Արմեն Սարգսյանը դասախոսություն կարդաց կորանավիրուսի, նոր  հնարավորությունների, քվանտային պրոցեսների ու անգամ՝ Նյուտոնի մասին

Արմեն Սարգսյանը  դասախոսություն կարդաց կորանավիրուսի, նոր  հնարավորությունների, քվանտային պրոցեսների ու անգամ՝ Նյուտոնի մասին

Կորոնավիրուսի այս ժամանակներում նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է կրեատիվ լինել։ Սկսել է առցանց դասախոսությունների շարք, որից առաջինն այսօր  տեսակապի միջոցով, հեռավար՝ ուղիղ նախագահական նստավայրից,  կարդաց ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների  ուսանողների համար։ Նրանցից  մի քանիսին Արմեն Սարգսյանն  էկրանի մյուս կողմից դիմեց անուններով՝ Լևո՞ն, Ալբե՞րտ: Խաժակն էլ պարզեց, որ ներկա չէր։ Սկզբում Արմեն Սարգսյանը ուսանողներին  հորդորեց «ինքնամեկուսացում» բառը շատ չօգտագործել։  Իր տարբերակն է՝ «հանրային հեռավորություն ենք պահում»։ Արմեն Սարգսյանը  ուսանողներին բացատրում էր, թե  դժվար օրերը թվացյալ են։ Իրականում՝  որևէ մեկի համար իր վրա, իր աշխատանքի վրա կենտրոնանալը  լավ բան է։  Իսահակ Նյուտոնի օրինակը վկա՝  ինքնամեկուսացումը հետո հանճարեղ մտքերով համալսարան վերադառնալու լավ հնարավորություն է։ Արմեն Սարգսյանը պատմում էր, որ երբ Եվրոպայում  հարյուր հազարավոր կյանքեր խլած լոնդոնյան համաճարակը, եկել հասել էր  Քեմբրիջի համալսարան, որի Թրինիթի քոլեջի ուսանող էր  Իսահակ Նյուտոնը,  և բուհը համաճարակի պատճառով փակվել է, ապագա մեծ գիտնականը, իսկ այն ժամանակ՝ ուսանողը  ինքնամեկուսացվել ու մեկ տարի ապրել  էր այդ ռեժիմով։ Բայց ինչե՜ր է հասցրել անել այդ ընթացքում։ «Նյուտոնը քոլեջի ղեկավարությանը խնդրեց, որ քոլեջից մեծ քանակությամբ գրքեր տանի իր հետ և վերադարձավ իր հայրական տուն, որտեղ անցկացրեց մոտ մեկ տարի։ Մեկ տարի նա ինքամեկուսացված էր, համարյա տնից դուրս չէր գալիս, երբեմն հարևան զարդերի խանութից գնում էր փոքրիկ բյուրեղներ: Թե ինչի համար հետո կասեմ։ Այդ մեկ տարվա ընթացքում Իսահակ Նյուտոնը հսկայական մտավոր գործունեություն ծավալեց, ժամանակն անցկացրեց կարդալով, առնվազն երեք ուղղությամբ հսկայական հաջողություններ ունեցավ: Մաթեմատիկայի հիմքերը՝ սկսած դիֆերենցիալ անալիզից, նաև Նյուտոնի անվան հետ են կապված»,-ասաց Արմեն Սարգսյանը։
Երկրորդն  արդեն օպտիկայի ոլորտն է, ու այստեղ  խանութից գնված բյուրեղներն օգտագործելով՝ այս հանճարեղ մարդը  երկրի վրա  առաջինը հայտնաբերեց, որ լույսը պարզ լույս չէ, կազմված է բազմաթիվ գույներից՝ սպեկտորից: Ըստ լեգենդի՝ Նյուտոնի ձգողականության տեսությունը հենց այդ դժնդակ համաճարակային  ժամանակներում է  ձևավորվել։ Ի հակառակ նրա, որ սա  դասագրքերում   կապվում է Նյուտոնի հայրական տան խնձորի ծառի հետ, Արմեն Սարգսյանը հերքում է։ Իսկ  որպես ապացույց վկայակոչվեց բուհի Թրինիթի սրահում  տնկված ծառը,  որը ցուցադրվում է  Քեմբրիջի այցելուներին։ Սարգսյանը ուսանողներին խորհուրդ է տալիս լինել  կազմակերպված և կարգապահ, պատասխանատվության զգացումով վերաբերել երկրին, ժողովրդին ու  իրե՛նց։ 
Իսկ կորանավիրուսին, Արմեն Սարգսյանն առաջարկում է նայել որպես մի երևույթի, որն անհրաժեշտ է։ Այս կետից սկսված՝ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր  նախկին դեսպանի ու  նախագահի դասախոսությունը մի քիչ գլոբալ աշխարհաքաղական, մի քիչ  հանրային առողջապահական ու, իհարկե, մաթեմատիկական  ուղղվածություն ստացավ։ Նախագահը  վստահություն հայտնեց, որ ուսանողները  < իմ նման  մի քիչ մաթեմատիկա, մի քիչ ֆիզիկա ու մի քիչ ծրագրավորում իմանալով> ,  կարող են գնահատել գլոբալ ռիսկերը և քվանտային  աշխարհի ռիսկերը։ Իրենց պահվածքով դրանք քվանտային են  բոլոր ռիսկերը՝  ֆինանսական, տնտեսական, գլոբալ աշխարհաքաղաքկան, համաճարակաբանական։ Ավելին՝  քվանտային է  անգամ ահաբեկչությունը: « Արդյո՞ք այդ վիրուսն է շատ տարբեր։ Այո, տարբեր է, որովհետև բոլոր վիրուսներն իրականում գոյություն ունեցող վիրուսների մուտանտներ են և նոր որակ են բերում իրենց հետ։Այսօր աշխարհը շատ տարբեր է։ Այդ աշխարհի մասին ես երկար տարիներ մտածել եմ, փորձել եմ նույնիսկ մաթեմատիկա կիրառել այնտեղ, անվանում եմ քվանտային։ Քվանտային այն իմաստով, որ այսօրվա աշխարհում տեղի ունեցող պրոցեսները դասական չեն, որովհետև արագություններն են տարբեր, մենք շատ հաճախ շատ մեծ արագությամբ ենք տեղափոխվում։ Երկրորդը՝ մեր կոմունիկացիան լույսի արագությամբ է։ Երրորդը՝ քվանտային է այն իմաստով, որ հին մոտեցումները՝ լինի քաղաքականության, տնտեսության, հարաբերությունների մեջ, համարյա չեն աշխատում, նոր ձևեր են ստեղծվում։ Հետևաբար, գլոբալ ռիսկերը ևս ձեռք են բերում որոշակի քվանտային բնույթ, այսինքն՝ նրանք դասական իմաստով կանխատեսելի չեն։ Կանխատեսելի չէ, թե, օրինակ, եթե վիրուսը սկսում է Չինաստանում, հաջորդ երկիրը որտեղ է, օրինակ, Իտալիայում է կամ, ենթադրենք, Ֆրանսիայում։ Սրանից ամիսներ առաջ իմ ելույթներից մեկում երբ խոսում էի քվանտային աշխարհի մասին, օրինակ բերեցի, որ, եթե հիվանդություն է սկսվում, ենթադրենք, Չինաստանում, հաջորդ երկրները կարող են լինել, ասենք, Արգենտինան և Իտալիան։ Սա, իհարկե, կանխատեսում չէր, այլ՝ նույնպես քվանտային պրոցես։ Իհարկե, կարող եք սա կոնսպիրացիայի տեսություն սարքել, թե՝ ես գիտեի, որ Չինաստանում կլինի, կգա Իտալիա, բայց սա ընդամենը քվանտային պահվածք է»,-հայտարարեց Արմեն Սարգսյանը։
 Նախագահի ամփոփմամբ՝  եկել ենք նոր աշխարհ, որտեղ հիմնական ներդրումը նոր տեխնոլոգիաներն են, թևակոխել՝ մի նոր գործընթաց, որ նա անվանում է R-evolution։ Այսինքն՝ rapid evolution՝ արագ էվոլյուցիա։ Այսինքն՝ ժամանակաշրջան, որտեղ ոչ թե փուլային անցումներ կլինեն, այլ՝ այդ փուլերը իրար կսերտաճեն, և կունենանք շատ արագ պրոցեսներ։
Դասախոսության ավարտին նախագահն  ուսանողներին  պատմեց, որ սկսել է Advance tomorrow  ծրագիր, որի նպատակն է՝ օգնել Հայաստանին դառնալ արհեստական բանականության ոլորտում  առաջատար երկիր։ Ուսանողներին նա առաջարկեց մտածել  կորոնավիրուսի հետ կապված մաթեմատիկական մոդելավորման խնդիր լուծելու մասին։  Դա կարող է լինել  ցանկացած խնդիր, որը կապված է գլոբալ ռիսկերի, դրա մոդելավորման հետ։ Կարող են  գրել 1 կամ 10 էջի վրա։ Վերջնաժամկետն էլ  համարվում է արտակարգ դրության ավարտը։ Առաջարկը վերաբերում է նաև այլ համալսարանների ուսանողներին։