Դատավոր է նշանակվելու կեղծ քննությունների պատասխանատուներից մեկը

Դատավոր է նշանակվելու կեղծ քննությունների պատասխանատուներից մեկը

Բարձրագույն դատական խորհուրդն օրերս անցկացրեց դատավորների քննությունների հարցազրույցի փուլը: Քրեական մասնագիտացման բաժնի համար 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 4-ը։ Նրանց թվում է դատախազության 3-րդ կայազորի զինդատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը։ 3-րդ կայազորային քննչական վարչությունը սպասարկում է Մարտակերտի զորամասերը։ Վերջին տարում տեղի ունեցած քրեական դեպքերից, դատական գործերից, որոնք հանրությանը հայտնի են, առնվազն հինգը վերաբերում են Մարտակերտի 5-րդ պաշտպանականին: Դեպքերի հանգամանքները մինչեւ վերջ չեն պարզվում, մնում են մութ ու չպարզաբանված տուժողների հարազատների համար: Թվարկենք առավել աղմկահարույց դեպքերը։ 

Երրորդ կայազորն է զբաղվել երեւանցի զինծառայող Կ․-ի բռնաբարության գործով։ Նրա նկատմամբ բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին բռնություն է տեղի ունեցել՝ սպա Գ․-ն, տղայի խոսքերով, նրան ծեծել է եւ պարբերաբար բռնաբարել: Գործը հարուցվելուց հետո շատ արագ այն  շրջել է տուժողի դեմ, նրան սուտ մատնության մեղադրանք են ներկայացրել, նա ամիսներով ապօրինի պահվել է զինվորական ոստիկանությունում, ճնշումների ներքո ցուցմունքներ տվել, որոնցից հետագայում դատարանում հրաժարվել է։ Այժմ գործը լսվում է Ստեփանավանի դատարանում։

Երրորդ կայազորը քննում է նաեւ զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի գործը։ Նա մահացել է 2017-ի նոյեմբերի 4-ին՝ զորամասի պահեստում ականի պայթյունից՝ մարմնով փակելով հակատանկային ականը: Հրամանատարության հանցավոր անփութության պատճառով ականը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքերի մեջ՝ դառնալով նրա մահվան եւ եւս երկու զինծառայողների վիրավորման պատճառը: Նախաքննությունը տեւել է 2 տարի:
Մարտակերտում է ծառայել նաեւ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը, որը հոգեկան խնդիրներ ունի, սակայն ՊՆ-ն նրան երկար ժամանակ մեղադրում էր սիմուլյանտության մեջ։ Մարտակերտի զորամասում «կամբատը» դաժան ծեծի է ենթարկել տղային, քրեական գործ է հարուցվել, որի շուրջ ձեւական եւ երկարուձիգ քննություն է կատարվում։ 

Եվ ահա՝ այս կայազորի ղեկավարներից մեկը, Արդարադատության ակադեմիայում  սովորելուց հետո, նշանակվելու է դատավոր։