Ժամանակին ապօրինի ազատել են, հիմա չեն ուզում ապօրինությունը վերացնեն

 Ժամանակին ապօրինի ազատել են, հիմա չեն ուզում ապօրինությունը վերացնեն

«Հայտնում եմ, որ վերջին 2 ամսվա ընթացքում երրորդ անգամ դիմել եմ ՀՀ վարչապետին և մեկ անգամ պարոն Ավինյանին` ապօրինաբար ինձ աշխատանքի իրավունքից զրկվածիս, ՀՀ ԿԱ պետական եկամուտների համակարգում վերականգնելու և այդ համատեքստում պետական ապարատը համալրելու նպատակով: Սակայն, դիմումներս ընթացք չստացան և ձևական բնույթ կրեցին:  

Այսպես, 2018 թվականի օգոստոսի 28-ին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հայտնելով, որ շուրջ 8 տարի աշխատելով հարկային և մաքսային համակարգում, ունենալով անհրաժեշտ  մասնագիտական որակավորում, գիտական մտածողություն և աշխատանքային պարտաճանաչություն, Գագիկ Խաչատրյանի օրոք ապօրինաբար ազատվել եմ աշխատանքից, գուցե պատճառն այն էր, որ չունեի բավարար կապեր, մեծահարուստ բարեկամներ կամ բավարար նյութական միջոցներ: Իսկ կոռումպացված դատական համակարգի 2 օղակները (բացառությամբ վարչական դատարանի` նախագահությամբ դատավոր Անի Հարությունյանի) իրենց կնիքով հաստատեցին իմ դեմ կատարված ապօրինությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմն իմ  դիմումը վերահասցեագրեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, որտեղ ձևավորվեց հանձնաժողով, որը պետք է քններ իմ և իմ կարգավիճակում հայտնված մի շարք անձանց դիմումներ: Եվ ինչ տեղի ունեցավ. հին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները, որոնցից շատերն իրենց մասնակցությունն էին ունեցել ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգի ապօրինի գործողություններին, նորից ներկա էին այդ հանձնժողովի կազմում և բնական է, որ չէին ընդունի, որ իրենց արած գործողությունն ապօրինի է եղել և մեր խնդրին չէին տա իրավաչափ լուծում: 

 ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի աշխատանքը կրում էր ձևական բնույթ, որպեսզի ֆորմալ առումով ՀՀ վարչապետի աշխատակազմին ցույց տրվի, թե ՀՀ վարչապետի հանձնարարականը կատարվում է,  հանձնաժողովը ինձ և իմ կարգավիճակում հայտնված անձանց առաջարկում է ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար մրցույթի մասնակցել: Հանձնաժողվի պատկերացմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում 8 տարի աշխատած անձը չգիտի, թե ինչ եղանակով է անձն աշխատանքի անցնում ՊԵԿ համակարգում: 

 Հանձնաժողովը մոռանում է այն փաստը, որ ինձ լավություն չի անում, ինձ աշխատանքի իրավունք չի նվիրում, այլ ինձ ապօրինի աշխատանքից զրկելու իրավիճակն է վերացնում, և այս պարագայում առկա է ՀՀ աշխատանքայի օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված գործողություններից որևէ մեկը  կատարելու անհրաժեշտությունը: 
Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի հիշյալ կետերի համաձայն՝ 
3. Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
…,
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով.

    Մինչդեռ ՀՀ ԿԱ ՊԵԿ համակարգում աշխատանքի վերականգնելն իրավաչափ էր և հնարավոր էր, քանզի ՀՀ Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Հարությունյանի, փաստել էր, որ ինձ աշխատանքից ազատելու հրամանն ամբողջությամբ ապօրինի էր և թիվ ՎԴ 3051/05/13  վարչական գործով կայացված վճռով բավարարել էր իմ հայցը: 
Նոր կառավարության ձևավորման ֆոնին լիահույս էի, որ վերոգրյալ խնդիրներին արդար լուծում կտրվի, սակայն, ավաղ, դա տեղի չունեցավ, քանի որ ՀՀ ՊԵԿ համակարգը դուրս չեկավ հին ռեժիմի կապանքներից և դիմումիս ձևական և անտրամաբանական պատասխաններ տրվեցին՝ ի ցույց դնելով, որ իբրև թե ՀՀ վարչապետի հաձնարական են կատարում:

Կարեն Գասպարյան