Ամուսնուդ սպանել են Սերժիկի ու Վովայի հրամանով. զոհված Տեփանոսյանի կինն ու հայրը վիճել են սպանության վերաբերյալ

Ամուսնուդ սպանել են Սերժիկի ու Վովայի հրամանով. զոհված Տեփանոսյանի կինն ու հայրը վիճել են սպանության վերաբերյալ

«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստին այսօր քննարկվեց 2016 թվականին ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցչի հարցը: Նրա հայրն ու կինը դատարանում տարաձայնություն ունեցան: Նախորդ դատական նիստերին եկել էր Յուրի Տեփանոսյանի հայրն ու հայտարարել, որ ինքն է լինելու Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդի ներկայացուցիչը: Այսօր դատարանում հարսը հայտարարեց, որ ինքը մամուլից է տեղեկացել սկեսրայրի որոշման մասին, և որ իր հետ նման քննարկում չի եղել: Նախքան Յուրի Տեփանոսյանի հոր ներկայանալը, նրա իրավահաջորդի ներկայացուցիչ էր կինը` Արփինե Թումասյանը:

Վահրամ Տեփանոսյանը դատարանում հայտարարեց իր ու հարսի կոնֆլիկտի պատճառը Տեփանոսյանի սպանության հեղինակներն են: Հոր պնդմամբ` իր որդուն սպանել են ոստիկանները. «Ես հարսիս ասացի` քո ամուսնուն սպանել են ոստիկանները, Սերժիկի ու Վովայի հրամանով: Ինքն էլ պնդում էր, որ ոչ, սպանել են «Սասնա ծռերը»: Վիճեցինք ու իրար հետ էլ չենք խոսում: Այդ օրվանից ես թոռներիս էլի տիրություն եմ անում, բայց իրար հետ չենք խոսում: Հարգելի դատարան, ես իմ կեսին եմ կորցրել` իմ որդուն, ու մինչև վերջ գնալու եմ, որ գործը բացահայտվի»: Մեղադրող կողմը դիրքորոշում հայտնեց, որ Տեփանոսյանի իրավահաջորդ պետք է ներգրավի նրա կինը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այնտեղից վերադառնալով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ Տեփանոսյանի իրավահաջորդ է ներգրավում կինը` Արփինե Թումասյանը։

Վահրամ Տեփանոսանը դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում պնդեց` իր որդուն սպանել են ոստիկանները։ Նա կրկնեց` ցանկացել են ոստիկաններից մեկին զոհ տալ, եւ քանի որ իր որդին կոնֆլիկտ է ունեցել հրամանատար Գուրգեն Հարությունյանի հետ, նրան են որոշել սպանել։ Նա նաեւ նշեց, որ ունի տասնյակ ապացույցներ, որոնք կներկայացնի դատարանին։ Այնուհետև Տեփանոսյանի կինը նշեց, որ սկեսրայրը ունի իր դիրքորոշումը, սակայն ինքն էլ իր պնդմանն է մնում` ամուսնուն սպանել են «Սասնա ծռերը»։ Թումասյանը նաեւ նշեց, որ դեմ է նրանց նկատմամբ կիրառվի համաներում։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանությունը մեղսագրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին, վերջինս իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: