Որեւէ արտառոց բան չի եղել

Որեւէ արտառոց բան չի եղել

Կիրակի օրը տեղի ունեցավ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ ընտրվեց վարչության նոր կազմ։ 
Նոր վարչության կազմում չի ընդգրկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ 

Ինքը՝ Զարուհի Բաթոյանը, իր չընտրվելը պատճառաբանում է հետեւյալ կերպ․ «Ընտրությունները հենց նրա համար են, որ ոմանք ընտրվեն, ոմանք էլ չընտրվեն։ Կան մարդիկ, որոնք ընտրվում են, կան մարդիկ, որոնք վերընտրվում են, կան մարդիկ, որոնք չեն ընտրվում։ Ես կարծում եմ, որ որեւէ արտառոց բան չի եղել։ Ի վերջո, շատ երկար ժամանակ «ՔՊ» ակտիվ անդամները մասնակցության կամ որոշումների կայացման  վրա ազդելու առումով լրջորեն տարանջատված չեն։ Եթե մարդն ակտիվ է, կարող է միշտ էլ մասնակցել դրանց։ Վարչության նիստերն էլ բաց են, այդ առումով լուրջ տարբերություն չեմ տեսնում»։ 
Զարուհի Բաթոյանն այդ առումով «ՔՊ»-ի վարչության կազմում չընդգրկվելը լուրջ խնդիր չի համարում։ 

Կա՞ն մարդիկ, որոնց՝ «ՔՊ»-ի վարչության կազմում ընդգրկվելն իր համար անսպասելի է եղել։

«Չկա որեւէ մեկը, որի՝ կուսակցության վարչության նոր կազմում ընդգրկվելն ինձ համար անսպասելի լինի։ Բոլորին համարում եմ պրոֆեսիոնալներ, պատրաստված մարդիկ ։ Նրանց մի մասը նախկին վարչության կազմն է։  Ինձ համար լրացուցիչ խնդիրը կանանց մասնակցությունն է, որը կարծում եմ, բավականին քիչ է։ Սակայն մասնակիցների թվում էլ կանայք քիչ էին։ Մենք այդ առումով աշխատելու տեղ ունենք եւ լուրջ անելիքներ։ Այդ առումով պետք է խրախուսենք, որ կանայք ավելի շատ ներգրավված լինեն քաղաքականության մեջ»,- նշեց Զարուհի Բաթոյանը։