Հենրիխ Մխիթարյանը հետաքրքիր փաստեր է ներկայացրել Հայաստանի մասին (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հետաքրքիր փաստեր է ներկայացրել Հայաստանի մասին (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը իտալացի երկրպագուներին հետաքրքիր փաստեր է ներկայացրել Հայաստանի մասին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալերենով երկրպագուներին է պատմել հայրենիքի ու իր մասին։ Ֆուտբոլիստի տեսահոլովակը հրապարակվել է «Ինտեր» ակումբի պաշտոնական հարթակներում։

Տեսահոլովակի սկզբում Հենրիխ Մխիթարյանը թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։

«Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, հատկապես ամռանն այնտեղ շատ տաք է։ Ես վերադառնալու եմ այնտեղ, երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս»,– ասում է նա տեսահոլովակում։

Առաջին անգամ Հայաստան այցելողներին նա խորհուրդ է տալիս այցելել Սևանա լիճ, Խոր Վիրապ, որտեղից կարելի է տեսնել նաև Արարատ լեռը։ նա խորհուրդ է տալիս այցելել նաև հայկական ռեստորաններ «լավ հաց ուտելու» համար։

Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակում պատմում է նաև, թե ինչպես սկսեց ֆուտբոլ խաղալ և իր հոր` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։

«Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,– ասել է նա։

Մխիթարյանը պատմել է նաև, թե ինչ սպորտաձևեր են սիրում Հայաստանում և ինչ հաջողություններ է գրանցել մեր երկիրը այլ սպորտաձևերում։ Նա օրինակ է բերել, մասնավորապես, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին։