Դեսպաններին հրահանգել են տոնական ընդունելություն չանել

Դեսպաններին հրահանգել են տոնական ընդունելություն չանել

Երեկ լուր էինք հրապարակել առ այն, որ ԱԳՆ ղեկավարությունը հանձնարարական է տվել դեսպաններին՝ կազմակերպել ընդունելություն Անկախության տոնի առիթով, ինչը դեսպանների շրջանում դժգոհություն է առաջացրել, քանի որ հայ համայնքներում առկա են ընդդիմադիր տարրեր և բարդ է առանց տհաճ միջադեպերի մեծ ընդունելություն կազմակերպելը: Մասնավորապես գրել էինք. «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փորձում է դեսպանատանը ընդունելություն կազմակերպել, սակայն վախենում է, որ հրավիրյալները կմերժեն մասնակցելու հրավերը կամ բողոքի ակցիա կկազմակերպեն դեսպանատանը եւ դա կանխելու համար որոշել է մի քանի ֆիլտր կիրառել...սկզբում հյուրերի հետ դեսպանության աշխատակիցներն են կապվում՝ հրավիրյալի տրամադրվածությունը Հայաստանի իշխանության նկատմամբ ճշտելու համար, հետո դեսպան Մակունցն է զանգում անձամբ զրուցում հրավիրյալի հետ, հետո նոր հրավեր են ուղարկում դեսպանության անունից»:

Այսօր մեզ հետ կապվեց ՀՀ դեսպաններից մեկը եւ օգտակար պարզաբանումներ տվեց: Անկախությունից ի վեր, արդեն քառորդ դար, ինչ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպությոններում  գործում են մեր դիվանագիտական առաքելությունները եւ ներկայացուցչությունները, մեր գլխավոր ազգային տոնի առիթով հավատարմագրման երկրների մայրաքաղաքներում ընդունելություն են կազմակերպվլ: Եւ ոչ միայն այս տոնը, այլեւ տարվա մեջ մի քանի անգամ ՀՀ դեսպանները տարբեր մակարդակի եւ մասշտաբի ընդունելություն են կազմակերպում, որին հրավիրվում է դիվանագիտական կորպուսը, այսինքն՝ իրենց գործընկերներն այլ երկրներից, տվյալ երկրի կառավարության, խորհրդարանի, հատկապես ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտության, մշակույթի, մարզաշխարհի, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի ամենաերեւելի դեմքեր, դեսպանության բարեկամներ։

Հրավիրվածների թիվը որպես կանոն գերազանցում է 100-ը, երբեմն հասնում 150-ի, 200-ի: Դա կախված է ոչ միայն հավատարմագրման երկրի հետ Հայաստանի քաղաքական մերձությամբ  կամ ռազմական համագործակցության կարեւորությամբ, տնտեսական, մշակութային կապերով, հայ համայնքի կշռով, այլեւ հայ դեսպանի անձով, նրա աշխատանքով, հեղինակությամբ: Բոլոր դեպքերում պետական տոնի առթիվ ընդունելության նախապատրաստումը եւ անցկացումը հսկայական կազմակերպական ու ֆինանսական ջանքեր եւ միջոցներ են պահանջում, երբեմն Երեւանից ուղարկվում են լրացուցիչ միջոցներ, իրենց օժանդակությունն են բերում հայկական տեղական կազմակերպությունները, եկեղեցիները, անհատներ: Դիվանագիտական շրջանակներում հեգնանքով են վերաբերում այն երկրներին, որոնք խուսափում են հյուրասիրությամբ ուղեկցվող նման մեծ միջոցառումներից: Այդպիսի խեղճություն են դրսեւորում Հյուսիսային Կորեան, Կուբան, Մոլդովան, Մոնղոլիան, աֆրիկյան ու լատինամերիկյան որոշ երկրներ:  Բարոյական նվաստացում է որեւէ դեսպանի համար, երբ գործընկեր դեսպանի հայտարարած ընդունելությանը, իսկ իր կնոջ հետ ինքը ներկայանում է մյուսների ընդունելությանը, բայց «պատասխան» հրավեր չի կազմակերպում: Սա դիվանագիտական էթիկետի մաս է կազմում:

Պաշտոնական ընդունելությունները ոչ միայն սեփական երկիրը կարեւորելու եղանակ են, այլեւ տարբեր նշանակալի անձանց հետ շփվելու, տեղեկատվություն փոխանակելու, կապեր հաստատելու միջոց: Նման ընդունելություններին պատրաստվել սկսում են եթե ոչ ամիսներ, ապա գոնե շաբաթներ առաջ` բյուջե են հաստատում, հանդիսությունների սրահ պատվիրում, պայմանագիր կնքում սննդի սպասարկման բնագավառի վստահելի ընկերության հետ, հրավիրատոմսեր տպագրում եւ առաքվում, ճաշացանկ հաստատում, Երեւանից հուշանվերներ պատվիրում, միջոցառման բովանդակությունը հստակեցնում:

Առանձին եւ հոգսաշատ խնդիր է մեր դեսպանի համար ելույթի տեքստ պատրաստելը, որը նախօրոք փոխանցվում է գլխավոր հյուրին՝ տվյալ պետության այն պաշտոնյային, որն իր երկրի կառավարությունը պետք է ներկայացնի մեր տոնակատարության ժամանակ եւ հանդես գա ելույթով: Այս տարի, ինչպես անցյալում, սկսել են ազգային տոնին պատրաստվել` ըստ կարգի, առանց ԱԳՆ-ի հրահանգավորման: Եւ ի զարմանս իրենց` ընդամենը տոնից 1-2 օր առաջ ԱԳՆ-ից հրահանգ է եկել` ընդունելություն չանել, ինչը մեծ զարմանք եւ տհաճություններ է պատճառել շատերին: Ոմանք արդեն ծախսեր են արել, հրավիրատոմսեր ուղարկել եւ անակնկալի են եկել` երբ ասել են` պետք չէ: ԱԳՆ-ից չեն բացատրել չեղարկման պատճառը, սակայն թերեւս դա քաղաքական է` հնարավոր է, որ միջոցառումները ձախողվեին եւ Փաշինյանական իշխանություններին ուղղված ակցիաներով ուղեկցվեին, գուցե հենց դա է չեղարկելու պատճառը: 

Թերեւս Միացյալ Նահանգները սրա մեջ չի մտնում` մեր տեղեկությունը ԱՊՀ եւ եւրոպական երկրների դեսպանություններից են, իսկ ԱՄՆ-ում ընդունելությունը նախատեսված է սեպտեմբերի 30-ին եւ եթե այն կայանա` նաեւ Լիլիթ Մակունցի նորամուտի ընդունելությունը կլինի: Նա, որպես իշխող մեծամասնությանը  մտերիմ, կարող է բոլորից տարբեր ու վեր լինել։