Մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են․ Հակոբ Արշակյան

Մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են․ Հակոբ Արշակյան

Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այս մասին ասուլիսում հայտնեց  նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարի խոսքով՝ իրենց կոչից հետո շատ  արձագանքներ են եղել, 280-ից ավելի նամակներ են ստացվել էլեկտրոնային հասցեին: «Դրանք արդեն իսկ ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին օրերի ընթացքում, և կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և նախարարությանը տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող ենք տրամադրել Առողջապահության նախարարությանը: Այդ գործընթացը շարունակական բնույթ է կրում, ամեն օր զանգեր ու նամակներ ենք ստանում կամ որևէ մեկի տանը, կամ որևէ հիվանդանոցում դուրս գրված և չշահագործվող անսարք սարքերի մասին, որոնք տրամադրում ենք ինժեներական ասոցիացիային՝ ինժեներական քաղաքին: Նրանք դա վերանորոգում և բերում են աշխատանքային վիճակի»,-ասաց նախարարը:

Նախարարությունը նաև տասնյակ նամակներ է ստացել ԱՄՆ-ի, Լիբանանի, Ռուսաստանի, Գերմանիայի մեր հայրենակիցներից: Նրանք անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն տրամադրել հայաստանցի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվություն տալու համար:

Արշակյանն ասաց նաև, որ  այս օրերին տարբեր մարդկանց կողմից տասնյակ նյութեր են շրջանառվում թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ: Նա նկատեց՝ որոշները լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք մեծ մասամբ չեն լուծում դրված խնդիրները: «Սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի տպիչներ, սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և գործում են ըստ դրա: Այսինքն՝ այդ սարքերը պետք է ունենան ամբողջական արձագանքման և չափման համակարգեր, որպեսզի ավելի չվատթարացնեն կամ հիվանդի կյանքին վտանգ չսպառնան: Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, միայն օդ չի մղում և արտամղում, դա ամբողջությամբ փոխարինում է շնչառական համակարգին և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի, ինդիկատոր միանա բժիշկներին»,-ասաց Արշակյանն ու կոչ արեց հարցին լուրջ վերաբերվել, դա մեկ շաբաթում կամ նույնիսկ մեկ ամսում լուծվող հարց չէ: