Ծիրանային ռևյու. Գյումրու չսպիացած «Վերքը»

Ծիրանային ռևյու. Գյումրու չսպիացած «Վերքը»

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում ներառված է նաեւ հայ վավերագրող Արթուր Սուքիասյանի «Վերք» վավերագրական ֆիլմը։ 
1988-ի երկրաշարժից 30 տարի է անցել, բայց այսօրվա Գյումրին դեռ չի ապաքինվել, մարդիկ դեռ ապրում են տնակներում՝ փայփայելով տանիք ունենալու հույսը։ Ֆիլմը ստեղծում է գյումրեցի ձկնորս Հովոյի, աղավնիներ պահող Անդոյի եւ նրա որդու՝ փայտագործ Արթուրի դիմանկարը, բայց «Վերքը» նախեւառաջ այսօրվա Գյումրու դիմանկարն է։  

Ժապավենն սկսվում է հերոսներից մեկի անձնական հուշերով, ով պատմում է, թե ինչպես է երկրաշարժի օրը 12-րդ հարկի պատուհանից իրեն դուրս նետել, քանի որ չի հասցրել դուռը բացել, եւ 12 հարկանի շենքը րոպեների ընթացքում հավասարվել է հողին։  

Եթե ձկնորս Հովոն ներսում բողոք ունի պետության, իշխանությունների դեմ, աղավնիներ պահող Անդոն կարծես հաշտ է իրականության ու ինքն իր հետ, նրա ներքին անդորրը չի խաթարում նաեւ հարեւանի փնթփնթոցը։ Անդոյի որդու՝ փայտագործ Արթուրի համար լռությունը կարծես իր կեցության ձեւը լինի, նա լուռ լսում է ձկնորս ընկերոջ ցավը, բողոքը, ով Ռուսաստանում թողել է գործը եւ վերադարձել Գյումրի, քանի որ պետությունը խոստացել է տուն տալ։ Նա մի կողմից ընդվզում է, որովհետեւ ապագա չի տեսնում հայրենիքում, մյուս կողմից էլ ինքն իրեն նախատում է՝ «խուրբան էս երկրին»։ 

Տեսախցիկը լուռ վավերագրում է նրանց ամենօրյա կյանքը, երազանքներն ու հիշողությունները, սպասման առօրյան նույնն է տարվա բոլոր եղանակներին։  

Խորհրդանշական ձեւով Անդոյի որդու լռությունը կոտրվում է միայն ֆիլմի վերջում, երբ նա օրինակ է բերում Հոբին, ումից Աստված ամեն ինչ վերցրեց, բայց նաեւ կրկնապատիկ վերադարձրեց, որովհետեւ ամեն ինչից անկախ՝ Հոբը չդադարեց հավատալ, սիրել եւ չչարացավ վերքի ցավից, ինչպես գյումրեցին։       

Ռեժիսորը նկատում է՝ ֆիլմի հերոսներն իր հարեւաններն են, որոնց հետ երկար ժամանակ ապրել է Գյումրու նույն թաղում, իսկ ժամանակի ընթացքում հասունացել է նաեւ այն միտքը, որ պետք է նրանց մասին ֆիլմ նկարի։ 

Նկարահանումները տեւել են 3 տարի, ինչպես նկատում է Արթուր Սուքիասյանը՝ բարդ է եղել ոչ միայն այն, որ տեսախցիկով մտնում ես մարդկանց կյանք եւ նրանց հետ իրենց կյանքը պետք է ապրես, նկարես, այլեւ այն, որ պետք է մի շարք կարեւոր որոշումներ կայացնես։ «Իրենց հարցերը, թե ինչի համար է էս կինոն, ինձ օգնում էին հասկանալ ոչ թե ինչի մասին եմ ես կինո նկարում, այլ խորությամբ հասկանալ թեման, որտեղ ես ուզում եմ սուզվել եւ ինչ-որ բաներ ջրի երես հանել։ Ու եկավ ինչ-որ մի պահ, որ ընդհանրապես չէր տարբերվում նրանց հետ նկարելն ու ապրելը։ Մինչեւ հիմա, երբ արդեն ֆիլմը նկարել ավարտել եմ, այդ կապվածությունը կա, անընդհատ զանգում են, բայց ոչ թե կինոյից են հարցնում, այլ զանգում՝ իրենց մասին են պատմում»։     

Արթուրը՝ ինքը, ունի դեկտեմբերի 7-ի իր հիշողությունը։ «Հուշերի պատառիկներ կան, թե ոնց են տատիկն ու պապիկն ինձ գրկած՝ շենքից իջեցրել ներքեւ, որից հետո շենքը փլվեց։ Այդ ժամանակ 3 տարեկան էի ու հիշում եմ, թե ոնց էինք դրսում քնել, որովհետեւ վախենում էինք ճաքած տուն մտնել, ու այդպես մի քանի օր դրսում քնեցինք»,- ասում է նա ու հավելում, որ երկրաշարժի մասին ուզում էր պատմել ոչ թե գերեզմաններ, փլված շենքեր ցույց տալով, այլ ուզում էր խորանալ մարդկային պատմությունների մեջ եւ ցույց տալ նրանց աշխարհը՝ փորձելով ինչքան հնարավոր է հավատարիմ մնալ նրանց։ Իսկ երկրաշարժը, հարազատների կորուստը փոխել են բոլորի կյանքն ու ճակատագրերը։ 

«Ամեն մեկի համար գուցե մի կետ կա, որի վրա հենվելով՝ ինքն առաջ է շարժվում, գուցե Արթուրի համար դա աստվածաշնչյան Հոբի պատմությունն է, որ չնայած ամեն ինչին, պետք է առաջ գնալ։ Այս ֆիլմն ինձ համար ինչ-որ չափով խորհրդանիշ է պարզության, կյանքի գեղեցկության, մարդիկ յուրօրինակ ձեւ են ընտրել ապրելու, եւ դա իրենց ընտրությունն է, որի մեջ ես, բացի ցավից, նաեւ գեղեցկություն եմ տեսել»,- ասում է Արթուրը։

Նշենք նաեւ, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան 2019-ին կայացել է Visions du Réel միջազգային կինոփառատոնում, վերջերս այն շահեց նաեւ լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակը Թբիլիսիի CineDOC ՄԿՓ-ի «Կիզակետում՝ Կովկասը» մրցութային ծրագրում: