ԱՄՆ-ն Գոլանյան բարձունքները կճանաչի որպես իսրայելական տարածք

ԱՄՆ-ն Գոլանյան բարձունքները կճանաչի որպես իսրայելական տարածք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ Գոլանյան բարձունքները հանդիսանում են իսրայելական տարածք։ Իր գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը նկատել է, որ այդ տարածքը կարեւոր է Իսրայելի կայունության համար, նաեւ՝ ողջ ռեգիոնի կայունության համար։ «52 տարի անց, արդեն ժամանակն է, որ ԱՄՆ-ն ճանաչի Իսրայելի սուվերենիտետը Գոլանյան բարձունքների հանդեպ»,- ասված է հայտարարության մեջ։

Այն, որ Միացյալ Նահանգներն ունի մտադրություններ նշված տարածքի հանդեպ Իսրայելի ունեցած հավակնությունները ճանաչելու, հաղորդել էր դեռ օրեր առաջ Associated Press լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցը պարզաբանել էր, որ այս մասին Թրամփը պաշտոնապես կհայտարարի Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ։