Ուշադրություն․ ծրագիրն արցախի երիտասարդների համար է

Ուշադրություն․ ծրագիրն արցախի երիտասարդների համար է

Արցախցիների բռնի տեղահանումից հետո սփյուռքի մեր շատ հայրենակիցներ տարբեր միջոցներով պայքարում են ոչ միայն նրանց քաղաքական իրավունքների ու պաշտպանության համար, այլեւ նյութական աջակցություններ են ցուցաբերում: Այդ գործին լծվեցին թե՛ անհատներ, թե՛ սփյուռքյան քաղաքական կառույցներ: Իր մեծ դերակատարումն ունեցավ նաեւ ՀՕՄ-ը՝ իր տարբեր տարածքային կառույցներով: Արցախցիներին ցուցաբերվեց առաջին օգնություն՝ հագուստ, սնունդ, երբեմն՝ գումար: Իսկ հիմա, երբ տեղահանվածները՝ լավ կամ վատ տեղավորվել են, գտել են ժամանակավոր կացարաններ, արդեն կանգնել են աշխատանք գտնելու խնդրի առջեւ, ժամանակն է նրանց օգնել մասնագիտացման եւ աշխատանք գտնելու հարցերում:  

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը շարունակում է  «Վերելք» երիտասարդական ծրագիրը, որի երրորդ տարբերակը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար, որը հովանավորվում են ՀՅԴ ԱՄՆ Արեւելյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցությունը եւ Հայ Օգնության Միությունը։

Գրասենյակը հայտարարություն է տարածել. «2021թ․ Արցախում հաջողված «Վերելք» երիտասարդ ձեռներեցների պիլոտային ծրագիրը և ապա 2022թ․ Սյունիքում նրա երկրորդ տարբերակը մեզ պարտավորեցնում են այս ուղղությամբ շարունակել գործունեությունը: Ականատես լինելով Արցախի հայաթափման արհավիրքին, մեզ համար առաջնային նպատակ է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնի տեղահանված արցախահայությանը ՀՀ-ում պահելու եւ արտագաղթի հոսքերի դեմ պայքարելու համար: 

Ուստի, «Օփթիմայզ» խորհրդատվական ընկերության հետ համագործակցաբար տրվում է «Վերելք»-ի նոր մեկնարկը, որով արցախցի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերել նոր գիտելիքներ և ամրապնդել արդեն իսկ ունեցածը։ Ծրագրի բնույթը ձևափոխվել է և համապատասխանեցվել ՀՀ-ում արցախցի երիտասարդության դիմագրաված մարտահրավերներին լուծումներ առաջարկելու համար: Ծրագիրը ունի երեք փուլ: 

Ա․ Մեկ ու կես ամիս տևողությամբ դասընթացների շարք, որը տալու է մասնակից երիտասարդներին բոլոր անհրաժեշտ և նախնական հմտությունները՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար: 

Բ․ Մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները օգտագործելով՝ կկատարեն ուսումնասիրություններ և դրանք կքննարկեն ժյուրիների հետ։ 

Գ․ Ա և Բ փուլերը լավագույն արդյունքներով ավարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կտրվի աշխատանքի ուղղորդում և նյութական աջակցություն՝ մասամբ հովանավորելով մեկ տարվա աշխատավարձն ու խրախուսելով գործատուներին։ 

«Վերելք» ծրագրի Ա փուլի ընթացքում շաբաթական 2 անգամ կազմակերպվելու են հետևյալ դասընթացները․ 

1. Գրագետ CV-ի կազմում 
2. Փափուկ հմտություններ(Soft skills) 
3. Հարկային եւ աշխատանքային օրենսդրության ուսումնասիրություն 
4. Գաղափարից՝ բիզնես (Startup and fundraising) 
5. Բիզնես էթիկա եւ հաղորդակցություն 
6. Մարդկային ռեսուրսների կառավարում 
7. Բիզնես մոդել CANVAS 
8. Ղեկավարման մոդելներ և հմտություններ 
9. Մարքեթինգի հմտություններ 
10. Պրոեկտների կառավարում և մոնիթորինգ 
11. Ֆինանսական գրագիտություն 
12. Վաճառքի հմտություններ

Դասընթացներն անցկացվելու են լավագույն մասնագետների կողմից, ովքեր կիրառելու են նորարական մոտեցումներ՝ յուրաքանչյուր մասնակցի համար ապահովելով ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանք։

Եթե դուք 21-35 տարեկան եք, ապա այս անվճար դասընթացները հենց ձեզ համար են։ Շտապե՛ք գրանցվել այս ծրագրին, որը հնարավորություն կտա ավելացնել ձեր մասնագիտական կարողություններն ու կօգնի ձեզ՝ ձեր կարիերայի առաջխաղացման գործում։ Ծրագրին կարող եք միանալ` լրացնելով https://www.verelk.am/ կայքում տեղադրված հայտադիմումը»:

«Վերելք» ծրագրի մանրամասնությունների ներկայացումը տեղի կունենա Իբիս Երևան Կենտրոնում (Հյուսիսային պողոտա 5/1), ս․թ․ փետրվարի 5-ին, ժամը՝ 19։00-ին>։