Նաիրա Զոհրաբյանը դիմում է դատախազություն

Նաիրա Զոհրաբյանը դիմում է դատախազություն

-Տիկին Զոհրաբյան, ֆեյսբուքում լայն տարածում են Ձեր՝ ենթադրաբար մեսենջերի, եւ  Գեւորգ Պետրոսյանի հեռախոսազրույցները, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

-Այո, ես ասել եմ, որ այս իշխանությունն անցել է օրենքի, օրինականության, բարոյականության  մասին այլեւս չեմ խոսում, բոլոր սահմանները։ Նրանք այլեւս բացահայտ մեր օգտահաշիվներից, կոնկրետ իմ պարագայում՝ մեսենջերից  հրապարակում են մեր անձնական զրույցները։ Երկու կարծիք լինել չի կարող, որ հենց իշխանություններն են այս ամենը կազմակերպել, ավելին՝ ուղղորդում են մարդկանց նման զրույցների։ Կոնկրետ այս կինն ինձ ամենաայլանդակ, ամենասեռապաթոլոգիկ հայհոյանքներն էր ուղարկել։ Ես վստահ եմ, մի րոպե անգամ չեմ կասկածում, որ դա կազմակերպվել էր Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից։ Իրենց նպատակը մեզ հունից հանելն է, ինչը չի հաջողվի։ Ես , իհարկե, չեմ կարող այդ կնոջ բառերը կրկնել, ամենասեռապաթոլոգիկ տղամարդն անգամ նման հայհոյանքներ չէր տա, որին ի պատասխան ես ուղարկել եմ ձայնային հաղորդագրություն եւ այդ «վոյսը» ես տեղադրել եմ իմ էջում՝ ասելով, որ ես հասկանում եմ բոլոր չկայացած, չսիրված, կյանքում անհաջողակ բոլոր կանանց , ովքեր իրենց հայրենիքում չկայանալով փախչում են, լքում իրենց երկիրը եւ այնտեղից սկսում են հայհոյել։ Ես հասկանում եմ, թե ինչի համար է արել սա իշխանությունը, ավելին, ես անգամ տեղեկություն ունեմ, թե որն է լինելու իշխանության հաջորդ քայլը, իրենք կազմակերպելու են Հայաստանը լքած մեր հայրենակիցների «բուռն ընդվզումը», որ ես իրենց անվանել եմ «մի կտոր լափի համար երկրից փախած»։ Սիրելի իմ սփյուռքահայ հայրենակիցներ, չընկնեք այս իշխանության խայծի մեջ։ Ես մեծապես հասկանում եմ, թե ձեզանից շատերն ինչու են լքել Հայաստանը՝ անարդարությունների, երեխաների ու ծնողների հիվանդությունների պատճառով։ Ես իմ գլուխն եմ խոնարհում բոլոր նրանց առջեւ, ովքեր հայրենիքից դուրս կարողանում են եւ փորձում են ամեն ինչ անել, որ ոչ թե Հայաստանում այս իրավիճակի վրա յուղ լցնել, ավելի  բորբոքելու այս ներքին ատելությունը, այլ հանդարտացնելու համար։ Իսկ բոլոր նրանք, ովքեր լքել են հայրենիքը եւ  այնտեղ նստած սկսում են հայհոյել, եւ կապ չունի՝ ինձ, վարչապետին են հայհոյում, թե իշխանությանը կամ ընդդիմությանը, բոլոր նրանց ես շարունակում եմ ասել, որ դուք չկայացած եք, չար եք եւ ձեր իսկ ատելությունն ու թշնամանքը բումերանգի պես շուռ է գալու ձեր դեմ։

Ի դեպ, իշխանության հաջորդ քայլերից մեկն էլ իմ տեղեկություններով լինելու է այն, որ եվրոպական տարբեր երկրներում կազմակերպելու  են արտագաղթած մեր հայրենակիցների այսպես կոչված բողոքի ընդվզումն իմ դեմ եւ դա անելու են այդ երկրում հավատարմագրված դեսպանների միջոցով։ Մի արեք, ահավոր ծիծաղելի եք։ Ես գլուխ եմ խոնարհում մեր այն հայրենակիցների առջեւ, ովքեր անարդարությունից , որը տարիներ շարունակ մեր երկրում եղել է, երեխայի կամ մերձավորի պատճառով լքել են Հայաստանը, բայց չեն չարացել, թշնամանք չեն քարոզում այնտեղից, այլ փորձում են օգնել, կամ վատագույն դեպքում լռել։

-Ձեր էջում հայտնել եք, որ դիմել եք եվրոպական կառույցներին։

-Այո, բնականաբար։ Քիչ անց ես հանցագործության մասին հաղորդում կներկայացնեմ գլխավոր դատախազին։ Մենք ունեինք տեղեկատվություն, որ, բնականաբար, սա լինելու է շարունակական, որ իշխանությունը շարունակելու է իր կարծիքով՝ «կոմպրոմատային» պատերազմը, հրապարակելու է մեր անձնական զրույցները։ Ես արդեն դիմել եմ եվրոպական բոլոր կառույցներին, Մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ինստիտուտներին, ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպանություններին եւ նաեւ քիչ անց  հաղորդում կներկայացնեմ գլխավոր դատախազին։ Ես իհարկե, մեծ հույս չունեմ Հայաստանի իրավապահ համակարգից, բայց սա է ճանապարհը ՄԻԵԴ հասնելու համար։ Մենք պետք է սպառենք հայաստանյան բոլոր դատական աստիճանակարգերը՝ ՄԻԵԴ հասնելու համար։ Իսկ որ ես հասնելու եմ Եվրադատարան, դրանում թող չկասկածեն։ Եւ մի բան էլ, եթե իրենք կարծում են, որ սա կոմպրոմատ է եւ նման արտահոսքերով կարող են ինձ լռեցնել, նորից եմ ասում, որ չի ստացվելու, նման քայլերով ինձ ավելի վճռական են սարքում եւ ես մեկ րոպե անգամ իմ սկզբունքներից, նպատակներից ու ծրագրերից հետ չեմ կանգնելու, գնալու եմ մինչեւ վերջ։