«Գլուխը բացելուց հետո լեզվի տակից հանել են փամփուշտ»

«Գլուխը բացելուց հետո լեզվի տակից հանել են փամփուշտ»

Սասնա ծռերի գործով հարցաքննվեց նաև ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրա Տեփանոսյանի քավորը` Տիգրան Գրիգորյանը, որը նախկինում գործում ներգրավվել էր, որպես սպանվածի ներկայացուցիչ:

Գրիգորյանը դատարանում ասաց, որ մասնակցել է Տեփանոսյանի դիահերձմանը. «Գլուխը բացելուց հետո լեզվի տակից հանել են փամփուշտ, թաղմանն եմ մասնակցել, ընտանիքի կողքին եմ եղել, այդքան բան»:

Գրիգորյանն ասաց, որ տեղեկություններ ունի, որ Տեփանոսյանին վերևից դիպուկահարով կրակել են: Մեղադրողի հարցին, թե որտեղի՞ց այդ տեղեկությունները, ասաց, որ այդ տարածքից է լսել. «Նստածա եղել հետևի նստարանին, իրենց ասելով բացի Տեփանոսյանից մեքենայի մեջ ևս երեք անձ է եղել»։

Տիգրան Գրիգորյանն ասաց, որ իր ներկայությամբ թույլ չի տվել խոսել, քննարկել Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին. «Մարմնի վրա բացի հրազենային վնասվածքից այլ վնասվածքներ չեն եղել»:

Պավել Մանուկյանը հարց հղեց Գրիգորյանին, թե արդյոք զենքներն իրարից տարբերո՞ւմ է, տեսե՞լ է գնդակը ինչ տեսակի հրազենի է պատկանում. «Էդ րոպեին իմ աչքի դեմը բացել են, գրել են, 7.62 տրամագիծ ուներ»:

Պավել Մանուկյանը հարցրեց, եթե պարկուճը տեսնեք, կտարբերե՞ք, քանի որ դրանից ճակատագիր է կախված, նա տվեց դրական պատասխան։