Իրավական պետություն ուզում ենք, բայց Գայանե Հակոբյանի կալանքը ոչ մի կապ չունի դրա հետ 

Իրավական պետություն ուզում ենք, բայց Գայանե Հակոբյանի կալանքը ոչ մի կապ չունի դրա հետ 

Այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրավական պետություն լինի եւ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ եւ չի կարող հղի կնոջը վրաերթով սպանած վարորդը պատասխանատվություն չկրի, իսկ այդ վարորդին՝ 200-ի տակ Երեւանի փողոցներում մեքենան վարելու հրահանգ իջեցրած վարչապետը չպատժվի։

Չի կարող զոհվածի մայրը՝ ենթադրյալ ու կասկածելի մեղադրանքի շրջանակներում կալանավորվի, իսկ իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած անձը, որն իր գործողություններով արյունալի պատերազմ է հրահրել եւ հետո հայտարարել, որ պատերազմը ժամանակին չի դադարեցրել, որ իրեն դավաճան չանվանեն, չպատժվի։  
Չի կարող Գայանե Հակոբյանը կալանավորվի, իսկ Ալեն Սիմոնյանի, Վահագն Ալեքսանյանի, Արթուր Հովհաննիսյանի արարքների կապակցությամբ անգամ քննություն չնախաձեռնվի։

Վերջապես՝ օրենքի առաջ բոլորի հավասարությունը չի ենթադրում ցանկացած արարքի համար նախնական կալանք։ Ընդամենը բառախաղ եւ մանիպուլյացիա է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ մենք ուզո՞ւմ ենք իրավական պետություն ունենալ, թե ոչ։ Ուզում է ասել՝ եթե ուզում ենք, ուրեմն Գայանե Հակոբյանը պետք է նստի։ Ոչ, իրավունքի տեսանկյունից՝ եթե անգամ զոհվածի մայրը ապացուցված հանցանք կատարած լիներ, քրեական գործ կարող էր նաեւ չհարուցվել, առավել եւս՝ չպետք է կալանք կիրառվել։ 

Եթե Գայանե Հակոբյանի մեքենայում՝ նույն պայմաններում հայտնված լիներ ոչ թե Աշոտ Փաշինյանը, այլ մի Պողոս Պողոսյան, վստահ եղեք, որ կալանք չէր կիրառվի։ Որովհետեւ նախնական կալանք կիրառելու օրենքով՝ սահմանված հանգամանքները, այս պարագայում բացակայում են եւ չկա՝ ոչ արդարադատությունից խուսափելու, ոչ վկաների վրա ճնշում գործադրելու, ոչ նոր արարք կատարելու վտանգ։ 

Առհասարակ՝ երկրի վարչապետը պետք է արդեն իմացած լիներ, որ իրավական երկրներում շատ հազվադեպ են կիրառում նախնական կալանք եւ նախնական կալանքը՝ որպես պատիժ կիրառում են միայն բռնապետական երկրներում՝ բռնապետների կամքով ու քաղաքական խնդիրներ լուծելու համար։ 

Եթե հերոսի մոր արարքներում կա հանցակազմ, դա պետք է որոշեր միայն դատարանը՝ հանգամանալից եւ հրապարակային քննության արդյունքում, որի ժամանակ հասարակությունը կհամոզվեր, որ զոհվածի մորը պատժելու պատճառը ոչ թե այն է, որ նա համարձակվել է վարչապետի որդուն ինչ որ բան ասել, այլ իսկապես կա հանցակազմ։