«Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ

«Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ այն դատարանում է։ Զոհվածների հարազատներից տեղեկացանք, որ դատական առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 13-ին, ժամը 15-ին՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում։

Այս գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ։ Զոհվածների իրավահաջորդները մտավախություն ունեն, որ ամեն գնով փորձում են մեղմացնել ավտովթարի պատճառ դարձած «Տոյոտա Հիլուքս»-ի վարորդի մեղքը։ Ի դեպ, վերջինիս շահերի պաշտպանը Սեդա Սաֆարյանն է։ Հիշեցնենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 անձի առողջությանը պատճառվել են միջին եւ ծանր մարմնական վնասվածքներ: