Մեղավոր ենք բոլորս, բացի…

Մեղավոր ենք բոլորս, բացի…

Հայ հասարակությունն ալեկոծված է նոյեմբերի 9-10-ի գիշերը ստացված բոթից, որն իր «լայվով» հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գաղտնի ու ապօրինի ստորագրված ինչ-որ թղթով մենք, փաստացի, կորցնում ենք Արցախը` մեր պատմական հայրենիքի զգալի մասը… վտանգված են նաեւ Հայաստանը, առաջին հերթին` Սյունիքի մարզով: Հասարակությունը փոթորկվել է ու հեղեղել մայրաքաղաքի փողոցները` «Նիկո՛լ, դավաճան» վանկարկելով, քանի որ իրավական հիմք չունեցող այդ փաստաթուղթը գաղտնի ստորագրել է հենց վարչապետը: Մինչ այդ լուրը հայտնելը, նա մի քանի օր չէր երեւում որեւէ տեղ, «լայվ» չէր մտնում, չէր արձագանքում խորհրդարանական ուժերի հանդիպման խնդրանքին, դրանից հետո սկսեց օրը մի քանի անգամ երկարաշունչ «լայվեր» մտնել ու արդարանալ, իրեն բնորոշ ձեւով դավաճաններ ու մեղավորներ մատնանշել` սկսած ՀԴՄ կտրոններ չտվողներից մինչեւ Գագիկ Ծառուկյան:

Պարզվում է, որ եթե մարդիկ պարտաճանաչորեն ՀԴՄ կտրոններ տպեին ու պահանջեին, բյուջեում փող կլիներ, եւ Հայաստանը կարող էր ավելի շատ զենք ձեռք բերել եւ չհանձնել Արցախի տարածքները: Սա վարչապետի թեզն է: Մինչդեռ իշխանության թույլ տված շռայլ ծախսերը նախապատերազմական շրջանում, անգամ պատերազմական ամիսներին տրված շռայլ պարգեւավճարները, գալիք տարվա համար քննարկվող 23 մլրդ դրամի պարգեւավճարների հարցը, Երեւանի քաղաքապետի որոշմամբ 45 մլն դրամ ավտոկայանատեղիներին հատկացնելը եւ այլ ծախսեր տպավորություն են ստեղծում, թե մենք փողի խնդիր չենք ունեցել: Անգամ պատերազմի ժամանակ ռազմական ծախսերին չուղղվեցին վարչապետի կնոջ հարուստ հիմնադրամի փողերը: Այդ հիմնադրամի ծախսերը պահվում են գաղտնի… 

Համացանցում ֆեյքերի մակարդակով, մեսենջերով տարածում են անհայտ անձի կողմից արված ձայնային հաղորդագրություներ, թե «էդ հարիֆն ուրիշ ճար չի ունեցել, էրեխուն գողցել են, Արայիկ Հարությունյանը՝ պլենի տակ, զենքը դեմ տված, գրած՝ դրել են դեմը, որ կարդա: Մինչեւ ինքը չջոկի, որ իրա երեխու անվտանգությունն ապահով ա, իրա երեխեն ապահով ա, նոր ինքը հայտարարություն կանի, որ շատ ․..ի բաներ ա ըլնելու: Դաժե պատկերացրա, որ ժողովուրդն էդ Քոչոյին ու Սերժին, մնացած՝ էդ Վիտո-միտոյին կրծելու ա: Վիտալի Բալասանյանը 400 հոգանոց ջոկատով սաղ Ղարաբաղը ցեպիտ ա արել, դե պատկերացրեք՝ ինչ դավաճանություն ա գնում»: Ո՞վ է այս ձայնագրության հեղինակը, եւ ինչո՞ւ է այս ենթադրյալ դավաճանությունների բացահայտման առաքելությունն իրեն տրված եւ այն էլ գաղտնի խողովակներով՝ հայտնի չէ:

Ֆեյքերը օդում լուրեր են տարածում նաեւ, թե իբր Արայիկ Հարությունյանը եղել է բունկերում՝ «քոչարյանական» գեներալների կողմից պատանդ վերցված, ստիպել են, որ Արայիկը տա հողերը, որ իրենք գան իշխանության… դրա համար էլ պարտվեցինք… Օդում ֆեյքային մակարդակի լուրեր են տարածվում, թե տեղում հրամանատարները դավաճանական քայլեր են արել, Սեյրան Օհանյանը փախել է, դրա համար Շուշին հանձնվեց: Սակայն պարզվում, է, որ Սեյրան Օհանյանին նոյեմբերի 7-ին Երեւանից են կանչել, ու դրանից հետո Շուշին հանձնվել է: Ֆեյքային ցանցերից զերծ չի մնացել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունը: Նրան էլ են մեղադրում ռազմի դաշտը լքելու համար։ Իսկ թե որ հրամանատարն ինչպես է դավաճանել, չկան կոնկրետ փաստեր, դեպքեր եւ կոնկրետ մարդիկ, ովքեր «առանց դիմակի» կխոսեն դրա մասին: Ովքե՞ր են այս լուրերը տարածողները, ովքե՞ր են այս լուրերի սկզբնաղբյուրները՝ հայտնի չէ: Այս ամենի համար կան իրավապահներ, որոնք պետք է զբաղվեն ենթադրյալ դավաճաններով, արագ ձերբակալեն նրանց եւ ոչ թե Ազատության հրապարակի հարթակում կանգնածներին: Ինչո՞ւ են այդ դավաճանությունների մասին «պատերի տակ» բարձրաձայնում ֆեյքերը: Սրանք ֆեյքեր են, որոնց չի հավատում հասարակության ինտելեկտուալ հատվածը: Մենք տեսել ենք «հեղափոխության» հարթակում հերոս Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկին, որը մերժում էր Սերժին, եւ հրապարակը հրճվում էր: Մինչդեռ Ռոբերտ Աբաջյանի իսկական պապը հեռուստացույցով տեսել էր այդ ֆեյք-պապիկին ու զարմացել: Ֆեյքերի, ֆեյք լուրերի տարածումն այսօրվա իշխանության ձեռագիրն է, որը, ցավոք, ազդում է հասարակության միջին եւ միջինից ցածր կրթական մակարդակ ունեցող հատվածի վրա: Մինչդեռ սթափ եւ գրագետ մարդիկ վաղուց չեն հավատում այդ ֆեյքերին ու ֆեյք լուրերին: 

Արցախի նախագահը կատարվածի մեջ մեղադրում է բոլորիս, մեղադրում է բանակի բարոյահոգեբանական վիճակը, քովիդը…մեղադրում է դասալիքներին, Արցախից փախչողներին ու չպաշտպանողներին: ՀՀ վարչապետը մեղադրում է հասարակությանը, որ թասիբ չունի, որ զինկոմիսարիատների առաջ 24-ժամյա հերթեր չեն գոյացրել: Մինչդեռ շատերն ասում են, որ դիմել են զինկոմիսարիատ, բայց իրենց ետ են ուղարկել` ասելով, որ կզանգեն, ու այդպես էլ չեն զանգել-կանչել: Բացի այդ, կա պետություն եւ կա զինկոմիսարիատ, որը ռազմական դրությաւն պայմաններում պարտավոր էր հայտարարել համապետական զորակոչ եւ կազմակերպել այդ ամենը, եթե կար դրա անհրաժեշտությունը: 

Վարչապետ Փաշինյանը Շուշիի հանձնման մեջ մեղադրեց Գագիկ Ծառուկյանին. եթե նա իր ջոկատով լիներ այնտեղ, Շուշին չէր հանձնվի: Փաստորեն, Շուշին պաշտպանելու առաքելությունը Գագիկ Ծառուկյանինն է եղել, բայց թե ինչ կարգավիճակով՝ հրամանատարի՞, թե որ՝ հայտնի չէ: Փաշինյանը, ինչպես սպասելի էր, այս հարցում էլ հիշեց ու մեղադրեց նախկիններին, ովքեր 20 տարի թալանել են, կերել են, հարկեր չեն մուծել, իսկ արտաքին քաղաքականության մեջ «մուտիլովկեք» են արել, որ հողերը չտան, իսկ ինքը, որ բանակցում էր «ինչ ուզում էր» եւ սկսել էր սեփական կետից, չէր կարող «մուտիլովկա» անել, ու եղավ այսպես… լսելով Նիկոլ Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին՝ կարելի է ենթադրել, թե մենք ազգովի բանակից ու կռվից փախչողներ ենք, դիրքերը լքողներ, դավաճաններ, անհայրենասեր, անթասիբ: Մեղավոր ու դավաճան ենք բոլորս… Անմեղ են միայն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը…