Նոր իրողություն, նոր հարցեր

Նոր իրողություն, նոր հարցեր

Երկու օր առաջ ՀՔԾ տեղեկատվություն տարածեց,  որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար են  Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, քրեական գործի նախաքննությունն ավարտել է: 
Խնդիրը թևակոխում է նոր իրողություն, նոր փուլ և առաջանում են նոր հարցեր.

    1. Նախ. դատարանից պետք է ակնկալել դատական քննության հրապարակայնություն: Ուղղակի անթույլատրելի է,  եթե հանկարծ դատարանը վճռի փակ դատաքննություն անցկացնել։ Որևէ պատճառաբանություն չի կարող համարվել հիմնավոր։ Հասարակությունն  իրավունք ունի ստանալ բազմաթիվ հարցերի պատասխանները: Փակ դատավարությունը կնշանակի գործի նկատմամբ անվստահության և ուղղորդվածության մթնոլորտի էլ ավելի ուժեղացում։
    2.   Նախաքննության ավարտը նախ և առաջ նշանակում է, որ կալանքի հիմքերը, որոնք ի սկզբանե խոցելի էին, սպառել են իրենց: Հիմքերից առաջինը, որ վերաբերում էր գործի քննությանը խոչընդոտելու վտանգին, լիովին կորցրել է իր նշանակությունը, քանի որ նախաքննությունն ավարտված է: Հաջորդ հիմքը՝ փախուստի վտանգը երբևէ բավարար հիմնավորվածություն չի ունեցել, խոցելի է եղել նախևառաջ այն պատճառով, որ Ռ. Քոչարյանը գտնվելով արտերկրում ՀՔԾ առաջին իսկ  ծանուցագիրը ստանալով վերադարձել է Հայաստան և չի խուսափել քննությունից: Հետևաբար նախ և առաջ պետք է այս հարցի վերաբերյալ պետք է համարժեք որոշում ակնկալել: Դատաիրավական տեսակետից չկա որևէ պատճառ, որ երկրորդ նախագահը դատավարության ընթացքում մնա կալանքի տակ։
    3. Մարտի 1-ի թեմայի ուղղորդված և միակողմանի քննությունը չի տալու ոչ մի հարցի պատասխան, այլ միայն խորացնելու է խնդիրը։ Նախկին պաշտպանության նախարար Ս. Օհանյանը իր վերջին ելույթում  մի քանի կարևոր շեշտադրումներ արեց , ըստ էության, հիշեցնելով 2008-ին տիրող իրավիճակը։ Ես իմ կողմից  առաջ եմ քաշում հետևյալ հարցերը. ա/ Ո՞վքեր  և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում  ՊՆ տեղակալների,  գեներալների  հետ՝ քաղաքական պրոցեսների խառնվելու և բանակը քաղաքական պրոցեսներին ներքաշելու   նպատակով։ բ/ Ո՞վքեր և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական պրոցեսներին խառնելու և քաղաքական պրոցեսներին ներքաշելու նպատակով։ Սրանք ծանրագույն իրավախախտումներ են և, որոնց մասին իրավապահ համակարգի կողմից ոչ  մի խոսք չի եղել։ 
    4.  Արդար և չուղղորդվող դատաքննության պարագայում  ակնհայտ է, որ  Արմեն Գևորգյանի  գործում եղած հոդվածներն ի սկզբանե կարճման ենթակա են, քանի որ հարուցվել և իբր ապացուցված են համարվել մի տիկնոջ իրարամերժ ցուցմունքների և Վիկիլիքսի գաղտնազերծված տվյալների հիման վրա: Երկու դեպքում էլ առկա է հիմնական ցուցմունք տվողների հրապարկային հերքումը։
    5.  Թեև ՀՀ -ում արդարադատության նկատմամբ վտահության դեֆիցիտ կա, ուզում եմ հուսալ, որ այս գործերը  կավարտվեն  մեր դատական համակարգով։ Սրանք ապագա չունեցող քրեական գործեր են  և հետագայում ՄԻԵԴ-ում անշուշտ պարտվելու են։
    6. Ազատ դատական համակարգը գործող իշխանության հեղինակության երաշխիքն է: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները պետք է բացառեն ցանկացած միջամտություն գործի քննությանը, լինի դա ուղղակի, թե անուղղակի միջամտություն: Հիմա արդեն իսկապես ժամանակն է ցուցաբերել քաղաքական կամք, և հրաժարվել խառնվել դատարանների գործերին:
    7. Ուզում եմ հատուկ շեշտել, որ արդար և չուղղորդվող դատավարությունը միայն ու  միայն նպաստելու է երկրի քաղաքական իշխանության հեղինակությանը։ Եվ դատարանների արդար վճիռները ոչ թե խոսելու են իշխանության թուլության, այլև լրիվ հակառակի մասին։ Եվ ես, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ, որպես փաստաբան, որպես իրավապաշտպան, և պարզապես որպես ՀՀ քաղաքացի, խորապես վստահ եմ այս հարցում։ 

Էլինար Վարդանյան