Հենց այսպես, պարոնայք սարսափելի հպարտ հայեր

Հենց այսպես, պարոնայք սարսափելի հպարտ հայեր

Ըմբռնումով մոտենալով «Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի դիտումը» հրապարակմանն արձագանքող­ներին, կիսելով նրանց վրդովմունքը, հարց է առաջանում. «Իսկ դուք ի՞նչ էիք սպասում»: Ռուսաստանը սուվերեն պետություն է և ինչպես ցանկանա, այնպես էլ կվարվի: 

Իսկ մենք ի՞նչ ենք անում: Օրինակ, Նժդեհի ո՞ր գաղափարով ենք առաջնորդվում: Որքանո՞վ ենք արժանի նրա արածին: Գոնե գնահատե՞լ ենք նրա զոհողությունը. համագործակցել սատանայի հետ՝ թուրքերի դեմն առնելու նկատառումներով:

Կարծես, Չերչիլն էր ասել, թե ֆաշիզմի դեմ պայքարում կհամագործակցի նույնիսկ սատանայի հետ, ի պատասխան նրա խորհրդականների արտահայտած տարակուսանքի՝ ԽՍՀՄ հետ համագործակցելու նրա մտադրության առնչությամբ:
Գարեգին Նժդեհը մեզ համար է ազգայի հերոս, այն էլ հարց է, թե մենք ինչպես ենք վերաբերում հերոսներին:  

Այնպես որ, եկեք հանգստանանք, եթե ոչինչ չենք կարող անել: Գարեգին Նժդեհի գաղափարները այժմ և այստեղ՝ Հայաստանում թրքոտ տրեխներով ոտնահարվում են ամեն օր: Սա պետք է վրդովեցնի, այլ ոչ կինոդիտումը: Արվեստներից ամենակարևորը (Լենինի բնորոշմամբ)` կինոն կոչված է սերմանել արժեքներ, գաղափարներ, դաստիարակել բնավորություն, կամք: Եթե այդ նպատակները ձեռք չեն բերվել, ապա այդպիսի կինոդիտումը դառնում է զվարճանքի նման մի բան: Որտե՞ղ են նշված որակները: Կան դրանք, բայց սակավաթիվ մարդկանց մեջ են, նրանց մի մասն էլ այլևս այլ չափումներում է…

Այ, սրա համար պետք է վրդովմունք արտահայտել: Պետք է վրդովմունք արտահայտել այն բանի համար, որ մեզանում սրընթաց վերանում է ինքնահարգանքը: Իսկ եթե չես հարգում մերձավորիդ, քո ազգային արժեքները, տառապում ես օտարամոլությամբ, ավելին, քո սեփական ուժերին ապավինելու փոխարեն՝ հույսդ կապում ես Աստծո (առանց նշաններ ցույց տալու Նրան, որ իր աջակցության կարիքն ունես. Բարձյալն ինչ իմանա, թե ում աջակցի եթե «երկինք պարզած ձեռքեր» չի տեսնում) և արտաքին ուժերի հետ, ապա ինչու՞ պետք է քեզ ու քո ազգին հարգեն ուրիշները: Միակողմանի պահանջատիրություն. բոլորից պահանջում ենք, իսկ մեզանից՝ ոչ: Հենց դրա մասին էլ երգում է Ալա Պուգաչովան:
То ли еще будет,
То ли еще будет,
То ли еще будет, ой-ёй-ёй !

Գագիկ Վարդանյան