Արսեն Թորոսյանը ծննդատուն է փակել

Արսեն Թորոսյանը ծննդատուն է փակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանով փակվել է  Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Աչաջրի ծննդատունը:  NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանը՝ հավելելով․«Այսօր աղքատ ապրող ժողովրդի մոտ միայն դժվարություններ կառաջացնի այս ծննդատունը փակելը, չեմ կարծում` պետության համար դժվար էր պահել այս փոքր ծննդատունը: Պատճառաբանության մեջ նշվում է, որ մանկական մահացության հետ կապված միացվում են ավելի լավ պայմաններ ոնեցող ծննդատներին, սակայն 60 տարվա պատմության մեջ դեռ վատ դեպք չի գրանցվել այստեղ»,-ասաց նա:

Այս պահին բժիշկ-գինեկոլոգի մոտ հաշվառված են 100 հղիներ, տարվա ընթացքում էլ 29 ծնունդ է գրանցվել:
Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանեց․«Որքանով ես եմ տեղյակ՝ Աչաջրի ծննդաան հետ կապված մահացության որևէ դեպք չի գրանցվել ու նախկինում Աչաջրի ծննդատան լավ աշխատանքի մասին բազմաթիվ հրապարակումներ ու նյութեր եմ տեսել։ Թորոսյան Արսենի էդ միտումը՝ փակել ծննդատներ, կա դեռ հունվար ամսից, երբ Մարալիկինն էր փակվում, մնացածը․․․ Արծվաբերդինը և այլն։ Գտնում եմ, որ էդ որոշումը, հատկապես, սահմանամերձ գոտում գտնվող, արդարացված չէ։ Մենք պետք է խրախուսենք նման տեղերում թե՛ ծնելիությունը, թե՛ ծննդօգնությունը, թե՛ բժշկության զարգացումը, որովհետև էդ կետերում, իրենց կարող են լինել նույնիսկ կատարել ռազմադաշտային հոսպիտալի դեր անհրաժեշտության դեպքում»։

Գրիգորյանն ավելացրեց՝ մենք պատերազմող երկիր ենք, թշնամին էլ պարբերաբար դիմում է արկածախնդրությունների։ Ուստի մենք նման ռիսկի դիմելու իրավուք չունենք։ Իսկ  ժողովուրդը առաջին անգամը չէ, որ բախվում է  Արսեն Թորոսյանի չհիմնավորված որոշումներին ու չարդարացված նախագծերին։

«Հրապարակի» հետ զրույցում Աչաջրի գյուղապետ Կարեն Ղալթախչյանը մանրամասնեց, որ փակման պատճառաբանությունն այն է, որ ծննդատունը վիրահատարան չունի,  վիրահատարան ստեղծելուց հետո ծննդատունը կսկսի աշխատել։

«Երեկ ա եղել, բողոքի ակցիայով հարցը չի լուծվելու։ Հիմա երկուշաբթի օրը փորձելու ենք, տենանք ինչ ենք անելու։ Պիտի հանդիպենք նախարարի կամ կառավարության հետ՝ այդ հարցը քննարկելու»,-ասաց գյուղապետը։ Նա ևս վկայեց, որ իրենց մոտ մահացության որևէ դեպք չի եղել։

Հարցին, թե հավատո՞ւմ են, որ ծննդաբերական հիվանդանոցում վիրահատարան կստեղծվի կամ այն դրանից հետո կաշխատի, գյուղապետն ասաց․«Մենք ոչ մի բանի չենք հավատում, մենք հավատում ենք նրան, որ ծննդատունը փակվել ա»։