Վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն

Վրեժխնդրությո՞ւն, թե՞ պատահականություն

Փետրվարի 14-ին ՀՔԾ-ն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկեց դատախազություն: Եվ չի բացառվում, որ շուտով դատախազը Բաբայանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ մտնի խորհրդարան։ Սա թերեւս կախված է նրանից, թե ինչ իրավական պայմանավորվածություն ձեռք կբերի Ծառուկյանը Փաշինյանի հետ՝ այս հարցը վերջնականապես հանգուցալուծելու համար։

Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերյան ընտրություններից ամիսներ առաջ՝ հուլիսի 3-ին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ էր հասցրել եւ դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: Բաբայանն այս գործով մի քանի ամիս նստեց, եւ Ծառուկյանին մի կերպ հաջողվեց նրան գրավով ազատ արձակել։ Այդ ընթացքում տուժողը հայտարարեց, որ ծեծի չի ենթարկվել, որ ընդամենը ընկել է, սակայն դա չօգնեց գործը կարճելու համար։ Հիմա նորից, փաստորեն, Ծառուկյանը կանգնելու է նույն խնդրի առաջ՝ փրկել արդեն պատգամավոր դարձած իր թիկնազորի պետին։

Ուշագրավ է, որ ՀՔԾ-ի՝ Բաբայանի գործը մեղադրականով դատախազություն ուղարկելը տեղի ունեցավ այն օրը, երբ Ազգային ժողովում ընթանում էր կառավարության ծրագրի քվեարկությունը, եւ ԲՀԿ-ն, այդ թվում՝ Էդուարդ Բաբայանը, դեմ էին քվեարկում Փաշինյանի ներկայացրած ծրագրին։ Նույն օրը տեղեկություն տարածվեց նաեւ, որ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչի է մեկնելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այսինքն՝ Պուտինը Հայաստանից հրավիրում է ոչ թե երկրի առաջին դեմքին կամ նրա թիմակիցներից որեւէ մեկին, այլ երկրորդ քաղաքական ուժը հանդիսացող կուսակցության ղեկավարին, ինչը  չի կարող աննկատ մնալ Փաշինյանի ու նրա թիմակիցների կողմից։ Եվ անմիջապես ենթադրություններ ու վերլուծություններ եղան, որ Բաբայանի դեմ գործի ակտիվացումը պատահական չէ եւ պայմանավորված կարող է լինել հենց «վրեժխնդրությամբ»։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ ասաց․ «Բավականին օրիգինալ եւ ֆանտաստիկ կապեր ենք փնտրում։ Որեւէ կապ չի կարող լինել։ Հրավերը, ինչպես արդեն ասել ենք, հենց էդպես էլ կա, ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հրավերով է հստակ, էստեղ որեւէ խնդիր չկա։ Ինչ վերաբերում է, թե ինչ կապ ունի քվեարկելը, մենք բազմիցս ասել ենք՝ պարոն Բաբայանի էդ նախաքննության գործընթացները որեւէ կապ չունի, այդ Ձեր ասած գործընթացները կրում են իրավական բնույթ, երբեւիցե մենք փորձ չենք արել քաղաքականացնելու, եւ իմաստ էլ չունի քաղաքականացնել, սպասենք դեպքերին, չշտապենք, երբ որ դեպքերն էլի կհասունանան, կգան հանգուցալուծման, մենք էլի կտեսնենք։ Ես հերքում եմ այդ կապի նույնիսկ շատ հեռավոր բնույթը»։ Իսկ եթե դատախազը միջնորդությամբ մտնի խորհրդարան, իրենց գնահատականն ինչպիսի՞ն կլինի, Մելքումյանը հորդորեց առաջ չանցնել, սպասել դեպքերին։ 
Վրեժխնդրության մասով էլ ասաց, որ վրեժխնդրությունը քաղաքական կատեգորիա չէ։ Նայած ում համար՝ նկատեցինք մենք։ «Բոլորի համար»,- ասաց պարոն Մելքումյանը։ Նիկոլ Փաշինյանի համա՞ր էլ։ Պատասխան չհնչեց։