 1, թիվ 2 աղճատումները, բայց՝ ոչ բավարար: Փորձեց հիմնավորել, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների մոտ բացակայել է պետական մտածողությունը: Գուցե դա էր պատճառը, որ փուռը տվեցին Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի ոճրագործությունների դատավարությունները:
Անցած հինգ տարիները քիչ չէին՝ համոզվելու համար, որ նոր վարչապետի մոտ էլ բացակայում է պետական շահի գիտակցումը, քանզի հետեւեցին բազում ճակատագրական սխալներ՝ ահռելի կորուստներով: Հայաստանի արտաքին իրավաքաղաքական դաշտից լիովին օտարվեց ղարաբաղյան խնդիրը եւ նվիրաբերվեց գերտերությունների շահերի սպասարկմանը: Սկիզբ առան մեծ ու փոքր պատերազմները, մարդկային, տարածքային կորուստները, մեծացան Հայաստանին ուղղված արտաքին ճնշումները, միջազգային իրավունքի ազգային ինքնորոշման կոնցեպտը փոխարինվեց մարդասիրական օգնության մտապատկերով (տեսլական): Ժամանակն անողոք է: ՀՀ վարչապետի մտահոգությունները հանկարծ հանգեցրին ՀՀ Սահմանադրության որոշ կետեր վերանայելու խնդրին: Սակայն ՀՀ Սահմանադրությունը նորից «բարեփոխելու» համար կարծես թե արգելք հայտնվեց:
Դա 1990-ի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության հռչակագիրն է: Այսինքն՝ արտաքին ճնշումները մեղմելու համար անհրաժեշտ է Հռչակագրի գոնե 2 կետ վնասազերծել, որից հետո կա´մ ՀՀ Սահմանադրությունից հանել Հռչակագրին ուղղված հղումը, կա՛մ թողնել տեղում, բայց հղումը լինի Հռչակագրի փոփոխված տեսակին: Ներկա դրությամբ տարփոխվում է Հռչակագիրն աղճատելու գաղափարը, որի իրականացմանը կհետեւի ՀՀ Սահմանադրության երրորդ «բարեփոխումը»: Այս ամենից հետո իրավիճակը գուցե «հանդարտվի», բայց կունենանք ստերջացված երկու «քաղաքական» փաստաթուղթ՝ չակերտավոր Անկախության հռչակագիր եւ չակերտավոր Սահմանադրություն: Իսկ ամենակարեւորը՝ կբացվեն նոր «վնասազերծումների» հնարավորություններ:
Այսքանը: Ավարտենք ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների եւ գործող վարչապետի՝ երկրի կառավարման քաղաքական ձեռագրերի համեմատական տարբերությունների եւ ընդհանրությունների սեղմ շարադրանքը:
ՀԳ. Գուցե սա՞ է «Երկիրը քոքից մաշըցնելու» ռազմաքաղաքական մարտավարության խորհուրդը…
Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Կարծիքներ