Ընդդիմադիրները հանդիպել են Էդգար Ղազարյանին. ի՞նչ են քննարկել նրանք

Ընդդիմադիրները հանդիպել են Էդգար Ղազարյանին. ի՞նչ են քննարկել նրանք

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ընդդիմության մի քանի ձախողված շարժումներից հետո, Էդգար Ղազարյանը նախաձեռնել է նոր «Անկախություն» շարժումը, որը նախատեսում է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի աթոռից: Ղազարյանն էլ երեկ մեզ հետ զրույցում նշել է, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանը հենց օգոստոսի 23-ին հրաժարական կներկայացնի, քանի որ այսպես շարունակվել չի կարող, «դանակը ոսկորին է հասել»։ 

Այսօր մենք տեղեկացանք, որ Ղազարյանը հանդիպում է ունեցել ընդդիմադիր մի շարք գործիչների, այդ թվում՝ ՀՀԿ ներկայացուցիչ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի և դաշնակցական Հրայր Կարապետյանի հետ: Այն հարցին, թե ինչ են քննարկել հանդիպմանը, Էդգար Ղազարյանը նշեց, որ դա եղել է աշխատանքային հանդիպում և քաղաքական բովանդակություն այդտեղ պետք չէ փնտրել:

«Դա եղել է զուտ ընկերական հանդիպում, քննարկվել են գործնական, ոչ թե քաղաքական հարցեր: Քաղաքական գործընթացների մասին ես կսկսեմ խոսել երկուշաբթի օրվանից: Այս ընթացքում տարբեր հանդիպումներ եմ ունենում, որոնց բովանդակության մասին այսօր խոսել չեմ ցանկանում: Մենք հասարակությունից թաքցնելու ոչինչ չունենք, սակայն այժմ անիմաստ է ինչ-որ բան ասելը», - նշեց Ղազարյանը:

Այն հարցին էլ, թե չքննարկեցի՞ք շարժմանը վերաբերող կոնկրետ հարցեր, շարժմանը չե՞ն միանալու արդյոք ընդդիմադիր այս գործիչները, Ղազարյանն ընդգծեց. «Ես չեմ կարող ասել, թե ով կմիանա ինձ, միայն նրանք կարող եմ ասել, կմիանա՞ն, թե՞ չեն միանա: Ես ոչ մեկին հատուկ առաջարկություն չեմ արել: Հրապարակային նախաձեռնությամբ եմ հանդես եկել, ով հարմար կգտնի, կմիանա, ով էլ չէ, չէ: Արտակ Զաքարյանն ու Հրայր Կարապետյանն էլ հո կուսակցության ղեկավարներ չեն, որ ինձ միանալու առաջարկությամբ հանդես գան: Նման հայտարարություններ պետք է անեն կուսակցություններն, այլ ոչ թե անհտաները: Արտակ Զաքարյանի հետ ես շատ հին ընկերական հարաբերություններ ունեմ», - իր խոսքը եզրափակեց Ղազարյանը:

Արտակ Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Էդգար Ղազարյանի շարժում ստեղծելու գաղափարը ողջունում է, սակայն տեղի ունեցած հանդիպումն անձնական է եղել, քաղաքական հարցեր չեն քննարկվել և այն մեզ հետ զրույցում Զաքարյանը մանրամասնել չցանկացավ: