ՄԵզ փրկիչներ պետք չեն

ՄԵզ փրկիչներ պետք չեն

Քաղաքական ու պատմական միֆերը մեր իրականության անբաժանելի մասնիկներն են: Ավելին՝ քաղաքականության վերաբերյալ հանրության ընկալումներն ու պատկերացումները կառուցված են միֆերի ու լեգենդների վրա: 

Միանգամից արձանագրենք, որ միֆերը քայքայիչ նշանակություն ունեն, քանի որ դրանց ներգործությամբ ձևախեղվում են հանրության քաղաքական, մշակութային, հոգեբանական պատկերացումները պետության ներկայի, անցյալի և ապագայի վերաբերյալ:

Իհարկե միֆերը բազմազան են, տարաբնույթ և տարասեռ: Մենք չենք կարող մեկ հոդվածի շրջանակներում համապարփակ պատկերացում կազմել դրանց տարբեր դրսևորւմների և առանձնահատկությունների վերաբերյալ: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք առանձնացնել միայն մեկ դրսևորում, որն առավել տարածված է և քայքայիչ նշանակության տեսանկյունից՝ ամենաազդեցիկը: Մասնավորապես, խոսքը փրկչի միֆի մասին է: 

Այստեղ հարց է առաջանում, թե հանրությունն ի վերջո ինչպիսի վերաբերմունք ունի պատմության վերաբերյալ: Սխալվելու չնչին հավանականությամբ մարդիկ պատմական գործընթացներն ու երևույթները հիմնականում դիտարկում են առանձին անհատների գործունեության կոնտեքստում: Այսինքն՝ պատմական անհատներն են պատմության հիմնական շարժիչ ուժերը: Իհարկե սա մոլորություն է, որի հետևանքով ի հայտ է գալիս պատմական փրկչի գաղափարը: Բանից պարզվում է, որ հայ ժողովրդին անընդհատ ինչ-որ մեկը փրկել է: Իսկ եթե ինչ-որ մեկը փրկել է, ապա պետք է փրկի նորից ու նորից, բայց չի բացառվում, որ կարող է լինել դավաճանություն: Այսինքն հանրության համար հայ ժողովրդի պատմությունը փրկիչների և դավաճանների փոխհարաբերությունների պարզունակ ընթացնք է և ոչ ավելին: 

Փրկչի պատմական միֆն այնքան կենսունակ է, որ խորը արմատներ է գցել նաև հանրության քաղաքական ընկալումների վրա՝ փոխակերպվելով քաղաքական միֆի: Եթե հայ ժողովրդին անցյալում պարբերաբար փրկել են, ապա պետք է փրկեն նաև այսօր: Օրինակ Նիկոլ Փաշինյանը հանրության զգալի մասի ընկալումներում հանդես է գալիս փրկչի դերակատարությամբ: Փաստորեն քաղաքական պայքարն էլ որպես այդպիսին փրկիչների և դավաճանների պարզունակ մրցավազք է: Խոստովանենք, որ պարզունակ է հնչում, երևի թե այդպես էլ կա, բայց, ինչևիցե, անցնենք բուն թեմայի քննարկմանը:

Իհարկե, անհատները մեծ դեր են խաղացել մարդկության պատմության ընթացքում և նույնիսկ ունեցել վճռական և վերջնական ազդեցություն այս կամ այն գործընթացների վրա: Առնոլդ Թոյնբին գեղարվեստական հրաշքի և անհատի մասին խոսելիս նշում է, որ այդ հրաշքն արարող մարդիկ ապահովում են իրենց հանրության աճը, նրանք ավելին են, քան պարզապես մարդ լինելը, քանզի նրանց տրված է անել այն, ինչ մյուսներն ընկալում են որպես հրաշք: Նրանք որոշ իմաստով գերմարդ են և առանց փոխաբերության: Նույն կոնտեքստում Անրի Բերգսոնը գրում է, թե ցատկը տեղի է ունենում, երբ հասարակությունը փորձառության որոշում է կայացնում, դա նշանակում է, որ հասարակությունը կամ տոգորվել է որևէ համոզմունքով, կամ ինչ- որ մեկը ցնցել է նրան, բայց հատկապես ինչ- որ մեկը:

Բայց որքան էլ որ անհատների դերը վճռական ազդեցություն ունենա, այնուամենայնիվ, մարդկության պատմության ընթացքն էականորեն կապված է եղել տարաբնույթ այլ գործոններով ևս, որոնք են՝ տնտեսություն, կլիմա, աշխարհագրական միջավայր, քաղաքական ինստիտուտներ և այլն: Այսինքն, մարդու գործունեության թիրախավորումը կարող է կապված կամ պայմանավորված լինել վերոհիշյալ գործոններով, որոնց առանձին կամ համալիր ներգործության արդյունքում անհատի կամքից անկախ իրադարձությունների ընթացքը անխուսափելիորեն կարող է փոփոխվել: Այսինքն, անհատի գործոնը պետք է փոխկապակցված լինի քաղաքական, տնտեսական, մշակութային ինստիտուտների ձևավորման և բնականոն գործունեության հետ, որտեղ պետք է հստակ սահմանված լինեն խաղի կանոնները, ինչպես նաև առաջադրված լինեն երկարաժամկետության և շարունակականության խնդիրները: Եթե անհատների կողմից ձևավորված վերոհիշյալ ինստիտուտները կամ խաղի կանոնները երկարաժամկետ շարունակականություն չեն երաշխավորում, ապա անհատի նշանակությունը չեզոքանում է, քանզի համակարգն այդ դատապարտված է կործանման: Այսինքն, եթե խնդիրը դիտարկենք Բերգսոնի՝ վերևում նշված մտքի տրամաբանության մեջ, ապա անհատները ձևավորում են ինստիտուտներ, սահմանում են խաղի կանոններ և հանրությունը ցատկ է արձանագրում, իսկ այդ ցատկի երկարաժամկետությունը պայմանավորված է ինստիտուտների կենսունակությամբ և պարբերաբար բարեփոխվելու միտումով: 

Թեմայի կոնտեքստում խիստ արդիական է դիտարկել ԱՄՆ-ը և Խորհրդային Միությունը և նրանց համապատասխան մոտեցումները խնդրի վերաբերյալ: ԱՄՆ-ի հիմնադիր հայրերը Թ. ՋԵֆֆերսոնը, Ջ. Ադամսը, Ջ. Վաշինգտոնը ստեղծեցին այնպիսի մի համակարգ, որը, անկախ տարաբնույթ անհատների ներգործությունից, շարունակական է, ունի երկարաժամկետ հեռանկարներ և բարեփոխվելու, այլանալու շղթայական միտումներ: Մինչև օրս ԱՄՆ-ն ունեցել է 45 նախագահներ, որոնք ունեցել են սեփական մոտեցումները և ոչ միշտ պետության շահերից բխող, բայց կենսունակ ինստիտուտների առկայությամբ այդ մոտեցումները սահմանափակվել են և հնարավորություն ստեղծել ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար: Օրինակ՝ Առաջին աշխարհամարտից հետո Վուդրո Վիլսոնը աշխարհի ամենամեծ ազդեցություն ունեցող անհատներից մեկն էր: Նա Եվրոպայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ակտիվ ներգրավվածության կողմնակիցն էր և, ըստ էության, արտաքին քաղաքականությունը կառուցում էր հենց այդ համապատասխան դրույթների հիման վրա: Բայց աշխարհում այդքան մեծ ազդեցություն ունեցող անհատը չկարողացավ կյանքի կոչել իր գաղափարները և քաղաքական դիակի կարգավիճակով հեռացավ քաղաքականությունից, քանզի սահմանափակված էր ինստիտուտներով և չէր կարող շրջանցել դրանք: Արդյունքում ԱՄՆ-ը որդեգրեց ինքնամեկուսացման և եվրոպական գործերին չմիջամտելու քաղաքականություն:

ԽՍՀՄ-ում կատարվել է ճիշտ հակառակը, այսինքն, ինստիտուտների գործունեությունն է սահմանափակվել անհատներով, արդյունքում համակարգն ամբողջությամբ խարսխվել է մեկ անհատի հեղինակության և ազդեցության վրա, իսկ ինստիտուտները աստիճանաբար կորցրել են իրենց կենսունակությունը, դերն ու նշանակությունը: Վ. Լենինը, Ի. Ստալինը ապահովեցին հանրության ցատկը, բայց չսահմանեցին երկարաժամկետ խաղի կանոններ: Եվ որպես վերջնական արդյունք ուժեղ անհատի մահվանից կամ չեզոքացումից հետո համակարգն այդ աստիճանաբար լճացավ, բարեփոխվելու փորձ կատարեց և ձախողվելուց հետո կործանվեց: 

Սառը պատերազմում Խորհրդային Միության պարտության պատճառները բազմազան են և բազմաբնույթ, բայց առաջնային պատճառը թերևս երկու հակամարտող կողմերի կառավարման համակարգերի և ինստիտուտների որակական տարբերությունն էր: Փորձը ցույց է տալիս, որ անհատի հեղինակության վրա խարսխված ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգը չի կարող երկարատև պայքար մղել ժամացույցի ճշգրտությամբ գործող ժողովրդավարական համակարգի դեմ: Նույնը կարող ենք ասել Իրաքի կամ Լիբիայի դեպքում: Մ. Քադաֆին և Ս. Հուսեյնը ստեղծեցին տարածաշրջանային հզոր պետություններ, բայց վերջինների չեզոքացումից հետո Իրաքն ու Լիբիան հայտնվեցին կործանման եզրին, քանի որ չկային ինստիտուտներ, չկային խաղի կանոններ, այլ կային ընդամենը հզոր անհատներ:

Թերևս թեմայի շուրջ անվերջ կարելի է խոսել, բայց այժմ փորձենք դրա տիրույթում դիտարկել Հայաստանի արդի իրավիճակը: Սկսենք նրանից, որ Հայաստանում ինստիտուտները ԽՍՀՄ-ի օրինակով ստորադասված և սահմանափակված են անհատի կամքով և քմահաճույքով: Իսկ քաղաքական դաշտը առհասարակ բաղկացած է ոչ թե քաղաքական ուժերից, այլ՝ անհատներից: Այս տրամաբանությունից ելնելով՝ հանրության մեջ էլ կարծրացել է այն մտայնությունը, թե երկրին սուպեր առաջնորդ է պետք, որը միջնադարյան գահակալի մոտեցումներով, այսինքն՝ որպես բարի կամքի դրսևորում՝ Աստծո ողորմածությամբ, ժողովրդին կառաջնորդի դեպի փրկության: Մյուս կողմից՝ դպրոցներում, համալսարաններում, բանակում մշտապես քարոզվում է այն գաղափարը, թե հայ ժողովրդին պարբերաբար ինչ-որ մեկը փրկել է, և այդ տրամաբանությունից ելնելով՝ հիմա նույնպես պետք է փրկի: 

Պատկերացումներն այս այնքան արմատացած են, որ պարզ մարդիկ կարծես թե հայտնվել են հավերժական շրջափուլի մեջ. փրկիչները գալիս գնում են, բայց իրենք այդպես էլ չեն փրկվում: Ընկալումների համաձայն կա մեկ Նիկոլ Փաշինյան և ուրիշ ոչ ոք, մնացյալը՝ գոյություն չունեն, նրանց համար վարչապետը և՛ պետությունն է և՛ արդարադատությունը, և՛ բարեգութ միապետ է և՛ դաժան ինկվիզիտոր:  Գաղափարական իրականությունն այս կանխարգելում է պետության երկարաժամկետ զարգացման հեռանկարները, դժվարացնում է համակարգային բարեփոխման միտումները և, ի վերջո, վտանգվում է պետության շարունակականությունը, քանզի ինստիտուտներն ու խաղի կանոնները  a priori սահմանափակվում են անհատի կամքով և քմահաճույքով: Այսինքն ամբողջ հոգսն ու պատասխանատվությունը դրված է մեկ մարդու ուսերին, որը ավելին է քան սովորական մարդը: 

Ինչպես Խորհրդային Միության օրինակով նշեցինք, անհատի վրա խարսխված համակարգերը չեն կարող կենսունակ և շարունակական լինել: Եթե Նիկոլ Փաշինյանը դուրս չգա փրկչի և սուպեր հերոսի կարգավիճակից և չընթանա քաղաքական ինստիտուտների և համակարգերի ստեղծման ճանապարհով, ապա ապագայում մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ժողովուրդներն իրենց սպասելիքները չարդարացնող փրկիչներին ուտելու և նոր փրկիչներին սպասելու սովորություն ունեն:  Այս ուղղությամբ առաջին քայլն այն պետք է լինի, որ հանրության միջից արմատախիլ արվեն քաղաքական բոլոր այն արատավոր միֆերը, որոնց ներգործությամբ գաղափարական միջավայրը խցանվում է և դեգրադացվում:

Ավելացնենք նաև, որ մեկ անհատի վրա կառուցված համակարգը չի կարող երկարաժամկետ հակամարտության մեջ հաղթող դուրս գալ: Եթե Հայաստանը ուզում է հաղթել Ադրբեջանին, ապա հանրության ընկալումներում պետությունը պետք է դիտարկվի ավելի բարձր հարթության մեջ, քան որևէ անհատ, նույնիսկ եթե այդ անհատը Փաշինյանն է:  

Այսպիսով, այն մտայնությունը, թե իբր հայ ժողովրդին ինչ-որ մեկը փրկել է, պարզ քաղաքական միֆ է՝ նոր փրկիչների ստեղծման և ամրապնդման համար գաղափարական հիմքեր ձևավորելու հեռանկարով, քանի որ միֆերը բազմանալու հատկություն ունեն: Ի վերջո հանրությունն ինքն է ըստ իր  փորձառության որոշում կայացնելու՝ իհարկե որոշակի անհատների ներգործության արդյունքում: