Ո՞վ կփոխարինի Արամ Վարդևանյանին Ազգային ժողովում

Ո՞վ կփոխարինի Արամ Վարդևանյանին Ազգային ժողովում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր հայտարարեց, որ վայր է դնում իր պատգամավորական մանդատը և վերադառնում է փաստաբանական գործունեությանը։

Մեզ հասած լուրերով՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշինքի ցուցակում խորհրդարան անցնելու հաջորդ թեկնածուն ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։ Սակայն մեր աղբյուրը հայտնեց, որ Ռուբեն Մելքոնյանը չի պատրաստվում վերցնել պատգամավորական մանդատն ու գնալ Ազգային ժողով։ Սակայն մեզ հետ զրույցում նա նշեց, որ դեռևս բավականին ժամանակ կա ու իր որոշման մասին հանդես կգա հայտարարությամբ։

«Դեռ ժամանակ կա, երբ որ ավելի կոնկրետ կլինի, ես համապատասխան հայտարարություն կանեմ, հիմա որևէ բան չեմ ուզում ասել»,-ասաց Մելքոնյանը։

Փորձեցինք հստակեցնել, ավելի շատ հակվա՞ծ է խորհրդարան գնալուն, թե՞ մտադիր է հրաժարվել, ինչին վերջինս պատասխանեց, որ երբ պարզաբանում ներկայացնի հանրությանը, այն ժամանակ հստակ կհիմնավորի իր որոշումը։

«Հայտարարության մեջ ամեն ինչ կասեմ ես, թող ժամանակը գա՝ ամեն ինչ կասեմ։ Դեռ մի շաբաթ կարծեմ ոնց որ պետք է անցնի, կարծեմ ինձնից առաջ մեկն էլ կա՝ թող ժամանակը գա, ուղղակի շտապողականություն չդրսևորենք։ Կարևորը մի բան է, որ երբեք պաշտոնամոլությունը ինձ համար առաջնահերթություն չի և ես իմ պետության ու հայրենիքին պետք է ծառայեմ, ու պատրաստ եմ ծառայել այնտեղ, որտեղ ավելի շատ օգուտ կարող եմ տալ»,- ասաց Մելքոնյանը։
Իսկ կարո՞ղ է արդյոք Ազգային ժողովը հենց այդպիսի վայր դառնալ, որտեղ հնարավոր է ավելի շատ օգուտ տալ, Մելքոնյանը կրկին խուսանավեց, հորդորելով սպասել՝ մինչև ինքը հայտարարությամբ հանդես կգա։

ՀԳ․ Իսկապես՝ «Հայաստան» դաշինքի ցուցակի հաջորդ՝ անցողիկ համարը 36-րդ հորիզոնականում գտնվող Ռիմա Ղազարյանն է, ով «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժիշկ-ներզատաբան է։ Սակայն դաշինքում խոսում են, որ ամենայն հավանականությամբ կքննարկվի Ռուբեն Մելքոնյանի թեկնածությունը։