Քոչարյանի վերաբերմունքը

Քոչարյանի վերաբերմունքը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի ստեփանակերտյան շնորհանդեսին ելույթ ունեցողներից մեկը միտք արտահայտեց, թե այդ պատումի դրվագներում յուրաքանչյուր արցախցի կտեսնի իրեն:

Այդ հույսով սկսեցի կարդալ: Եւ շուտով համոզվեցի, որ հարգարժան բանախոսը պարզապես ցանկալին իրականության տեղ է ներկայացրել: Դեպքերից եւ իրադարձություններից երկրորդ նախագահի մոտ տպավորվել եւ գրքում տեղ է գտել միայն այն, ինչ բացառապես կապված է իր քաղաքական կարիերայի հետ, իսկ շրջապատի մարդկանց նա հիշել է այնքանով, որքանով որ նրանք աջակցել կամ խոչընդոտել են իրեն: Այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանի նպատակն է եղել ընթերցողին համոզելու, որ ի սկզբանե հենց ինքն էր Շարժման գլխավոր դերակատարը, իր առանցքի շուրջ է ձեւավորվել ղարաբաղյան դիմադրությունը, ինքն է նախաձեռնել, կազմավորել, գլխավորել ընդհատակը, զինված ջոկատներ ստեղծել:

Մի խոսքով՝ ինչ որ այդ տարիներին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանով; Այդ տպավորությամբ էլ նա ընդհանրացրել է, որ 1992թ. ամռանն իր փաստացի իշխանությունը ֆորմալացվեց, երբ կազմավորվեց Պաշտպանության պետական կոմիտե՝ իր նախագահությամբ: Մեկ-երկու նախադասությամբ է նա բնութագրել այդ շրջանում իր հետ աշխատած մարդկանց: Ընդ որում՝ նրանց ներկայացնելով որպես իր որոշումներն ի կատարած ածողների: Նրանք անդեմ մարդիկ են, ինքնուրույնությունից զուրկ: Բացառություն է, թերեւս, Սամվել Բաբայանը, ում մասին Քոչարյանը խոսում է ակնհայտ ջերմությամբ: Ժամանակակիցներից առանձին հիշվել է միայն Արկադի Ղուկասյանը:

Իսկ Օլեգ Եսայանը, ում վարչապետի պաշտոնից հրաժարականն է բացել Քոչարյանի իշխանության ֆորմալացման ճանապարհը, նույն վերաբերմունքին չի արժանացել: Բնութագրական է մի դրվագ. Քոչարյանը պատմում է Բիշքեկ ղարաբաղյան պատվիրակություն գործուղելու մասին եւ նշում, որ այնտեղ էր նաեւ «Կարենի օգնական Աշոտ Բաբուրյանը»: Խոսքը ԳԽ նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի մասին է, բայց նրա օգնականն այն ժամանակ Աշոտ Ղուլյանն էր՝ Արցախի խորհրդարանի ներկայիս խոսնակը:

Երկրորդ նախագահն, իհաարկե, դեպքերից գրեթե քառորդ դար անց կարող էր մոռացած լինել Կարեն Բաբուրյանի օգնականի ազգանունը: Բայց մի՞թե նրա օգնականները չէին կարող դա ճշտել: Չեն արել: Եւ գրքում տեղ է գտել անճշտություն, որը սոսկ վրիպակ չէ, այլ՝ հեղինակային վերաբերմունք: ԼՂՀ ԳԽ նախագահի օգնականը նրան ոչ էական նշանակության անձ է պատկերվել: Ահա, թերեւս, այսպես է յուրաքանչյուր արցախցի «իրեն տեսնում» Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքում: Ցավալի է: