«Փաստ». Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին

 «Փաստ». Խորքային խնդիրներ իշխանության ներսում. Նրանք աննախադեպ քայլի գնացին

Փաստ» թերթը գրում է. «Քիչ չեն այն դեպքերը, երբ կառավարությունը հրատապ խորհրդարան է բերում օրենսդրական նախագծեր, որոնք իրավական տեսանկյունից կազմված են լինում փնթի եւ հապշտապ, իսկ դրանց բովանդակությունը տարբեր ուղղություններով խնդրահարույց բնույթ է կրում։ Ու չնայած այդ հանգամանքին՝ իշխող ուժը փորձում է այդ նախագծերը ամեն կերպ անցկացնել եւ օրենքի ուժ տալ։

Այս անգամ էլ կառավարությունը խորհրդարան էր բերել անձնական տվյալների վերաբերյալ նախագիծ, որով հնարավորություն էր ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաեւ հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։

Ըստ այդմ, ստեղծվելու էր միասնական մեկ հարթակ, որտեղ հավաքագրվելու էին տվյալներ հաճախորդի՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը եւ ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:

Եվ ամենաուշագրավն այն է, որ նախատեսում էին հավաքագրել ոչ միայն վարակակիրների եւ նրանց հետո կոնտակտավորների, այլ նաեւ բոլոր քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք իբր թե հնարավորություն էին տալու գործել շատ ավելի օպերատիվ եւ շատ ավելի լայն դաշտում:

Նման նախագծի առաջ քաշումը շատերի մոտ կասկածներ էր առաջացնում, որ դրա հիմնական քողարկված նպատակը օրենքի պահանջի ներքո ցանկացած անձի եւ հատկապես ընդդիմադիրների մասին տվյալների հավաքագրումն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործվեն։ Իսկ ավելի կոնկրետ՝ այս օրենսդրական նախաձեռնությունը մասնագետները պարզապես գնահատում են որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։

Ստացվում է, որ իշխանությունները խաղում են հանրության նուրբ լարերի հետ՝ նպատակ հետապնդելով «սղացնել» այնպիսի նախագծեր, որոնք հետագայում գլխացավանք են դառնալու, քանի որ բազմաթիվ բացեր ունեն, անորոշ են եւ իրավական տեսանկյունից անկատար։ 

Եվ պատահական չէ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ, օրենսդրական նախաձեռնության բացերն ընդունելու փոխարեն, ԱԺ ամբիոնից մեծամիտ ելույթներ ունեցան՝ անընդունելի համարելով նախագծի շուրջ եղած քննադատությունները։ Նրանք փորձում էին ցույց տալ, թե իբր այդ օրենսդրական նախագծերը ելնում են քաղաքացիների մարդկային կյանքերն ապահովելու անհրաժեշտությունից, որին երկրորդվում են անձնական տվյալների հետ կապված մյուս հարցերը։ 

Նույնիսկ այնպիսի պոպուլիստական հայտարարություն եղավ, թե կորոնավիրուսից ավելի վտանգավոր է ընդդիմադիրների կողմից կատարվող մանիպուլյացիան։ Ընդհանրապես, «մանիպուլյացիա» բառը իշխանությունները գնալով հաճախակի են շահարկում: Փորձագետների համոզմամբ, այդպես լինում է այն դեպքում, երբ ընդդիմախոսների քննադատություններին հակափաստարկներ չունես, ավելին՝ ինքդ էլ վստահ չես քո քայլերի իրավացիության մեջ: Այնինչ, հանձնարարություն ու պլան կատարել պետք է:

Ինչեւէ, նախագիծն ընդդիմության միասնականության շնորհիվ չանցավ: Սակայն հետաքրքիր է՝ եթե իշխանությունների համար այդ նախագիծն այդքան կարեւոր էր, ապա ինչո՞ւ չէին կարողացել ապահովել իրենց խմբակցության անդամների բավարար ներկայությունը. չէ՞ որ 88 հոգանոց խմբակցությունից կողմ քվեարկեց միայն 64-ը (գումարած՝ 1 պաշտոնապես անկախ, իսկ իրականում «իմքայլական» պատգամավոր)։

Թե՞ իշխանությունները հույս ունեին, որ ընդդիմադիր պատգամավորներ կքվեարկեն, թեկուզ՝ դեմ, որպեսզի քվորումն ապահովվի, իսկ նախագծի ընդունման համար պատասխանատվությունն ընկնի նաեւ ընդդիմության վրա... 

Բայց անհիմն համառությունն ու հանուն սեփական ամբիցիաների ամեն ինչի վրա թքած ունենալու սովորությունն արդեն այս իշխանությունների կրեդոն են դարձել: Նրանք աննախադեպ քայլի գնացին՝ մեկ օրում «ոտքի վրա» երկրորդ արտահերթը հրավիրելով: Սակայն, ինչ էլ լինի, այս ամբողջ գործընթացը մեկ անգամ եւս եկավ ի ցույց դնելու այն խորքային խնդիրները, որ կան իշխանության ներսում, ու որոնք ունի մեր հասարակությունը այս իշխանության պատճառով: Իսկ դրանք աներեւակայելի շատ են, ու դրանց արդեն անդրադառնալու է հասարակությունը: Այս իրավիճակից դուրս գալուց հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում