Հերքումների ծավալուն շարք՝ Ստամբուլյան կոնվենցիային վերագրվող վտանգների մասին

Հերքումների ծավալուն շարք՝ Ստամբուլյան կոնվենցիային վերագրվող վտանգների մասին
Մարիա Կարապետյան, ստամբուլյան կոնվենցիա

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ


- Տեղեկություններ կան, որ Ստամբուլյան կոնվենցիային նվիրված «Իմ քայլի» եւ արդարադատության նախարարի հանդիպման ընթացքում մեծամասնությունը դեմ է արտահայտվել կոնվենցիայի վավերացմանը, ու հնարավոր է կոնվենցիան չվավերացվի։ Առանձին պատգամավորներ վերջին օրերին նույնպես հրապարակայնորեն չեն թաքցնում անհամաձայնություններն այդ կոնվենցիայի վերաբերյալ։ Դուք մշտապես կողմ եք արտահայտվել բռնության դեմ ցանկացած ձեռնարկի, այդ թվում՝ կոնվենցիայի վավերացմանը, կարո՞ղ ենք ասել, որ մեծամասնությունն իրավիճակ է փոխել, ու կոնվենցիան չի վավերացվի։

- Բոլոր հնչած կարծիքները պատգամավորների առանձին կարծիքներն են։ Որպես խմբակցություն՝ մենք դեռեւս չենք ձեւավորել միասնական որոշում հարցի վերաբերյալ։ Կոնվենցիան երկար ճանապարհ ունի անցնելու, մինչ Ազգային ժողովի օրակարգ մտնելը՝ Սահմանադրական դատարան, կառավարության բոլոր փուլերը, այնպես որ՝ դեռ երկար ժամանակ ունենք քննարկելու։

- Այդուհանդերձ, ձեր խմբակցությունում գերակշռո՞ւմ են կոնվենցիայի նկատմամբ բացասական դիրքորոշումները, եւ դուք՝ որպես հակառակ դիրքորոշման կողմնակից, փորձելու եք նախեւառաջ ձեր թիմակիցների՞ն լուսավորել, որ կոնվենցիան «գոմիկների մասին օրենք» չէ, ինչպես շատերն են արտահայտվում մասնավոր զրույցներում։

- Չեմ մեկնաբանի որպես արտահոսք ներկայացվող դիտարկումները, քննարկումները, բոլոր դեպքերում, պետք է շարունակվեն։ Որովհետեւ սա ոչ միայն կոնվենցիային վերաբերող հարց է, այլեւ մեր հանրության մեջ միջանձնային ներհասարակական հարաբերությունների բռնության մերժման հարց է, ինչն արդեն իսկ հանրությունը մեծամասամբ արել է թավշյա հեղափոխության օրերին, դրան հաջորդող ամիսներին։ Ներհասարակական կոնսենսուսը ձեւավորում է, եւ դա պետք է շարունակենք՝ անկախ կոնվենցիայի վավերացումից։ Այդ երկխոսությունը, առողջ բանավեճը պետք է անել առանց շահարկումների, ներքին մեկնաբանությունների, առանց կոնվենցիային վերագրումների։

- Եթե խնդիրն ընդամենը բռնության մերժումն է, ինչո՞ւ խմբակցությունում միանշանակ կարծիք չի ձեւավորվել, կա՞ն կոնվենցիայում հակազգային նյուանսներ, հակասահմանադրական դրույթներ։ 

- Բռնության մերժումն այն փոքր հայտարարն է, որ մենք ունենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում, ինչպես նաեւ մեր նախընտրական ծրագրում՝ որպես կառավարող ուժ։ Դրա շուրջ կա կոնսենսուս։ Քննարկումները կոնվենցիայի նպատակահարմարության վերաբերյալ են ու պետք է շարունակվեն, մինչեւ հասկանանք՝ ինչի մասին է կոնվենցիան, բոլորս գանք նույն էջի վրա ու նույն ընկալումն ունենանք։

- Ի վերջո, ինչի՞ մասին է կոնվենցիան, կա՞, օրինակ, երրորդ սեռի գոյության ամրագրում, եւ արդյոք դրա վավերացումը կանաչ ճանապա՞րհ է բացելու սեռական փոքրամասնությունների առջեւ, ինչպես արդեն ընդունված է ասել, դա «գոմիկների մասին» կոնվենցիա է։

- Կա հերքումների ծավալուն շարք, թե ինչի մասին չէ կոնվենցիան։ Կոնվենցիան «երրորդ սեռ» ձեւակերպում չունի, ավելին՝ ոչինչ չի ասում, որը կարող է այդպես մեկնաբանվել։ Այդպես է մեկնաբանվում կոնվենցիայի մեջ «գենդերային» բառի օգտագործումը, եւ այդ բառի սահմանումը չափազանց պահպանողական է կոնվենցիայի մեջ։ Կոնվենցիան ասում է, որ գենդերային դերերը դա հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց վերագրվող պատեհ դերակատարումներն են, «պատեհ» բառը հատուկ շեշտում եմ, այսինքն՝ երրորդ սեռ չկա ձեւակերպումների մեջ, եւ այն, ինչ մեկնաբանվում է, աբսուրդի ժանրից է։ Հաջորդը՝ կոնվենցիան չի վերաբերում ամուսնությունների կամ ընտանիքի ձեւակերպմանը։ Այսինքն, կոնվենցիան պետություններին բացարձակ ոչինչ խորհուրդ չի տալիս, թե ինչպես պետք է իրենք սահմանեն՝ ինչ է ամուսնությունն ու ընտանիքը։ Այսինքն՝ գործ ունեն այն իրավական կարգավորումները, որոնք սահմանում են՝ ինչ են ամուսնությունն ու ընտանիքը, հետեւաբար, մեր օրենքներով ու Սահմանադրությամբ սահմանվածն է ընդունվում ի գիտություն։ Այն, ինչ մեկնաբանվում է՝ իբր  միասեռականների ամուսնության իրավական սահմանում է տալիս կոնվենցիան, շահարկում է, քանի որ կոնվենցիան առհասարակ ամուսնության եւ ընտանիքի մոդելի իրավական սահմանում չի տալիս։ Այն ընդամենը ասում է, որ բացի ՔԿԱԳ-ում գրանցված ամուսնություններից, գոյություն ունի նաեւ ներտնային բռնություն, այսինքն՝ նույն տանիքի տակ, տնային միավորման մեջ ապրող բարեկամների միջեւ բռնության դեպքերում նույնպես տվյալ քաղաքացիները կարող են օգտվել այն իրավական կարգավորումներից, որը պետությունը կունենա։

- Իսկ ինչո՞ւ է կոնվենցիան ստացել «գոմիկների մասին օրենք» անվանումը, ի՞նչ է սահմանվում այս դաշտում։

- Ես կառաջարկեի, որ նման ձեւակերպումներից զերծ մնայիք, քանի որ, ինչպես ասացի, կոնվենցիան միասեռականության մասին չէ, դրա իրավական ճանաչման մասին չէ, այլ բաների մասին է։ Իրականում տեղի է ունենում պարզ շահարկում, ընտրվել է զգայուն, թիրախային, քավության նոխազ խումբ, եւ մանիպուլյացիայի միջոցով փորձում են կանխել այն, ինչը որ Հայաստանին բերելու է քաղաքացիների իրավունքների պաշտպանության ավելի մեծ աստիճան։ Մենք պետք է մեր քաղաքացիներին տանք բոլոր գործիքները, որ պաշտպանեն իրենց իրավունքները, որովհետեւ միայն այդ պարագայում, երբ մեր քաղաքացիներն ունենան զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ եւ բոլոր գործիքները՝ իրենց բոլոր իրավունքները պաշտպանելու համար՝ կլինի աշխատանքային, բռնությունից զերծ կյանք ունենալու, հոգեբանական անձեռնմխելիության եւ այլն, դրանց ոտնահարման պարագայում պետությունից կարողանան ակնկալել այդ իրավունքների վերականգնում։ Այս իրավակարգը, որը ցանկանում ենք ունենալ, չի բխում որոշ շրջանակների տնտեսական, քաղաքական շահերից, ճիշտ հակառակը՝ ուզում են, որ հանրության մեջ մշտապես սողացող բռնության աստիճան գործի, այսինքն՝ եթե քաղաքացիները միմյանց նկատմամբ անհանդուրժող են, միմյանց իրավունքները ոտնահարում են, այս ամենը հրաշալի ֆոն է ստեղծում ավելի մեծ համակարգային իրավախախտումները հանդուրժելու համար։

- Իսկ գործնականում կարո՞ղ ենք չվավերացնել կոնվենցիան, հետեւանքներ կլինե՞ն։

- Այո, հնարավոր է չվավերացնել։ Սակայն այդ դեպքում բացասական ազդակ կլինի արդեն իսկ գործող ընտանեկան բռնության օրենքի կիրարկման համար։ Մեր հանրության տարբեր հատվածների համար բռնության որոշակի աստիճանը լինելու է հանդուրժելի՝  կլինեն ոստիկանության աշխատակիցներ, սոցիալական աշխատողներ, դատավորներ եւ այլն։ 

- Կա՞ սահմանված վերջնաժամկետ՝ կոնվենցիան վավերացնելու համար։

- Ոչ։

- Ձեր կարծիքով՝ կոնվենցիան սահմանադրականության հետ կապված խնդիրներ ունի՞։

- Պետք է որ չունենա, որքանով ես կարող եմ մեկնաբանել մեր Սահմանադրությունը, հակասություն չեմ տեսնում Սահմանադրության ոգու եւ տառի ու այդ կոնվենցիայի տեքստի միջեւ։ Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ կոնվենցիան շատ մեղմ է, զգուշավոր, երկրներին իրենց ներպետական օրենսդրության շրջանակներում քայլեր ձեռնարկելու հնարավորություն տվող, բավականին ընդհանուր գծերով ու լայն շրջանակով պայմանավորվածություն է։ Թե այդ պայմանավորվածության  շրջանակում որ երկիրն ինչպես կհարմարեցնի իր օրենսդրությանը, արդեն տվյալ երկրի հարցն է։ 

- Հնարավո՞ր է կոնվենցիայի մասին իրազեկող հանրային քննարկումներ, լսումներ կազմակերպեք։

- Կարծում եմ՝ արդեն որոշակի հանրային քննարկում ծավալվում է, բայց, այո, իրազեկվածության աստիճանը բարձրացնել է պետք։ Այնպես որ՝ չեմ բացառում ապագայում ավելի լայն մասշտաբով հանրային քննարկումների կազմակերպումը։