Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» հարթակի ամրապնդման համար. Շոյգու
Ռուսաստանն ակնկալում է, որ հոկտեմբերին Թուրքիայում կայացած նախարարական հանդիպումից հետո Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպման ժամանակ։
«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ամրապնդման համար։ Ակնկալում ենք, որ նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա», – ասել է նա։
Հիշեցնենք` «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Այդ ժամանակ նիստին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվեց մասնակցությունից։
Հարթակի երկրորդ նիստը (արտգործնախարարների մակարդակով) կայացավ 2023 թվականի հոկտեմբերին Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Վրաստանը չմասնակցեց նաև երկրորդ նիստին։
«3+3» ձևաչափով 3-րդ նիստը կազմակերպվեց Ստամբուլում։ Վրաստանն այս անգամ ևս չմասնակցեց քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները` Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը։
Կարծիքներ