Ջհանգիրյանի քվեարկությունը ոգեւորել է Փաշինյանին

Ջհանգիրյանի քվեարկությունը ոգեւորել է Փաշինյանին

Հաստատվեցին մեր տեղեկություններն առ այն, որ իշխանությունն Ազգային ժողովի ինքնալուծարման սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակում, որը հնարավորություն է տալու առանց վարչապետի հրաժարականի, պատգամավորների քվեարկությամբ ազատ արձակել խորհրդարանը եւ գնալ արտահերթ ընտրությունների։ Երեկ այս «աչքալուսանքը» նախ տարածվեց իշխանական լրատվամիջոցով, ապա իմքայլականները խելոք-խելոք հաստատեցին տեղեկությունը։

Մինչդեռ անցած շաբաթ, երբ մենք նյութ էինք պատրաստում այս թեմայով, իմքայլականները չքմեղանում էին՝ ձեւացնում, թե չկա նման նախագիծ։ 

Երեկվա դրությամբ նախագիծը դեռ որեւէ տեղ չի հրապարակվել, ավելին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը խմբակցության հրավիրած հրատապ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա դեռեւս գաղափար է, այն իր գաղափարն է, ու չբացառեց, որ փակ նիստի ընթացքում խմբակցությունը գուցե մերժի այն։

Այդուհանդերձ, որոշակի սահմանումներ հրապարակվեցին նախագծից, համաձայն որի՝ առաջարկվում է նաեւ ամրագրել, որ «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ն արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո)»։

Հիշեցնենք, որ գործող Սահմանադրությամբ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում  պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրվում նոր վարչապետ:
Սակայն ընդդիմադիրները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել: Այս նախագիծն օրակարգ բերելով՝ Փաշինյանը մատնում է նաեւ իր վախերը, որ իր հրաժարականից հետո իմքայլականները կարող են այլ վարչապետ ընտրել։ Սակայն խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում ընդունելու համար պահանջվում է 88 պատգամավորի կողմ քվե, եւ «Իմ քայլում» շատերն են վստահ, որ Փաշինյանը չունի այդքան մարդ։

88 հոգանոց խմբակցությունից հինգը դուրս են եկել, մնացել են 83-ը։ Եթե 83 պատգամավորին գումարենք Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո գործող Արման Բաբաջանյան- Սերգեյ Բագրատյան «անկախների» դուետը, միեւնույն է, պահանջվող թիվը չի ապահովվում։ Իմքայլական մեր աղբյուրները կարծում են, որ ճիշտ չէ գործընթացները պայմանավորել նման չոր հաշվարկներով։ Ուշադրություն են հրավիրում ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի քվեարկությանը․ գաղտնի քվեարկությամբ սկանդալային «գոմատիրոջը» 86 պատգամավոր է կողմ քվեարկել, այն դեպքում, երբ նիստից բացակայում էին Սասուն Միքայելյանն ու «դեկրետի» մեջ գտնող Սոնա Ղազարյանը, իսկ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ընդհանրապես չմասնակցեցին քվեարկությանը, ինչը նշանակում է, որ կողմ է քվեարկել «Իմ քայլից» դուրս եկած մի քանիսը։

Սակայն այս քվեարկությունը, մեր աղբյուրի վկայությամբ, «դուխավորել» է Նիկոլ Փաշինյանին, որ վտանգավոր նախագիծը բերի խորհրդարան։ Փաշինյանը, ով նախկին եւ հետպատերազմյան շրջանում շուրջօրյա ռեժիմով կոմպրոմատային կախվածության մեջ է պահում անհնազանդ իմքայլականներին, կարողացավ Ջհանգիրյանի նման վիճելի անձնավորության համար այդքան ձայն ապահովել եւ հիմա մտածում է, որ նույն արդյունքը կկարողանա ունենալ նաեւ իրեն այնքան անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների դեպքում։

Սակայն թիմակիցներն անգամ կարծում են, որ Ջհանգիրյանին կողմ քվեարկելը նույնը չէ, ինչ սեփական դատավճիռը կարդալը՝ իսկ այդ օրինագծով «Իմ քայլը» կկորցնի պատգամավորի բարձր կարգավիճակը՝ հույս չունենալով, որ կարող է հայտնվել հաջորդ խորհրդարանում։ 2018 թվականից կենսագրություն ձեւավորած մարդկանց մի զգալի խումբ չի համաձայնի հեշտությամբ հրաժեշտ տալ իր անհոգ կյանքին եւ հնարավորինս կձգի խորհրդարանի գոյությունն ու պատգամավորի իր կարգավիճակը։

Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստում Վահագն Հովակիմյանի գաղափարը քննարկվել է հպանցիկ։ Մեզ ասացին, որ գուցե պատճառը պատգամավորների կեսից ավելիի բացակայությունն էր, ինչը թերեւս վերաբերմունք է մշակվող սցենարի։

Իսկ ներկաներն էլ Հովակիմյանին դիվանագիտորեն են մերժել՝ ասելով, որ նախ պետք է ընդդիմության հետ կոնսենսուսի գալ արտահերթ ընտրությունների հարցի շուրջ, նոր մտածել խորհրդարանը լուծարելու մասին։ Այլ կերպ ասած՝ չի կարող խորհրդարանի ազատ արձակումն ինքնանպատակ լինել։ «Բա որ ընտրություններին հիմնական ուժերը բոյկոտե՞ն, ճգնաժամն էլ ավելի կխորանա»,- ասել են նրանք։