Մանիպուլյացիա

Մանիպուլյացիա

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն տալիս են ցանկության դեպքում մոտավոր պատկերացում կազմել հայալեզու հրապարակումներում «մանիպուլյացիա» բառի օգտագործման հաճախականության մասին։ Համապատասխան վիճակագրությունը կարող է փաստել նաեւ, որ հայ քաղաքական իրականության մեջ այդ բառն իր գործածության քանակով գերազանցել է բոլոր հնարավոր «մրցակիցներին», դիցուք՝ երկիր, ժողովուրդ, անվտանգություն։ 
Մանիպուլյացիայի աննախադեպ կենսունակացմանը մեծապես նպաստել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իսկ վերջինիս մեջ, ամենից առաջ ինքը՝ Ն․ Փաշինյանը։ Մանիպուլյացիան մեր հասարակական-քաղաքական կյանքի օրգանական բաղադրիչն է վաղուց, իսկ վերջին տարիներին դարձել է նաեւ քաղաքական կյանքի «շարժիչ ուժը»։ Այսօր մանիպուլյացիային հավասարապես ենթակա «օբյեկտներ» են թե՛ ճշմարտությունը, թե՛ կեղծիքը, թե՛ իրավունքն ու օրենքը, թե՛ անիրավությունն ու ապօրինությունը։ Նույնիսկ այնպիսի չեզոք երեւույթ, ինչպիսին ինֆորմացիան է, վաղուց բերվել է մանիպուլյացիայի դաշտ եւ ձեւախեղվում ու էափոխվում է յուրաքանչյուր օր։ Բայց մանիպուլյացիայի վերջնական զոհերը ոչ թե վերեւում թվարկված «օբյեկտներն» են, այլ, դժբախտաբար, հասարակության հասարակ անդամները եւ մանավանդ նրանք, ովքեր ի բնե ազնիվ են, դյուրահավատ, միամիտ, անկեղծ։ Մանիպուլյացիան աշխատում է հենց նրանց դեմ եւ նրանց «վրա»։

(Manipulation բառը ծագում է լատիներեն manipulus բառից, որի առաջին բաղադրիչը՝ manus, նշանակում է «ձեռք», իսկ, որ ամենահետաքրքիրն է, բառն ամբողջությամբ նշանակում է․․․ «բուռ»։ Ձեռնածության ենթարկվածը, փաստորեն, հայտնվում է այդ գործողությունը կատարողի «բռում»՝ մանիպուլացվում է)։

Սովորական քաղաքացու համար մանիպուլյացիայի վտանգավորությունն այն է, որ դրանով հնարավոր է դառնում երեւույթները դիտարկել տարբեր կողմերից այնպես, որ, կախված դիտանկյունից, ճշմարտությունը հրամցվի որպես սուտ, սուտը՝ որպես ճշմարտություն, օրինազանցությունը հրամցվի որպես օրինապաշտություն, օրինապաշտությունը՝ որպես օրինազանցություն։ Մանիպուլյացիոն կոնտեքստում երեւույթները, առարկաները, գաղափարները եւ նույնիսկ էմոցիաները կորցնում են իրենց «ինքնությունը»․ նրանք էափոխվում են։
Մեր օրերում մանիպուլյացիան, անշուշտ, հնարավորինս տեխնոլոգացվել է, հարստացել է նրա «գործիքակազմը»։ Ծագմամբ այս երեւույթը գնում-հասնում է հին հունական փիլիսոփայություն՝ մինչեւ մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերը, երբ ծաղկում էր սոփեստությունը։ Սոփեստները ժամանակակից մանիպուլյատորների «նախնիներն» են, բայց նրանք երեւույթները ձեւախեղում-էափոխում էին մտահանգման այնպիսի եղանակներով,  որոնք, որքան էլ շինծու, այնուամենայնիվ, էական վտանգ չէին ներկայացնում վերջնանպատակի առումով․ սոփեստների նպատակը մրցակցին կեղծ տրամաբանական փաստարկներով եւ մտահանգումներով համոզելն էր, ինչ-որ բան ապացուցելը։ Սոփեստները տրամաբանությունն օգտագործում էին որպես համոզելու «արվեստ», իսկ մանիպուլյատորները, ահա՝ որպես հակառակորդին ոչնչացնելու «գործիք»։ 
Վերջին օրերի հայ քաղաքական դիսկուրսում մանիպուլյացիայի ամենաթարմ օրինակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի քրեական գործի հետ կապված։ 

ՄԻԵԴ-ից ստացված այդ կարծիքը, իհարկե, կարող էր անհստակ լինել, ձեւակերպումների առումով՝ տարըմբռնումների տեղիք տվող։ Անհստակության պատճառ կարող էր լինել իրավաբանական տերմիններով խճողված այդ փաստաթղթի հայերեն համարժեք թարգմանության դժվարությունը, քանի որ, ինչպես պարզվեց, բնագիրը տարբեր մարդկանց կողմից թարգմանվում էր յուրովի՝ սեփական քաղաքական նկրտումներին ծառայեցվող «բառարանով»։ Անհստակության պատճառ կարող էր լինել նաեւ այն հանգամանքը, որ որպես իրավական տեքստ մշակելիս հեղինակներն ակնհայտորեն կաշկանդված են եղել դրա հետագա քաղաքական շահարկման մտահոգությամբ։ 
Այնուամենայնիվ, փաստաթուղթը չէր կարող լինել այնպիսին, որ, տ ա ր բ ե ր ընկալումներից բացի, նաեւ հ ա կ ա դ ի ր ընթերցումների տեղիք տար։ Եվ հիմա փաստաթղթի գովքն են անում թե՛ իշխանության ներկայացուցիչները, թե՛ ընդդիմության։ 

«…Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները (Ռ․ Քոչարյանի հետ կապված - Լ․ Ս․) եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,- իր էջում գրում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՄԻԵԴ-ն «աներկբա արձանագրել է իրավական հստակ ու պարզ չափանիշները ու դրանց ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, որոնցով պետք է ՍԴ-ն առաջնորդվի։ Սա նշանակում է հետադարձ ուժի ու իրավական որոշակիության միջազգային սկզբունքները իշխանությունն այլասերել չի կարող։ Այսինքն՝ երբ ՍԴ-ն կվերլուծի ու կտա գնահատական, սրանք չեն կարողանա ասել՝ բայց ինչի՞ց եք այդպես ենթադրել։ Ասեմ, որ իշխանությունները շատ էին ցանկանում, որ ՄԻԵԴ-ն արձանագրեր, որ ՍԴ-ն այդ գնահատականների իրավունքը չունի, բայց, ավաղ...

Հետադարձ ուժի մասով ձեւակերպումը հատկապես թանկ արժե ու գործնական նշանակություն ունի։ Ուշադիր կարդացեք ու մի բան գրելուց առաջ ձեզ մի խայտառակեք»,- հակադարձում է Արփինե Հովհաննիսյանը։ Մեջբերումներից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե սովորական տարընթերցման հետ, այլ՝ մանիպուլյացիայի։ Եվ, ցավոք, էական չէ՝ ո՛ր կողմն է անում․ չքաղաքականացված մարդն արդեն մանիպուլացված է, ասել է թե՝ մոլորեցված։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ