Ով է տեսչականի նոր պետը 

Ով է տեսչականի նոր պետը 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին: 

«Վերջին ամիսների մի շարք իրադարձություններ ստիպեցին մեզ, որպեսզի նոր ազդակ հաղորդենք տեսչական մարմնի գործունեությանը եւ գնանք այս փոփոխություններին», - ասել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ մենք սեպտեմբերի 2-ին գրել էինք, որ «Հաջորդ թիրախը տեսչական մարմիններն են»՝ փոխվելու են տեսչությունների ղեկավարները եւ կառավարությունում տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարը։ Եւ փոփոխությունները շատ չսպասեցրին՝ օրերս հրաժարական տվեց  Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։ Նրա փոխարեն նշանակվել է Գարեգին Խաչատրյանը, որը ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ է։ 

Նա սրսուռ «նախկին» է՝ 2014թ. նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի պետ և ստացել է համայնքային ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան: 

2019թ.նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ: 

2020թ. ապրիլին նշանակվել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ: 

Նկատենք, որ այս բոլոր պաշտոններն առնչվել են գույքի եւ տարածքների հետ, որտեղ, որպես կանոն, կոռուպցիոն մեծ ռիսկեր են առկա։ Նոր պաշտոնն էլ, ի դեպ, այդ առումով, շատ չի զիջում նախորդներին։