ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ունեն գործիքակազմ՝ ստուգելու՝ դատավորը կոռուպցիոնե՞ր է, թե ոչ

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ունեն գործիքակազմ՝ ստուգելու՝ դատավորը կոռուպցիոնե՞ր է, թե ոչ

 «Հրապարակ» -ի հարցազրույցը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ

-Պարոն Զոհրաբյան, Հայաստանի բոլոր դատավորների վեթթինգ, ի՞նչ կասեք։

Վերջերս շատ մոդայիկ է դարձել օտարալեզու տերմիններն օգտագործելը։ Որքանով հասկացել եմ այդ «վեթթինգ»  բառի կիրառման իմաստից ու դրան առնչվող որոշ մեկնաբանություններից, դա զտման ինչ-որ մեխանիզմ է։  Հարցն այն է, թե  ի՞նչ գործիքակազմով ու ծավալով է զտումն իրականացվելու։ Մինչև դա պարզ չլինի, կարծում եմ՝ դրա վերաբերյալ մասնագիտական լուրջ կարծիք երևի թե դժվար կլինի ներկայացնել։ Եթե հիշում եք՝ նախկինում էլ անցումային արդադարադատության մասին խոսք կար, դրա մասին տարբեր կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, ինքս էլ քննադատական տեսակետ հայտնեցի: Բայց այդ նույն «անցումային արդարադատություն» հասկացությունը կարելի է մեկնաբանել՝ հաշվի առնելով իր ծավալը և միջոցառումների ցանկը։ Հիմա, եթե խոսքը զուտ դատավորների՝ նախկին հանցավոր  կապերը բացահայտելու կամ  ունեցվածքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու մասին է, ապա հարց է ծագում՝ իսկ նրանց մասնագիտական որակները ստուգվելու՞ են, թե ոչ։ Եթե ստուգվելու են, հաջորդիվ ծագում է մյուս հարցը․ ո՞վ է դա իրականացնելու: Արդյոք իրականացնող հանձաժողովն ի վիճակի է լինելու պրոֆեսիոնալ դատավորներին զտել։

- Ըստ Փաշինյանի, Զտման մեխանիզմների մեջ ոնց որ թե չկար դատավորի մասնագիտական որակ ստուգելը։

-Քանի որ չգիտեմ՝ ինչպես է դա արվելու, չեմ կարող հստակ պատասխանել: Ընդ որում, պետք է նշեմ, որ դատական իշխանության համար նման խաղի կանոն կարող է սահմանել միայն Ազգային Ժողովը՝ օրենք ընդունելու միջոցով։ Ավելին՝ այդ օրենքը պետք է չհակասի Սահմանադրությանը։ Մենք Սահմանադրությամբ ունենք իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, որը պետք է հաշվի առնել։ Նույնիսկ Ազգային ժողովը չի կարող այնպես անել, որ դատական իշխանության անկախությունը վերացնի։ 

-Այդ վեթթինգը, այսինքն, նշանակում է վերացնե՞լ։

-Չգիտեմ՝ այդ  «վեթթինգ» անվան տակ ինչ է անելու մեր պետությունը։ Եթե վեթթինգի տակ իրականացնելու է դատավորների ատեստացիա և զուգահեռ ստուգելու է, թե որ դատավորն ինչ կապ ունի նախկին պաշտոնատար անձանց հետ, դա լրիվ այլ միջոցառում կարող է լինել, եթե այլ կերպ՝ լրիվ այլ։ Տեսեք՝ ուզո՞ւմ ենք արդարադատության համակարգն առողջացնել։ Եթե ուզում ենք, այդ «վեթթինգ» կոչվածը բավարա՞ր միջոց է դա անելու, թե ոչ։ Ըստ իս՝ ոչ։ Մենք պետք է այստեղ համալիր միջոցառումների ցանկ հաստատենք և դրանք իրականացնենք։ Օրինակ՝ միայն դատավորի անձով չի պայմանավորված, դատավորներին պետք է բեռնաթափել։ Ծանրաբեռնված դատավորը որքան էլ պրոֆեսիոնալ լինի, չի կարող որակյալ քննել այն քանակի գործեր, որոնք որ ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չի լինելու խորն ուսումնասիրել։ Մյուսը՝ դատավորի նյութական վիճակի բարելավման հարցն է։ Դատավորին պետք է բարձր աշխատավարձ տալ, որպեսզի արդեն իսկ բարձր աշխատավարձ ստանալով՝ առնվազն չգայթակղվի կողմնակի եկամուտներ ունենալու հնարավորությունից։

-Բարձր չե՞ն դատավորների աշխատավարձերը։

- Կարծում եմ՝ ոչ։ Գործադիր ու դատական իշխանությունները, ըստ էության, համակարծիք չեն միմյանց հետ։ Եթե նախկինում դատական իշխանությանը մեղադրում էին գործադիրի կցորդ լինելու մեջ, այսօր կարծես թե այդ հարցը չկա։ Կարծում եմ՝ կարելի է որոշակի միջոցառումների միջոցով այսօրվա եղած դատավորների կազմով էլ, իհարկե, որոշներից ազատվելով, դատական իշխանության նորմալ գործունեությունն ապահովել։ Գործադիր  իշխանությունն ունի նաև հատուկ ծառայություններ, այսինքն՝ ունի բավարար ռեսուրսներ՝ բացահայտելու դատավորը կոռումպացվա՞ծ է, թե ոչ։

-Աա՞ծ։

-Թեկուզ ԱԱԾ-ն: Օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմին է նաև ոստիկանությունը։ Այսինքն՝ հեշտորեն կարող են այդ կառույցների միջոցով պարզել՝ դատավորը կոռումպացվա՞ծ է, թե չէ, դատավորն այս գործով որոշում կայացնելու կաշկանդվա՞ծ է իշխանավորի ազդեցությա՞մբ, թե՝ ոչ։ Այս գործիքակազմով, կարծում եմ, այսօր էլ կարելի է դատական իշխանությանը ճիշտ ճանապարհի վրա դնել։

-Ծա՞նր չի լինի Մոնոմախի՝ ԱԱԾ-ի գլխարկը, կամ չի՞ մեկնաբանվի, թե վարչապետին ենթակա կառույցը միջամտում է իշխանության մյուս թևի գործունեությանը։

-Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտում է այն, ինչ փաստացի տեղի է ունեցել և այդ տեղի ունեցածը հանցագործություն է, ապա դա չի կարող դիտարկվել որպես միջամտություն։

-Կարելի՞ է ասել, որ առաջարկում եք վեթթինգ ԱԱԾ-ի միջոցով։ 

-Ոչ թե առաջարկում եմ, այլ դա այդպես պետք է լիներ։ Տեսեք՝ մենք ի՞նչ ենք ուզում, որ դատական իշխանությունը չդառնա գործադիրի կցորդը, բայց այս վեթթինգ կոչվածով արդյո՞ք դուրս չեն մղվի այն դատավորները, ովքեր ունեն սեփական տեսակետ և այն չի համընկնում կառավարության տեսակետի հետ։ Եվ կմնան այն դատավորները, ովքեր կամակատար են։ Սա կարող է լուրջ պրոբլեմի առջև կանգնեցնել, այսինքն՝ ունենանք մաքուր դատավորներ, բայց կառավարության կամակատարներ։ Սա, հավատացեք, ավելի մեծ խնդիր է առաջացնելու, քան այն, ինչ այսօր ունենք։ Միգուցե դա էլ է պետք, բայց պետք է այստեղ համալիր միջոցառումների ցանկ ներկայացնել և ունենալ հայեցակարգ։ Հայեցակարգի մեջ պետք է լինի նաև  կոնկրետ ախտորոշումը: Այսօր աչքաչափով ախտորոշում ունենք, որ…

-Կոռումպացվա՞ծ են։

-Ինձ թվում է՝ պետական բոլոր համակարգերում կոռուպցիա կա։ Կարող է՝ համակարգային չէ, բայց կա։ Կա նաև ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Հաճախ եմ մեջբերում, բայց հիմա էլ կասեմ․ սուրբ Գրիգոր Տաթևացին դեռևս 14-րդ դարում ախտորոշել է արդար դատաստանի խեղաթյուրման 4 պատճառները, 1-ին՝ կաշառք, 2-րդ՝ երեսպաշտություն կամ կողմնապահություն, օրինակ, երբ մարդն ընկերոջ համար արդարադատությունը ծռում է, 3-րդ՝ վախ, երբ դատավորը վախենում ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյայից կամ անձից, 4-րդ՝ տգիտություն։

 Չորս պատճառ, որոնք այսօր էլ ակտուալ են։  14-րդ դարում հոգևորականը հստակ նշել է՝ ինչից պետք է սկսել, հեծանիվ չպետք է հորինել։ Այսինքն՝ այս 4 պատճառի վրա ազդելու միջոցները պետք է գտնենք։  Կաշառքը վերացնելու համար պետք է դատավորների իրավագիտակցությունը բարձրացնենք և նյութական պայմանները բարելավենք։ Երեսպաշտություն, կողմնակալություն․ այստեղ օրենսդրական որոշակի կառուցակարգերի ներդրում է պետք, և էլի՝ իրավագիտության բարձրացում, որովհետև դատավորն այն կարգի իրավագիտակից պետք է լինի, որ հասկանա, որ ընկերոջը պետք է մերժի, պետության հաշվին լավություն չանի։ Վախը․ այստեղ 2 թիրախ կա՝ իրավագիտակցության բարձրացում, եթե մարդն իրավագիտակից է, չի վախենում, և մյուսը՝ այնպիսի պայմանների ստեղծումն է, որ դատավորը չվախենա։ Օրինակ՝ գործադիրի հետ կամ դատական համակարգի ներքին հարաբերություններում այնպիսի ազդեցություն չլինի, որ դատավորն ասի՝ եթե այսպես անեմ, ինձ վաղը կարող են վնասել։ Այսինքն՝ վախից ձերբազատվելու համար պետք է նաև այդպիսի կառուցակարգ ունենալ։ Եվ վերջինը տգիտությունն է, այստեղ ոչինչ չենք կարող անել։ Այսինքն՝ դրա համար պետք է ընդամենը նորմալ կադրեր ունենալ։ Արդարադատության ակադեմիա պետք է ընդունվեն և ավարտեն միայն գիտակները: Նորից եմ ասում՝ շատ բան պետք չի անել, այս 4 թիրախների վրա ճիշտ ներգործելու դեպքում ամեն ինչ լավ կլինի։

-Հրաժարականի ենթակա դատավորների դեպքում կար այդ քաղաքական կապերի բաղադրիչը։ Հիմա․ Հայաստանը փոքր երկիր է, մարդիկ ծանոթ են իրար, ազգական են, ընկերներ, խնամիներ։ Այստեղ արդեն բզկտումների ու ուրացումնե՞րի վտանգ չկա։

-Ի վերջո, մեր դատական համակարգը եռաստիճան է։ Ինչո՞ւ, որովհետև օրենսդիրը նախատեսել է, որ դատավորը կարող է սխալվել։ Ընտ որում, սխալներից մեկը կարող է լինել իր կողմնապահությունը․ գործով լինի իր ազգականը, թաքցնի, չասի, նրա օգտին որոշում կայացնի։ Մյուս ատյանները նրա համար են, որպեսզի ֆիլտրվելով, մաղվելով՝ 3-րդ ատյանում հարցը լուծվի։ Ողջամտության կանխավարկածի համաձայն որոշվել է, որ երեք ատյանը բավարար է սխալները շտկելու համար։ Այս պայմաններում, եթե նույնիսկ մեկը սխալվում է, մյուս ատյաններում կարելի է սխալը շտկել։ Ու սա չպետք է սարքել ողբերգություն, նորմալ է կարող է այդպես էլ լինի։ Ուղղակի պետք է պարզել՝ դիտավորյա՞լ է սխալվել, թե ոչ։ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի վարքագիծը քննարկել և նրան պատասխանատվության ենթարկել և եթե հայտնաբերի ակնհայտ և կոպիտ խախտում:

-Իսկ ողբերգություն դարձնել, որ գերակա շահի զոհ դարձած քաղաքացիների գործեր են քննել կամ Հայաստանը պարտվել է ՄԻԵԴ -ում։

-Իսկ եվրոպական երկրները չեն պարտվո՞ւմ՝ Գերմանիա, Ֆրանսիա, բոլորի դեմ ակտեր կան։ Այլ բան է, եթե գտնում են, որ ինչ-որ քաղաքական գործեր հատուկ պատվերով են լուծվել։ Հնարավոր է՝ դա է վարչապետը նկատի ունեցել, չեմ կարող հստակ մեկնաբանել։ Նախ, եթե այդպես նայենք՝ Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանի բոլոր կազմերին պետք է հեռացնել, որովետև ոնց ուզում է լինի, գործը ՄԻԵԴ հասնելուց առաջ պետք է անցներ այս վերադաս ատյանների ֆիլտրով:
 
-Միգուցե տրամաբանական է։

-Պատկերացրեք մի հիվանդանոց, որտեղից բոլոր բժիշկներին հանում ենք, ասուոմ ենք՝ լավ չեք բուժում մարդկանց, գնացեք, նոր բժիշկներ կբերենք։ Իսկ ընթա՞ցքը։ Չէ, որ նոր բժիշկների համար ժամանակ է պետք, փորձառություն: Եթե այսօր 200 դատավոր հրաժարական տվեց, ի՞նչ ենք անելու։

-Մամուլը գրել էր, որ շուտով լինելու է դատավորների կողմից հրաժարականի դիմումների տեղատարափ։ Հիշեցնենք, որ ըստ վարչապետի՝ պետք է հրաժարական տան դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ։ Հավատո՞ւմ եք, որ որևէ դատավոր իրեն այդպիսին կհամարի։

-Նիկոլ Փաշինյանի խոսքն, իհարկե, հրաժարական տալու առաջարկ էր, բայց այն դատավորներին ուղղված, որոնք «վատն են»: Սա կարող է հակառակ էֆեկտն առաջացնել։ Այսինքն «վատ» դատավորները կարող է հրաժարական չտան, մտածելով , որ դրանով կարժանանան «վատ» դատավորների տիտղոսին, իսկ նորմալ դատավորները հրաժարական ներկայացնեն իրենց վիրավորվածությունից ելնելով: