Հանրայինը գաղափարների եւ մարդկային ռեսուրսի հոսք է ընդունում 

Հանրայինը գաղափարների եւ մարդկային ռեսուրսի հոսք է ընդունում 

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 10 -ին Հանրային հեռուստաընկերության խորհուրդը հայտարարեց հեռուստատեսային նախագծերի բաց հարթակի մասին՝ առաջարկելով, որ ցանկացողները ներկայացնեն հեռուստահաղորդումների նախագծեր։ Հուլիսի տասին ավարտվել է նախագծերի առաջարկների ժամկետը։

«Հրապարակը» բաց հարթակի միջոցով ուղարկված նախագծերի, դրանց ուղղվածության և ամփոփման ժամկետների մասին խոսել է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի խորհրդական Տիգրան Պասկևիչյանի հետ։  Վերջինիս խոսքով, ազատ հարթակի միջոցով մեկ ամսում ստացվել է շուրջ 550 առաջարկ։ Պասկևիչյանն ասում, որ, իհարկե, հեղինակների թիվն ավելի քիչ է, որովհետև շատերը մի քանի նախագծեր են առաջարկել։

«Առաջին տպավորությամբ, կարելի է առանձնացնել մոտ 100 հաջող նախագիծ։ Հենց այսօր կարելի է սկսել դրանցից առնվազն երեսունի արտադրությունը։  Մնացած յոթանասունն օգտակար են, բայց հեղինակների հետ աշխատելու, գաղափարներն աճեցնելու, ճշգրտումներ անելու կարիք ունեն»,-ասում է Տիգրան Պասկևիչյանը։

Հարցին, թե նախագծերի հեղինակների թվում կա՞ն հայտնի լրագրողներ, հեռուստամեկնաբաններ, ռեժիսորներ, ՀՌԽ  նախագահի խորհրդականն ի պատասխան՝ ասաց․«Անուններ չեմ ուզում նշել, բայց, հայտնիները քիչ չեն»։ Հաղորդումների եւ հեղինակների թվի սահմանափակում չկա, ընտրվելու են բոլոր նախագծերը, որոնք լավն են, հետաքրքիր և վարկանիշ կապահովեն։

Հեռուստանախագծերը եղել են ամենատարբեր ուղղվածության․մշակույթ, հասարակություն, ժամանցային, անգամ սերիալների սինոփսիսներ (սերիալների կարճ նկարագրություն)։ «Հարթակը նաեւ հայելու դեր կատարեց, քանի որ մարդիկ ավելի շատ առաջարկում են այն, ինչը տեսնում են այսօրվա եթերում։ Այդ առումով զարմանալի չէր, որ հասարակական-քաղաքական բնույթի հաղորդումների նախագծերը համեմատաբար քիչ էին»,-մեկնաբանում է Տիգրան Պասկևիչյանը։ 

Ազատ հարթակի միջոցով ստացված առաջարկների վերաբերյալ ամփոփումները կարվեն մինչև օգոստոս։ Տիգրան Պասկևիչյանն ասում է, որ լավագույններին կընտրի գեղխորհուրդը։ Իր կարծիքով՝ գեղխորհրդում դրսից հրավիրված հեղինակավոր մասնագետների ներկայությունը հնարավորություն կտա խուսափել սուբյեկտիվ եւ կաղապարված մոտեցումներից։ Գեղարվեստական խորհուրդ հրավիրվելիք անձանց անուն-ազգանունները դեռ չեն հայտնում։ Առաջին փուլը հաղթահարած հեղինակները երկրորդում կներկայանան նախագծի առավել մանրամասն նկարագրությամբ եւ բյուջեով։  

Թե երբ նախագծերը կթողարկվեն ու եթեր դուրս կգան, պարոն Պասկեւիչյանը դժվարացավ պատասխանել, ասելով. «Այդ հարցն ուղղեք ՀՌԽ նախագահին»։