Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին 2 նախագահները ԼՂ հարցով հանդիպում-խորհրդակցություն են ունեցել

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին 2 նախագահները ԼՂ հարցով հանդիպում-խորհրդակցություն են ունեցել

Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հանդիպել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 195 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։