Ներեցեք տղերք, որ մենք Բանակում չենք ծառայել․․․

Ներեցեք տղերք, որ մենք Բանակում չենք ծառայել․․․

Եռաբլուր իշխանությունն էր այցելել՝ զոհվածներին։ Նայում էի նրանց ու մտովի հաշվում, թե քանի հոգի չի ծառայել Բանակում, չգիտեն՝ ի՞նչ է բանակային կյանքը, զինվորը, ինչպիսին է զինվորի հոգեբանությունը։ Խոսքս Բանակում ծառայելու մասին է ընդամենը։ Տեղյա՞ կ են, թե ինչպես է բանակը ստեղծվել, դարձել 28 տարեկան։ Այն դժվարություններին, որոնք խոյացել են բանակաշինության գործում։

Եռաբլուրը սրբատեղի է։ Այստեղ ննջում է հայի զորավոր ոգին՝ 18- 20 տարեկանների արյան եռքով, երազանքներով, անկատար իղձերի չբացված կոկոններով։ Ոգին զորեղ բան է։ Զգու՞մ էին այդ  ոգու ուժը։ Թե՞ նրանց համարում էին «հանուն ոչնչի զոհված մարդիկ»։

Եռաբլուրում շատ եմ լինում՝ անառիթ․ առիթների դեպքում խուսափում եմ, որովհետև մեծ- մեծ խոսող պաշտոնյաների  չեմ ուզում տեսնել, ովքեր խոսում են բոլոր կռվածերի, հերոսների փոխարեն․․․  

Անառիթ մի օր էլ, երբ գնացել էի, ուշադրությունս գրավեց քարին խոնարհված մի մայր։ Լաց չէր լինում, լսում էր։ Կարծես որդին խոսում էր նրա հետ, իսկ նա լսում էր։ Երբ բարձրացավ,  լսեցի նրա ձայնը՝ ծառայությունդ չվերջացա՞վ, որդիս․․․

Մեղավորի պես շրջվեցի, որ լսել էի։ Գլուխը կախ հեռացավ, իսկ ես որերորդ տարին է՝ հիշում եմ՝ ծառայությունդ չվերջացա՞վ որդիս․․․

Սպասում են մայրերը։ Մահ չկա։ Եռաբլուրում այս Սուրբ ոգին է թևածում։

Կուզեի իմանալ, որ Բանակում չծառայած իշխանավորների մոտ Եռաբլուր մտնելուց չի՞ առաջանում այնպիսի զգացում, որ ննջողներին ասեն՝ ներեցեք տղերք, որ մենք Բանակում չենք ծառայել, (խուսափել բառը չօգտագործեմ, բոլորը հարգելի թղթե՜ր, պատճառներ ունեն), բայց խոսում ենք ձեր փոխարեն։ Թե՞ նրանց մոտ էլ արդարանալու են, որ բժշկի թուղթ ունեն․․․