Երեխաների համար պատասխանատու են պատկան մարմինները

Երեխաների համար պատասխանատու են պատկան մարմինները

40 օրից ավելի է Արցախը շրջափակված է: Ադրբեջանցի կեղծ բնապահպանները փակել են ճանապարհը, ինչի հետևանքով արցախահայությունը հայտնվել է աղետալի վիճակում: Անցած շաբաթ արցախցի 19 երեխա Գորիսից Արցախ տեղափոխվեց, սակայն Լաչինի միջանցքի հատվածում, որտեղ կեղծ բնապահպանները ճանապարհ են փակել, տեղի է ունեցել ադրբեջանական հերթական սադրանքը: Դիմակավորված անձինք ներխուժել են երեխաներին տեղափոխող ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ այս պահի դրությամբ շուրջ 250 արցախցի երեխա դեռ գտնվում է ՀՀ տարածքում և տուն վերադառնալ չի կարողանում: Արցախի ՄԻՊ-ի պնդմամբ` այսուհետ նման աշխատանքներն իրենք պատկերացնում են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գրասենյակի աջակցությամբ: Թե ինչ աշխատանքներ է անում այս ուղղությամբ «Կարմիր խաչը» և վերջապես այս առումով կա՞ առաջընթաց, թե ոչ, զրուցել ենք «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունու հետ:

- Օրերս 19 արցախցի երեխա Գորիսից Ստեփանակերտ տեղափոխվեց: «Կարմիր խաչ»-ն այդ պրոցեսին որևէ մասնակցություն ունեցե՞լ է:

- Չէ, որևէ պրոցեսի այդ ժամանակ չենք մասնակցել, սակայն չորս քաղաքացու տեղափոխել ենք: Չորս քաղաքացի Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել, մեկ քաղաքացի էլ Հայաստանից է Ղարաբաղ տեղափոխվել (խոսքը հունվարի 20-ին տեղափոխվածների մասին է՝ Հ․Գ․):

- Ովքե՞ր են նրանք, անչափահասնե՞ր են:

- Դա ասել չեմ կարող: Դա անձնական տվյալ է:

- Անձնական տվյալ հարկավոր չէ, չափահաս կամ անչափահաս լինելու փաստն է հետաքրքիր:

- Եթե մի կոնկրետ խումբ լինի, գուցե մանրամասնել կարողանամ, սակայն խոսվում է տարբեր անձանց մասին, որոնց մասին չեմ կարող խոսել:

- Արցախի ՄԻՊ-ը նշում է, որ Հայաստանում կա 250 արցախցի երեխա, սակայն նրանց տեղափոխման հարցը պատկերացնում է «Կարմիր խաչի» գրասենյակի հետ: Այս մասով աշխատանքներ չե՞ք իրականացնում:

- Մենք աշխատում ենք պաշտոնական իշխանությունների հետ: Բնականաբար մենք պատրաստակամ ենք համագործակցել բոլոր պայմաններում: Երեխաների համար պատասխանատու են պատկան մարմինները:

- Պատկան մարմիններից այդ մասով համագործակցության առաջարկ չե՞ք ստացել` երեխաներին Արցախ տեղափոխելու հետ կապված:

- Ես կարող եմ ասել, որ մի շարք մարդասիրական հարցեր կողմերի հետ քննարկվում են: Մենք պետք է մեր գործողություններում համահունչ լինենք: Իշխանությունները պետք է որոշում կայացնեն, ի վերջո նրանք պատասխանատու են քաղաքացիների ու նրանց տեղաշարժի համար:

- Ձեր տեղափոխած քաղաքացիների հետ կապված միջադեպեր չե՞ն գրանցվել:

- Ես որևէ խնդրի մասին չեմ տեղեկացել: Քաղաքացիներն արդեն տանն են:

- Արցախի ՄԻՊ-ն ասում էր, որ երեխաներին տեղափոխելու համար անվտանգության երաշխիքներ են հարկավոր: Անվտանգության ի՞նչ երաշխիքներ է տալիս «Կարմիր խաչը»:

- Չեմ կարող մեկնաբանել Ղարաբաղի ՄԻՊ-ի ասածները:

- Քաղաքացիներին տեղափոխելիս, խաղաղապահներն ուղեկցո՞ւմ են ձեզ, թե՞ ոչ:

- Ուղեկցելու հատուկ կարիք չկա, սակայն եթե կարիք լինի, կարող է և այդպես լինել: