Ջոն Բոլթոնը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը չի մասնակցելու 

Ջոն Բոլթոնը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը չի մասնակցելու 

Ինչպես հայտնի է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում են գտնվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ովքեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական բանակցություններին են վարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: 

Արդյոք ԱՄՆ Պետդեպից որեւէ պաշտոնյա մասնակցելո՞ւ է Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը, գոնե լրատվադաշտին առայժմ հայտնի չէ: Փոխարենը հայաստանյան լրատվամիջոցներում անգլերեն տեքստերը սխալ թարգմանելու արմատացած սովորության համաձայն (ընդսմին թարգմանությունները սխալ են արվում անգրագիտության արդյունքում, թե միտումնավոր` դժվար է ասել) ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության  հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին վերագրվող մի թյուր թարգմանություն է դրվել շրջանառության մեջ, որից ցանակացած հայալեզու ընթերցող կեզրակացնի, թե Բոլթոնը պատրաստվում է մասնակցել Զոհրաբյան-Մամեդյարով հանդիպմանը: 
Մեջբերում եմ բառացի. «Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջեւ երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»:
Ի՞նչ կարող է հասկանալ հայալեզու ընթերցողը մեջբերված տեքստից: Հարյուր ընթերցողից 90-ը կհասկանան, թե Բոլթոնը մասնակցելու է Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը: Տասն էլ կարող են ավելի խորամիտ լինել եւ ենթադրել, թե հնարավոր է բացի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից, եւս մի հանդիպում է կայանալու երկու նախարարների եւ Բոլթոնի միջեւ: Հանդիպումների այլ ձեւաչափ վերը մեջբերված լուրից հնարավոր չէ արտածել: 

Այժմ` ի՞նչն է հիմք ծառայել հայաստանյան լրատվադաշտում Բոլթոնին վերագրված այս ստահոդ լուրը շրջանառելու համար: Բոլթոնի անձնական գրառումը Tweeter-յան իր օգտահաշվում, որը հասանելի է անգլերենին տիրապետող ցանկացած մարդու, եւ որը ասում է ճիշտ հակառակը նրա ինչ հայերեն են թարգմանել: Անգլերեն ասված է. «Looking forward to meetings later this week with the Foreign Minister of Armenia and the Foreign Minister of Azerbaijan, to encourage continued dialogue between them. The United States stands ready to assist in advancing the cause peace in the region».
Անգլերենից թարգմանելով. «Սպասում եմ այս շաբաթ ավելի ուշ կայանալիք հանդիպումներին` Հայաստանի ԱԳ նախարարի եւ Ադրբեջանի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, խրախուսելու համար նրանց միջեւ շարունակված երկխոսությունը:…»

Այսինքն, Բոլթոնը հստակ, սեւով-սպիտակին գրել եւ ասել է, որ ունենալու է առանձին հանդիպում ՀՀ ԱԳ նախարարի եւ առանձին հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, ընդսմին Մնացականյան-Մամեդյարով երկկողմ հանդիպումից հետո: 
Իսկ դա իր հերթին նշանակում է, (չի բացառվում` Բոլթոնը հենց սա ազդարարելու համար էլ կատարել է Tweeter-յան գրառումը), որ Սպիտակ տունը տարբեր օրակարգեր ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում եւ յուրաքանչյուր երկրի ԱԳ նախարարի հետ քննարկվելու է իր երկրին վերաբերող օրակարգը: Մնացականյանին Սպիտակ տանը կասվի այն, ինչը հարկավոր է փոխանցել հայաստանյան իշխանություններին: Մամեդյարովին էլ կասվի այն, ինչը հարկավոր է փոխանցել ադրբեջանական իշխանություններին: 

Ընդսմին Բոլթոնը չի էլ ասել, թե Մնացականյանի կամ Մամեդյարովի հետ քննարկում է ունենալու, այլ «խրախուսելու է». դիվանագիտական լեզվով ասած` ուղերձներ է փոխանցելու:  Ենթադրելի է, ուղերձները վերաբերվեն նաեւ ղարաբաղյան հարցին, բայց քիչ հավանական է, որ դրանք սահմանափակվեն ղարաբաղյան հարցով, հաշվի առնելով Բոլթոնի տարվածությունը իրանյան թեմատիկայով, Հայաստանի եւ Ադրբեջանի ընդհանուր սահմանները Իրանի հետ եւ Իրան-ԱՄՆ հարաբերություններում լարման աննախադեպ աճը  վերջին շաբաթում, երբ ԱՄՆ լրացուցիչ զորախումբն է ուղարկում տարածաշրջան, Իրանն էլ Հորմուզի նեղուցում նավարկության համար խնդիրներ է ստեղծում: Կողմերն ուղղակի սադրում են միմյանց, եւ դժվար թե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին Սպիտակ տանը հյուրընկալելու հարցում Իրանի հետ կապված խնդիրները դեր կատարած չլինեն: 

Ի վերջո թե ինչ կասվի Մամեդյարովին եւ ինչ կասվի Մնացականյանին գուցե կիմացվի, գուցե՝ ոչ (եթե Բոլթոնը նոր գրառումներ չանի, հավանաբար չի իմացվի):  Բայց եթե Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը Պետդեպի բարձրաստիճան մասնակցություն չարձանագրվի, իսկ հետո ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նրանց առանձին-առանձին հյուրընկալի Սպիտակ տանը խրախուսելու կամ ուղերձներ փոխանցելու համար, կնշանակի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին Վաշինգտոն հրավիրելու ավելի լայն օրակարգ ու շարժառիթներ կան, քան լոկ ղարաբաղյան հակամարտությունը:  

P. S.  
Ուզած-չուզած երկու բառ էլ look forward-ը  «անհամբերությամբ սպասում եմ» թարգմանելու մասին: Look forward բառացի նշանակում է «առաջ նայել», որը խոսակցական անգլերենում, առավել եւս պաշտոնական գրագրություններում նշանակում է «ակնկալել», ուրիշ ոչինչ: Անգլերեն նամակագրության ստանդարատ ձեւակերպումներ են «look forward to see you», «look forward to meet you», «look forward to hear from you», etc. թարգմանաբար` «ակնկալում եմ Ձեզ տեսնել», «ակնկալում եմ Ձեզ հանդիպել»,  «ակնկալում եմ Ձեր պատասխանը» եւ այլն: Ի՜նչ «անհամբերությամբ սպասելու» մասին է խոսքը…
Անցյալ տարի մայիսին Փաշինյանին ու Ալիեւին ուղարկված գրեթե նույնական շնորհավորական տեքստի look forward-ն էլ Հայաստանում թարգմանել ու թմբկահարում էին, իբր Թրամփը Փաշինյանին գրել է, որ անհամբեր սպասում է: Հետո այդ կեղծարարությունից ի՞նչ փոխվեց, Սպիտակ առջեւ կարմիր գորգը հարդարեցին, հայերենով բարիգալստյան ցուցանակ տեղադրեցին, շարք կանգնեցին ու աչքերը ջուր կտրած Փաշինյանին սպասեցի՞ն… 
Փաշինյանին առհասարակ ԱՄՆ չհրավիրեցին, առավել եւս Սպիտակ տուն: Երբ ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթով էլ Փաշինյանն ինքը Նյու-Յորք մեկնեց, այնտեղ էլ վրան նույնիսկ չնայեցին, ինչպես Փաշինյանից առաջ ու հետո այսուայն պատրվակով Վաշինգտոն հասած Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի կամ Աննա Հակոբյանի վրա Սպիտակ տնից, Թրամփի կաբինետից ոչ ոք չնայեց: Այնպես որ մանկամտությանը պետք է վերջ տալ, եւ հույսը կտրել նրանից, թե թարգմանելիս տեքստեր խեղաթյուրելով, իրականությունը վարդագույն մատուցելով, հնարավոր է իրականություն փոխել: 
Այդպես հնարավոր է միայն քամահրանք առաջացնել: