2024-ը՝ լեզվին զոռ տալու և ոչինչ չանելու տարի
Հարևաններիս շրջանում ամանորյա աշխուժություն մտցնելու նպատակով մի քանի օր առաջ շքամուտքերի մոտ հետևյալ անստորագիր գրությունն էի փակցրել. «2024 թվականը մոտենում է ավարտին, իսկ մենք դեռ չենք որոշել անցնող տարվա ամենանշանավոր իրադարձությունը: Սովորաբար հենց ամենանշանավոր ու ամենաակնառու իրադարձություններով են բնորոշվում անցնող տարիները: 2024 թվականի համար մի տեսակ առանձնացնելու բան չկա: Ինչպե՞ս անվանենք այն՝ տիեզերքի նվաճման տարի՞: Մեր ծիծաղն էլ կգա մեզ վրա: Իսկ գուցե բարենորոգումների՞ տարի: Ի՞նչ կա որ: Այնքան բարենորոգում որ ձեռնարկել է Նիկոլի կառավարությունը, Հայաստանի պատմության մեջ ոչ մի կառավարություն չի ձեռնարկել: Ի՞նչ անենք, որ Նիկոլի կառավարությունը ոչ մի բարենորոգում դեռ ավարտին չի հասցրել, շատերի մասին նույնիսկ մոռացել է, բայց մի՞թե կարևորը դրանք նախաձեռնելը չէ:
Մի հատ նայեք պաշտպանության ոլորտը, կրթության ոլորտը, առողջապահության ոլորտը, ոստիկանության ոլորտը, արդարադատության ոլորտը, քննչականը, հակակոռուպցիոնը, տրանսպորտի ոլորտը նայեք վերջապես… Նիկոլի կառավարությունը նույնիսկ մեր երկրի օրենսդիր իշխանությունում է բարենորոգումներ նախաձեռնել՝ էլ Ընտրական օրենսգիրք բարեփոխել, էլ օրհներգ, էլ Սահմանադրություն, էլ հռչակագիր: Բարեփոխումների տարի՝ հենց այսպես էլ կանվանենք 2024 թվականը: Ի՞նչ կասեք»:
Հիմա փակցրել եմ ու սպասում եմ արձագանքների: Դրանք չուշացան: Վրա երկրորդ օրը մեր հարևան Շմավոնը դուռը ծեծեց: Բացեցի.
-Տանն ե՞ս…
-Չէ, Շմավոն գործի եմ: Չես տեսնո՞ւմ, որ տանն եմ: Ի՞նչ կա:
-Հեչ, էլի էդ ՔՊ-շնիկները թուղթ են կպցրել պադյեզդում:
-Ի՞նչ թուղթ:
-Հրես…
Ինձ մեկնեց թղթի պատառոտված ու ճմրթված կտորը:
-Պոկե՞լ ես…
-Չես տեսնո՞ւմ, որ պոկել եմ…
-Տեսնում եմ, բայց ինչո՞ւ…
-Տես, թե ինչեր են գրել… Թե բա՝ 2024 թվականն անվանենք բարեփոխումների տարի:
-Ինչի՞ հետ համաձայն չես, Շմավոն: Քո շուրջը քի՞չ բան է բարեփոխվել:
-Էդ բառը մյուս անգամ չասես: Ամեն ինչ այլանդակել են՝ անունը դրել բարեփոխում: Ես սրանց… Հո տանը մարդ չկա… Ես սրանց…
Ներողություն եմ խնդրում իմ ու Շմավոնի զրույցի վերջին մասը չհրապարակելու համար: Կարմրել էր՝ ոնց որ քուրայից հանած երկաթ:
-Սպասիր Շմավոն, իսկ ինչի՞ց հասկացար, որ ՔՊ-շնիկներն են դա գրել, ստորագրություն կա՞:
-Բա էլ ո՞վ…
-Եսիմ, բակում քիչ պարապ-սարապ թրև եկող կա՞: Համ էլ ՔՊ-շնիկներն ինչո՞ւ պետք է ավելորդ տեղը գրգռեին մարդկանց՝ բարեփոխում, բա՜ն…
Իմ հայտնած մտքից Շմավոնը մի թեթև հանգստացավ.
-Դա չէի մտածել… Բայց մեկ ա, ես դրանց…
Հետագա 2-3 օրերին պարզվեց, որ հարևանությունը լավ էլ քննարկում է իմ փակցրած կոչ-հայտարարությունը: Թքող-մրողներ էլ կային, համաձայնություն տվողներ էլ, բայց ոչ մի կերպ չէին կարողանում կենտրոնանալ բուն հարցի վրա՝ եթե ոչ «բարենորոգումների տարի», ապա ինչ տարի հռչակել անցնող 2024 թվականը: Վռամի համար, օրնակ, «Ժիգուլին» «Օպելով» փոխելու տարի էր 24-ը, Վալոդն այս տարի առաջին անգամ Եգիպտոս է գնացել, Սիրուշի մարդը՝ Երջոն, նոյեմբեր ամսվա կոմունալներն առաջին անգամ հեռախոսով մուծել ու գոհ է մնացել… Քաղաքական բնույթի առաջարկներ, ինչի ակնկալիքն ունեի, մեծ հաշվով չկային: Տեսա էլ ճար չկա, որոշեցի անձամբ միջամտել «բանավեճին».
-Ես կառաջարկեի 2024 թվականն անվանել աննախադեպ թանկացումների տարի: Ի՞նչ կասեք:
-Ապրանքն ամբողջ աշխարհում է թանկացել,- չհամաձայնեց Սերոբը,- խեղճ Նիկոլն ի՞նչ անի:
-Ո՞նց թե ինչ անի,- աշխուժացավ Սաքոն,- թող գլուխը պատին տա, ոսկի սարեր էր խոստանում, ինչ անի՞, թող քիչ տույժ ու տուգանք հավաքի, քիչ պրեմիա տա, թող թոշակ բարձրացնի… Ջուրն ու հոսանքն ի՞նչ կապ ունեն աշխարհի հետ, դա էլ հո մերն է, ինչո՞ւ է թանկացնում: Տրանսպորտի մասին էլ չեմ խոսում: Երկու քոսոտ ավտոբուս են բերել՝ զարմացրին… Նիկոլը չի կարո՞ղ «դատացիա» տալ Ավինյանին, որ չթանկանա:
-Դատացիա չի Սաքո ջան, դոտացիա է,- ուղղեցի նրան:
-Թող դոտացիա լինի… Ինքը հավաքում է, կնիկը հավաքում է, պետությունն էլ ջոկ է կլպում… Կերան էլի էս ժողովրդին:
Ես, ինձ հետ էլ մի քանի հոգի, գլխով արինք Սաքոյի ասածներին: Մարդը ճիշտ բաներ էր ասում: Բայցևայնպես ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեկանք տարվա անունը որոշելու հարցում:
Հաջորդ օրը տանը նստած էի, մեկ էլ Շմավոնը զանգեց.
-Գտել եմ:
-Ի՞նչը:
-Տարվա անունը:
-Ե՞վ…
-ՔՊ-ի տարի:
-Այսի՞նքն…
-Այսինքն՝ լեզվին զոռ տալու և ոչինչ չանելու տարի:
-Սիրով կհամաձայնեի, Շմավոն ջան, բայց այնպես էլ չէ, որ 24 թվին միայն ՔՊ-ն է լեզվին զոռ տվել ու ոչինչ չի արել:
-Ի՞նչ ես ուզում ասել դրանով, Սրբազան շարժումը մենք չարի՞նք:
-Մենք արինք, բայց Նիկոլն էլ Կիրանցը տվեց:
-Լավ, բա ի՞նչ անուն տանք էս տարվան,- խեղճացավ Շմավոնը:
-Եսիմ, ինձ որ մնա կասեմ՝ Հովիկ Աղազարյանի տարի:
Ծիծաղեց.
-Վատ էլ չի լինի…
Կարծիքներ