Երասխեցին չի հասկանում

Երասխեցին չի հասկանում

Երասխեցին չի հասկանում, որ ինքը խնդիր ունի, լուրջ խնդիր: Հունիսի 20-ին նա ընտրեց Նիկոլին, իսկ մեկ ամիս անց կանգնեց այդ խնդրի առջեւ. դա անվտանգությունն է: Չի հասկանում նաեւ, որ իր ընտրությունը սխալ էր. Նիկոլը չէր այն քաղաքական գործիչը, որ պետք է ապահովեր նրա անվտանգությունը: Նիկոլը չկարողացավ կամ չուզեց ապահովել արցախցու անվտանգությունը: Նիկոլը չկարողացավ կամ չուզեց ապահովել սյունեցու եւ Գեղարքունիքի բնակչի անվտանգությունը: Ինչպե՞ս կամ ինչո՞ւ պիտի Նիկոլն ապահովի երասխեցու անվտանգությունը: Այդ ամենը երասխեցին չհասկացավ:

Հունիսի 20-ին ձայն տալով Նիկոլին՝ երասխեցին դավաճանեց սեփական մարդկային բնույթին: Դավաճանեց, որովհետեւ մարդկային բնույթի ամենահզոր բնազդն ինքնապահպանության բնազդն է՝ երեւի մայրությունից հետո: Վստահ եմ, որ կենցաղային մակարդակում երասխեցին նորմալ է, ադեկվատ: Սակայն այդ հարցում նա հանդես բերեց ոչ ադեկվատ վարքագիծ: Ինչո՞ւ է այդպես: Չգիտեմ: Զարմանալի երեւույթ է՝ յուրաքանչյուր մահկանացու օժտված է ինքնապահպանության բնազդով, սակայն երասխեցու մոտ այն բացակայում է: Բայց երասխեցին միայնակ չէ. հիշո՞ւմ եք հեղափոխական օրերի երգը՝ «Դու մենակ չես, դու մենակ չես…»: Իսկապես, Նիկոլ ընտրած երասխեցին մենակ չէ՝ նրան շրջապատում է իր նման մտածող 688,760 մարդ՝ էլ չասած նրանց թիվը, ովքեր ընտրության չգնացին: 

Երասխեցին չունի ինքնապահպանության բնազդ, միաժամանակ չի հասկանում, որ մեկ ամիս առաջ սխալվել է՝ ընտրելով Նիկոլին: Բա հետո՞: Երասխեցու «հետո»-ն լրագրողից թաքնվելն է: Նրանից խուսափելն ու նրա հետ չշփվելը: Երբեմն հենց լրագրողին իր դժբախտությունների համար մեղադրելը։ Դա կարճ մտածողություն է: Շախմատում դա կոչվում է մեկքայլանի կոմբինացիա, ինչը հատուկ է հենց նոր խաղալ սովորող կամ թույլ շախմատիստին: Արդյունքում այդ շախմատիստը պարտվում է: Պարտվում է այնքան ժամանակ, մինչեւ կարողանա մտածել 2, 3 եւ ավելի քայլանի կոմբինացիա: Երասխեցին նման է թույլ շախմատիստի եւ գիտակցորեն ընտրել է պարտվելու ճանապարհը: Որպեսզի հետո լաց լինի կամ երգում արտահայտի իր դժբախտությունը: Կամ էլ, եթե նրա գիտակցությունը վերջնականապես պղտորվել է, Նիկոլի նման հպարտանա իր պարտությամբ:

Բայց երասխեցին չի հասկանում մեկ այլ բան եւս: Չի հասկանում, որ իր լացելով բացում է ողջ ազգի լացելու տոպրակը: Որովհետեւ եթե ինքը հանձնվի թշնամու ողորմածությանը, ապա թշնամու առաջ դուռ է բացում դեպի մայրաքաղաք: Թշնամին սկզբում նրան կարող է եւ ձեռք չտալ: Սակայն, երբ հասնի մայրաքաղաք, մայրաքաղաքի բնակիչն էլ, երասխեցին էլ կարող են հրաժեշտ տալ լուսավոր մեր աշխարհին: 100 տարի առաջ թուրքը ձգտում էր դրան, սակայն նրան խանգարեց դաշնակցական Արամ Մանուկյանը: Ու նրա կոչին հետեւած մի բուռ հայերը:

Ու նույնիսկ մի բուռ մեր եզդի եղբայրները: Եթե նրանք դա չանեին, այսօր երասխեցին չէր լինի, որ անընդհատ սխալվելու հնարավորություն ունենար: Եվ չէր լինի տողերիս հեղինակը, որ այդ ամենն արձանագրեր: Չէր լինի նաեւ ընթերցողը, որպեսզի այն ընթերցեր: Այսպիսի տխուր մտքեր: Դրանք չէին լինի, եթե երասխեցին մի քիչ ավելի խելացի լիներ ու մեկ ամիս առաջ ընդամենը քվեաթերթիկով մերժեր կապիտուլյանտ Նիկոլին: