Նիկոլը գերի վերադարձնող չէ

Նիկոլը գերի վերադարձնող չէ

Նախկինների օրոք հայաստանյան կենսազանգվածը, որ 2018-ի ապրիլից վերածվեց նիկոլապաշտ զոմբիների, «շնից մազ պոկելու» մտայնությամբ ընտրակաշառք էր վերցնում ու քվեարկում տվողի օգտին՝ դրանից առաջ եւ հետո բողոքելով թե՛ նրանից եւ թե՛ ընդհանրապես իշխանությունից: Բողոքում էր կոռուպցիայից, սակայն չէր գիտակցում, որ ինքն այդ մեխանիզմի մաս է, քանի որ պետք եղած տեղը կաշառք էր տալիս, իսկ ընտրություններին՝ վերցնում:

Բողոքում էր անարդարությունից, սակայն նույնն անում էր ինքը, եթե ստանում էր դրա դույզն-ինչ հնարավորություն: Այսօր հանրության այդ մասը ցանկություն չունի տեսնելու Փաշինյանի անվան հետ կապվող կոռուպցիոն սկանդալները կամ վերջինիս կողմից կատարվող արդարության ոտնահարումները: Փաշինյանի նկատմամբ որդեգրելով ոչ գիտակից վերաբերմունք՝ թութակի պես կրկնում է վերջինիս խոսքային մանիպուլյացիաները նախկինների առումով: Եվ նշանակություն չունի՝ այս ընթացքում Նիկոլն իր կյանքում որեւէ լուրջ դրական փոփոխություն արե՞լ է, թե՞ ոչ: Էլ չեմ խոսում Նիկոլի «թամադությամբ» երկիրը պատերազմում պարտության մատնելու մասին:

Եվ երբ հայրենիքի ապագայի առումով մտահոգ գիտակից հանրությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ զոմբիացված շերտը շարունակում է կրկնել՝ «Նիկոլ, վարչապետ»: Եվ կրկին թութակի պես կրկնելով Նիկոլին՝ մեղադրում է ընդդիմությանն աթոռակռվի մեջ: Մեղադրում է առանց գիտակցելու, որ աթոռը չի կարող հավերժ տրվել մեկին, որ պարտության է տարել երկիրը՝ կորստյան ցավ պատճառելով բազմահազար ընտանիքների: Իսկ երբ Արթուր Վանեցյանը կամ մեկ ուրիշը խոսում է գերիների վերադարձի հնարավորության մասին՝ նորից միացնում է կրկներգը աթոռակռվի մասին: «Գերի բերող ա՝ թող հիմա բերի». սա է զոմբիացված շերտի տրամաբանությունը: Թե ինչպես պետք է գերիներին բերի իշխանական որեւէ լիազորություն չունեցող Վանեցյանը՝ այդ շերտին չի հետաքրքրում: Զարմանալի է, բայց այդ նույն շերտը կենցաղային մակարդակում մտածում է լրիվ այլ՝ ամբողջությամբ ադեկվատ ձեւով, ու գիտի, որ ինչ-որ հարց լուծելու համար ինքը պետք է դիմի ոչ թե հասարակ որեւէ Պողոսի, այլ որեւէ իշխանավորի: Ու կփորձի խառնել բոլորին, միայն թե հասնի հենց իշխանավորին: Իսկ շատ ավելի բարդ հարցում ինչպես պետք է Վանեցյանը հարց լուծի՝ իրեն չի հետաքրքրում:

Մեկ-երկու օրից կլրանա հինգ ամիսը, ինչ ավարտվել է պատերազմը: Հենց գերիների հարցում այդ ամիսների ընթացքում Նիկոլը ոչինչ անել չի կարողացել: Եվ ես վստահ եմ, որ ինքը ոչինչ չի կարողանալու անել նաեւ հաջորդ հինգ ամիսների ընթացքում: Ավելի ճիշտ, եթե հունիսի 20-ին իսկապես տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա Իլհամը Նիկոլի քարոզարշավի օգտին «կնվիրի» երեւի մեկ տասնյակի չափ գերի: Իսկ մնացածներին կպահի, քանի որ մեր տղաները դեռեւս պետք են նրան Նիկոլի հետ առեւտուր անելու համար: Դա հասկանում եմ ես, դա, իհարկե, հասկանում է Նիկոլը, բայց դրա դեմ ոչինչ անել չենք կարող. ես չունեմ որեւէ լիազորություն, իսկ Նիկոլը, ունենալով ի պաշտոնե լիազորություն, չունի որեւէ լծակ այն կյանքի կոչելու համար: Հայաստանի Հանրապետության ինքնուրույնության բարձրացման կարգախոսով իշխանության եկած Նիկոլն այսօր մեր երկիրը արտաքին աշխարհում հասցրեց զրոյական սուբյեկտայնության: Սա, իհարկե, չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել նիկոլապաշտ զոմբիների ստվար զանգվածը:

Չի տեսնում, որ Փաշինյան Նիկոլը Հայաստանը տանում է պետականության կորստի, իսկ դրանից ազատվելու միակ եղանակը նրան պաշտոնից հեռացնելն է: Երբ եւ ինչպես՝ կախված է նրանցից, ովքեր ցանկանում են ապրել ազատ, անկախ ու երջանիկ երկրում եւ ոչ թե վերածվել թուրքերի հպատակների:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ