Աղբակույտի մեջ մարգարիտ լինելն էլ մի բան չէ

Աղբակույտի մեջ մարգարիտ լինելն էլ մի բան չէ

Այսպես կոչված՝ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության օրերին բոլորին թվում էր, որ Նիկոլ Փաշինյանը թիմային գործիչ է: Թիմը հստակ չէր, իհարկե, որովհետեւ այնտեղ շառլատաններից սկսած մինչեւ ջեբկիրներ էին վխտում, բայց, այնուամենայնիվ, նկատելի էր, որ բոլորով մեկ գործ էին անում, եւ նրանց հոգին Փաշինյանն էր: Իշխանափոխությունից հետո, սակայն, պատկերը կտրուկ փոխվեց: Այսօր արդեն ներքաղաքական պրոցեսներից շատ թե քիչ գլուխ հանող մարդիկ Փաշինյանի թիմը բնորոշում են մի ոչ այնքան հաճելի արտահայտությամբ` «ուր է այնտեղ թի՞մ»: Ինչո՞ւ այսպես ստացվեց, եւ ո՞վ է մեղավոր, որ «հեղափոխությունից» ոչ լրիվ տարի անց Փաշինյանի թիմն այնպես գահավիժեց, որ այդ թիմի առաջնորդն այլեւս նման է աղբի մեջ ընկած մարգարիտի: Արքան մերկ է, փաստորեն…

Դրա վկայությունը չե՞ն, արդյոք, կառավարության վերջին նիստերում վարչապետի ջղաձգումները, հանրային միջոցառումների ժամանակ ցուցաբերած անհավասարակշիռ եւ նեղացկոտ պահվածքը, իրավապահ համակարգի թիկունքում անձնական որոշումներ կայացնելու եւ այդ որոշումներն ԱԱԾ-ով, ՀՔԾ-ով ու ՔՔԾ-ով իրականացնելու համառությունը: Փաստորեն, Փաշինյանն էլ է զգում, որ մնում է մենակ: Ինչի՞ մասին է խոսում սոցիալական ցանցերում զոմբիների եւ ֆեյքերի թվի կտրուկ անկումը: Փաշինյանն այսօր ունի 88 պատգամավոր, 12 նախարար եւ մեկական ոստիկանապետ, ԱԱԾ պետ եւ ՀՔԾ պետ: Վերջ, սա է մնացել նրա թիմից: Ինչո՞ւ: Թի՞մն է երես թեքել, թե՞ Փաշինյանն է տրվել աղբի մեջ միակ մարգարիտը լինելու հաճելի զգացմունքին: Եթե առաջինն է, ապա Փաշինյանը պետք է մտածի ձիերը փոխելու մասին, իսկ եթե երկրորդը, ապա նրա իշխանությանը շատ քիչ է մնացել, որովհետեւ ժողովուրդը երբ հիասթափվում է, սկսում է չնկատել աղբի մեջ պսպղացող բաները: 

Ես ընդամենը մեկ-երկու դեպք եմ հիշում, որ Նիկոլ Փաշինյանը կանգնի թիմակցի թիկունքին: Մի անգամ պաշտպանեց Հայկ Մարությանի խայտառակ հայտարարությունը «սեւերի» եւ «սպիտակների» մասին, մի անգամ էլ փորձեց ք…-ից հանել Սասուն Միքայելյանին, երբ վերջինս իր ուժերն էր փորձել փիլիսոփայության ասպարեզում` «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը» դարձնելով «Հոռոմի էն իքը»: Բայց նույնիսկ Հայկ Մարությանին ու Սասուն Միքայելյանին Փաշինյանը չպաշտպանեց նույն ոգով, ինչպես հետո պաշտպանում էր խաշ ուտելու իր իրավունքը: Ուղղակի ձեռքի հետ, հենց այնպես լղոզեց, գնաց առաջ, որովհետեւ համոզված էր, որ հնարավոր չէ նման բաները պաշտպանել:

Ձեզ չի՞ թվում, որ կառավարության նիստերին նախարարներն ասես գալիս են եկեղեցում մոմ վառելուց, մի տեսակ վախվորած, ընդհուպ՝ ապուշացած: Այդ մարդիկ անելիք չունեն, ասելիքն էլ վերջացել է: Եթե առաջ զեկուցում էին, թե ով քանի ավտոմեքենայից է հրաժարվել, ով քանի մարդով է օպտիմալացրել իր հիմնարկը, ով քանի նախկին պաշտոնյայից է ազատվել, այսօր դա էլ չկա: Նախարարները գալիս են նիստի, որ լսեն Փաշինյանի հերթական, մատից ծծած որոշումներն ու հեռանան խաչակնքելով, որ այդ անգամ էլ անփորձանք ազատվեցին: Յա՛ա՛ա՛, որոշել են կառավարության նիստերը դռնբաց անել: Իսկ ո՞ւմ են հետաքրքիր այդ կլոունադաները, որոնք շնչավոր ռեկվիզիտների մեջ տեղավորված մեկ դերասանի ներկայացում են հիշեցնում:
Իսկ ի՞նչ ասել Փաշինյանի 88 պատգամավորի` այդ աննախադեպ ազգային խայտառակությունների մասին, որոնց տիրություն անել Փաշինյանը չի էլ պատրաստվում: Ինչքան շատ են բերանները բացում, այնքան շատ են խայտառակվում, ինչքան շատ են խայտառակվում, Փաշինյանն այնքան շատ է ուրախանում, որովհետեւ… Այո, որովհետեւ այնքան ավելի հստակ է ինքն առանձնանում թիմ կոչված այդ հանրույթից:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարներին կամ ԳՄ նիստերին գոնե մեկ-մեկ նախատում էր թիմակիցներին, զայրանում, երբ նրանք իրենց հայտարարություններով ու քայլերով վատնում էին կուսակցության ռեսուրսը: Կներեք, իհարկե, բայց Նիկոլ Փաշինյանի տանձին էլ չէ, թե ինչով են զբաղված թիմակիցները` ով գողացավ, ով լափեց, ով էշություն դուրս տվեց: Միայն պոպուլիստական հայտարարություններ է անում` օրենք խախտողը մերոնցից էլ լինի, չենք խնայելու: Ինչպես ասում են` աչքս տեսնի, պարոն Փաշինյան, աչքս տեսնի:

Օրերս Փաշինյանի աներձագը հայտարարել էր, որ իրենց մեջ, ճիշտ է, կան սորոսականներ, բայց նրանց արդեն «վերբովկա» են արել, այսպես ասած` ընտելացրել են: Սա շատ հետաքրքիր հայտարարություն է, ի դեպ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում վխտացող կապիտան Սորոսի որդիների գործունեության պատճառով հանրության մեջ կարծիք է ձեւավորվել, որ նոր իշխանությունները քանդում են երկիրը: Սա եւս մեկ առիթ է Փաշինյանի համար` թիմից առանձնանալու, այլապես իշխանություն ասվածի մեջ ինքն էլ կա, եւ հազիվ թե սորոսական մուրն իրեն չքսվի:

Հաստատ պետք չէ մոռանալ հայտնի ճշմարտությունները: Իշխանությունը հաճելի բան է, իսկ լավ բաներին մարդիկ շուտ են սովորում: Մարդկային թուլություններից զերծ չեն նաեւ Փաշինյանի թիմակիցները, որոնք այս կարճ ժամանակամիջոցում ոչ միայն ընդօրինակեցին նախկիններին, այլեւ առաջ անցան նրանցից եւ արդեն փրձում են մնալ պատմության մեջ: Նրանց սիրտը «քաղաքացու օր» է ուզում, հասկանում ես, որը, չգիտես ինչու, պետք է կապվի հենց ապրիլի 23-ի «աշխարհացունց» իրադարձության հետ: Կարելի է մտածել` ՀՀ քաղաքացին շատ կնեղվեր, եթե լիներ, օրինակ, ՀՀ սահմանադրության եւ քաղաքացու օր: Ոչ, որոշել են իրենց քայլարշավով պայմանավորել Հայաստանում քաղաքացու ծնունդը: Բայց օրվա պլակատները հայտնի են, չէ՞, արդեն` Նիկոլի վիրավոր ձեռքը, ուսապարկը, քայլակոշիկը (բոթասը), «դուխով» գլխարկը, օդում` «դըմփ-դըմփ հու»-ն: Ու քանի դեռ Փաշինյանի քաղաքական թիմի անդամներն այնքան քաղաքական հոտառություն չունեն, որ սրանով Նիկոլ Փաշինյանը եւս մեկ հնարավորություն է ստանում ընդգծվելու իրենց դժգույն ֆոնին, դուխով կսատարի այս նախաձեռնությանն ու Քաղաքացու օր գեղեցիկ երեւույթը կճխտի ապրիլի վերջին շաբաթ օրվա մեջ:

Ամփոփելով` գանք մեր հարցադրմանը` ինչո՞ւ է գահավիժում Փաշինյանի թիմը, եւ ո՞վ է մեղավոր: Գահավիժումը, կարծում ենք, ունի մի քանի օբյեկտիվ պատճառներ, որոնցից ամենածանրակշիռը թերեւս այն է, որ հեղափոխությունն ավարտվել է, իսկ խոստումները չեն կատարվել: Նոր կառավարությունն ու ԱԺ-ն ցուցադրել են իրենց անճարակությունը բոլոր ուղղություններով` ամեն ինչ թողնելով Փաշինյանի հույսին: Այստեղից էլ բխում է մեր հարցի երկրորդ մասի պատասխանը` Հայաստանում այսօր Նիկոլ Փաշինյանից բացի ուրիշ մարդ չկա, որ գահավիժման մեղքը վրան բարդենք:

Փաստորեն, աղբակույտի մեջ մարգարիտ լինելն էլ մի բան չէ: