Դպրոցները լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն

Դպրոցները լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն

ԿԳՄՍ նախարարության կայացրած որոշման համաձայն, դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը հանրակրթական ուսումնական հաստատությունների նաեւ 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ առողջապահության նախարարության կողմից հաստատված պահանջների պահպանմամբ: Սա, ըստ ԿԳՄՍՆ-ի, նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։ Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։

Ինչ վերաբերում է ուղեցույցով սահմանված սահմանափակումներին, ապա դրանցից որոշները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը, չեն գործի, բացառությամբ 20 եւ ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու եւ ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի։

Այդուհանդերձ, ուսուցիչների մոտ մի շարք հարցեր են առաջացել՝ կապված ուղեցույցի որոշ սահմանափակումներ վերանայելու հետ, հատկապես այն պարագայում, որ ուստարվա սկզբին դրանք շատ էին։ Օրինակ՝ այն, որ աշակերտները դասամիջոցների ընթացքում չպետք է լքեին դասասենյակը, իսկ դասասենյակից դուրս գալու դեպքերը պետք է կանոնակարգվեին ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։ Նաեւ արգելվել էր գրավոր աշխատանքների համար տետրեր օգտագործելը: Սահմանափակված էր աշակերտների մուտքը դպրոցական բուֆետներ ու ճաշարաններ, ընդմիջումը նախատեսված էր կազմակերպել դասասենյակում՝ չոր սննդի եղանակով։ 

Այս արգելքների վերաբերյալ, սակայն, լրացուցիչ պարզաբանումներ չեն տրվել դպրոցներին, ինչը շփոթության մեջ է պահում թե՛ ուսուցիչներին, թե՛ տնօրինությանը, որոնք այս հարցերը փորձում են իրար հետ ճշգրտել:  

Բացի այդ, ձմռան ընթացքում, մրսածության գործոնով պայմանավորված, հիվանդությունները կանխարգելելու նպատակով, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը խնդրել է Երեւանի քաղաքապետարանին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ հանրակրթական հաստատություններում պահպանելու սահմանված ջերմային ռեժիմը, մասնավորապես դասասենյակներում, ուսումնական կաբինետներում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում` առնվազն 18-22 աստիճան, իսկ մարզադահլիճում` 17-19 աստիճան: Միաժամանակ, սահմանված սանիտարական կանոնների եւ նորմերի համաձայն, «հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում»: 

Այս հարցում էլ ուսուցիչները մի շարք մտավախություններ ունեն, գուցե Երեւանում հնարավոր լինի պահպանել սահմանված ջերմային ռեժիմը, քանի որ կա ջեռուցման համար նախատեսված գումար, ըստ այդմ` համապատասխան ջեռուցում կիրականացվի, բայց մարզերում դա անհնար է ապահովել, գյուղական դպրոցներում դասասենյակները հիմնականում էլեկտրական տաքացուցիչներով (պլիտա) են ջեռուցում,  ջերմությունը հասնում է առավելագույնը 10-12 աստիճանի, գումարած այն հանգամանքը, որ աշակերտներն էլ հիմնականում վերնահագուստով են դասերին նստում: Ուստի, եթե դպրոցների համար այս շրջանում նախարարությունն այլ տարբերակներ չի մտածել, ուսուցիչներից շատերի կարծիքով՝ լավ կլիներ, որ այդ դպրոցների դեպքում պահպանվեր հեռավար ուսուցումը, հատկապես որ ամիսներ շարունակ այն կիրառում գտավ դպրոցներում, եւ բազմաթիվ գործիքներ ստեղծվեցին հեռավար ուսուցումը կազմակերպելու համար:

Ինչ վերաբերում է հաստատություններում վառարանային ջեռուցմանը, ապա այն դպրոցները, որոնք չունեն նորմալ հոսանքի լարեր, բնականաբար, չեն կարող միացնել էլեկտրական տաքացուցիչ (պլիտա) եւ ստիպված պետք է օգտվեն վառարանային տարբերակից, որն էլ, սակայն, չի թույլատրվում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ից 1-4-րդ դասարանցիների համար արդեն վերսկսվել էր առկա ուսուցումը: Ինչպես տեղեկացանք, տարիքային այդ խմբում վարակի դեպքեր առանձնապես շատ չեն եղել: Դպրոցներից շատերում ուսուցիչների մեծ մասն արդեն վարակվել է կորոնավիրուսով եւ ապաքինվել, ու եթե կրկնավարակի դեպքեր չլինեն, ուսուցիչները հույս կունենան, որ ամենադժվար փուլն արդեն հաղթահարել են: