Գոնե 13 մահճակալ. ի՞նչ են խնդրել վարչապետից Գյումրու հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատողները

Գոնե 13 մահճակալ. ի՞նչ են խնդրել վարչապետից Գյումրու հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատողները

Հանրապետության տարբեր մարզերում գործող հակատուբերկուլյոզային դիսպանսերները փակելու և բժշկական ծառայությունը միայն մեկ կենտրոնում` Աբովյան քաղաքում գտնվող հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերում իրականացնելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը կյանքի է կոչվում: Արդար լինելու համար նշենք, որ նախագիծը նախորդ կառավարությունն էր մշակել, իսկ ներկայիս կառավարությունն այն իրագործում է: Փակվելու են այն բաժանմունքները, որոնք աշխատում են թերբեռնված, եղած հիվանդներն էլ ուղեգրվում են հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր: 

Ներկայումս Շիրակի մարզում ընթանում են «Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոց» ՓԲԸ-ի հակատուբերկուլյոզային բաժանմունքի փակման աշխատանքները: Հիմնավորումն այն է, որ Գյումրիի բաժանմունքը թերբեռնված է՝ այն 35 մահճակալ ունի, որոնք ամիսներով դատարկ են:

Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը մեզ հետ զրույցում նշեց, որ բաժանմունքի փակման արդյունքում աշխատանքից կազատվի 19 բուժաշխատող: «Մինչև դեկտեմբերի 31-ը բաժանմունքը լուծարվելու է: Մարզպետարանը հետաքրքրվում է աշխատողների հարցերով, տեսնենք՝ կհաջողվի՞ նրանց մարզի այլ բուժհաստատություններում տեղավորել, թե՞ ոչ: Այս պահին ստացիոնար բուժվող հիվանդներ ունենք. 7 հոգի պառկած են, որոնցից 3-ը՝ բացիլակիր: Որևէ այլ բան չեմ կարող ասել»,- hraparak.am-ին ասաց նա: Մեր հարցին, թե բուժանձնակազմն այդ առիթով նամակ էր հղել վարչապետին, որևէ պատասխան ստացե՞լ են, տնօրենը  պատասխանեց. «Նամակը բուժքույրերն են գրել, ես տեղյակ չեմ, պատասխանն իրենց պետք է գար»: Բուժքույրերից տեղեկացանք, որ վարչապետին խնդրել են լուծարելու փոխարեն կրճատել մահճակալների թիվը՝ 35-ը դարձնելով գոնե 13, որի դեպքում գործազուրկ չեն դառնա, քանի որ 13 հիվանդին 1 բուժքույր է սպասարկում: Պատասխան ստացել են ոչ թե վարչապետից, այլ՝ առողջապահության նախարարությունից, որում հստակ նշված է, թե հիվանդների քիչ լինելու պատճառով հիվանդանոցն օպտիմալացվում է։

Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատողները դեռ մեկ տարի առաջ աշխատանքը կորցնելու վտանգը զգացել են, երբ նմանատիպ ծանուցում են ստացել: Դիմել էին Շիրակի մարզպետարան, հանդիպել փոխմարզպետի հետ եւ մեծ ակնկալիք ունեին, որ այս օրը չի գալու, բայց ավաղ…: 

Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի լուծարումը, մասնագետներից ոմանց կարծիքով, դժվարին կացության մեջ կդնի առաջին հերթին ազգաբնակչությանը: Տուբերկուլյոզը, որն առավել հայտնի է որպես սոցիալական հիվանդություն, Հանրապետության ամենից աղքատ մարզում  տեղում բուժման եւ կանխարգելման շնորհիվ վերջին տարիներին  նահանջ է գրանցել:

«Ես վարակվեցի Ռուսաստանում, երբ արտագնա աշխատանքի էի մեկնել, վերադարձա հյուծված, շատ ծանր վիճակում. բազմաօրգանային տուբերկուլյոզ էի: Պարտադիր պիտի երկար պառկեի: Ինձ էստեղ բուժեցին, ես չեմ ասում, որ բուժվելու համար Աբովյան չէի գնա, կգնայի՝ աշխարհի ծերը չէր, բայց կինս աշխատե՞ր, երեխեքին պահե՞ր, թե՞ օրական էդքան ճամփա կտրեր, որ ինձ տաք սնունդ ու հագուստ հասցներ, իհարկե, չեմ ուզում պատկերացնել, թե ինչքան դժվար էր լինելու»,-անկեղծորեն պատմեց տարիներ առաջ բուժված հիվանդներից մեկը: