«Ձուկը գլխից է հոտում»՝ մանրաձկների հեռացումով երկիր չի փրկվի
Կիրակի օրվանից համացանցն ու մեդիան ողողված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք գերատեսչությունների, հատկապես՝ ուժային, ղեկավարների պաշտոնանկությունների մասին լուրերով:
Կարեն Անդրեասյան, Վահե Ղազարյան, Արգիշտի Քյարամյան, Սասուն Խաչատրյան, Գնել Սանոսյան, Ռուստամ Բադասյան․․․ Փաշինյանի՝ իբրև երկրում «միակ ասողի ու որոշում կայացնողի, ասել է թե՝ Ոսկե ձկնիկի մերձավոր մանրաձկների զանգվածային ու ինչ-որ առումով՝ անսպասելի կադրային սպանդի ներքո» հայտնված անձանցից ազատման դիմումների մասին առաջինը հայտնել են թվարկվածներից առաջին երեքը՝ ԲԴԽ նախագահը, ՆԳ նախարարն ու ՔԿ նախագահը:
Կարևոր չէ, թե հրաժարականի տեքստերն ինչ հերթականությամբ ու բովանդակությամբ են, առավելևս՝ ինչ ակնարկով. ակնհայտ է՝ որոշումը կայացրել է մեկ անձ և կայացրել է միանձնյա, ըստ «Հրապարակի»՝ զավեշտալի դրսևորումներով՝ ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով:
Հնչեղ պաշտոնանկությունների շարքը կամ 2018-ից հետո «աստեղային ժամ ապրող ու աստեղային սրընթաց կարիերա կերտած» չինովնիկների «աստղաթափությունը» շարունակական է լինելու, եթե դատենք նույն իր՝ Փաշինյանի խոստովանությունից.
«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում եւ շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման եւ իմ խնդրանքի ըմբռնման համար»։
Նույնքան զավեշտալին այն է, որ չուրանալու մասին խոսում է ամեն ինչ ու բոլորին, առաջին հերթին` հայ ժողովրդին ու Արցախն ուրացած, երկիրը կործանման անդունդ տանող մեկը, ով բախտի բերմամբ հայտնվել է վարչապետի աթոռին:
Իրականում, այս հրաժարականների պատճառները բազում են ու խորքային. դրանց թվում, ինչպես նշեցինք, Փաշինյանի ամբիցիաներն ու քաղաքական խանդերն են, ինչպես նաև սևեռուն վախերը, որոնք ժամանակին՝ 2021 թ. ընտրությունների օրերին արտահայտվել են «հեղափոխական պողպատե մուրճի» տեսքով կամ դրանից առաջ՝ «ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու» հայտնի հոխորտանքով:
Մյուս կողմից, այս պաշտոնանկությունները դեռ չեն նշանակում այդ «մանրաձկների ամբողջովին հեռացում իշխանական աղտոտված ու գարշահոտ լճից». արդեն խոսվում է, որ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշանակվելու է ՆԳ նախարար՝ դառնալով Փաշինյանի դպրոցական դասընկեր Վահե Ղազարյանի իրավահաջորդը:
Այսինքն, բացառված չէ նաև, որ Փաշինյանը նոր խաղ է սկսել, որը տեղավորվում է հանրությանը շեղելու, հերթական «թամաշան» կամ ապակողմնորոշող տեսարանը բեմադրելու հին ռազմավարության մեջ: Սա կարող է նաև վտանգավոր ենթաշերտեր ունենալ, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, հնարավոր նոր ու ցավալի զիջումներին ընդառաջ:
Բացի այդ, ինչպես նկատում են քաղաքագետները, այս ամենը վկայում է այն մասին, որ վարչապետի աթոռին նստածը իշխանության նոր կոնֆիգուրացիա է ձևավորում և այսով ազդարարում նախընտրական ցիկլի մեկնարկը՝ կրկին հանրահաճո և արդարամիտ երևալու նկրտումներով:
Ամեն դեպքում, այս բոլոր զարգացումները նաև մարտահրավեր են երկրի ընդդիմության համար, որովհետև Փաշինյանի կողմից «գումարելիների տեղերը փոխելով՝ գումարը չի փոխվում». սա ոչ միայն մաթեմատիկական, այլև քաղաքական աքսիոմ է: Որովհետև «Ձուկը գլխից է հոտում» և «մանրաձկներին փոխելով կամ փոխատեղելով» ընդհանուր՝ պետական համակարգի գարշահոտությունն ու սնամեջությունը չի վերանալու:
Իսկ համընդհանուր ֆիլտրացման ու պետության պահպանման համար անհրաժեշտ է որակապես նոր ընդդիմություն, որպեսզի իշխանափոխությունը լինի ոչ թե «որսորդային» սնապարծ խոսույթի մակարդակում, այլ իրականության հետ հաշվի նստելու և արդյունավետ ռազմավարություն գործադրելու վճռականությամբ:
Կարծիքներ