Ամեն մի կարմիր բերետավոր պիտի հիշի, թե ում կյանքի հաշվին է ապրում

Ամեն մի կարմիր բերետավոր պիտի հիշի, թե ում կյանքի հաշվին է ապրում

Ոստիկանությունը որոշել է վարչական հայց ներկայացնել 44-օրյա պատերազմի հերոսների այն ծնողների նկատմամբ, որոնց բռնի ուժով կարմիր բերետավորները սեպտեմբերի 27-ին Եռաբլուրից հեռացնում էին: Հիշեցնենք, որ զոհված հերոսների ծնողները որոշել էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մոտենալ իրենց զավակների շիրիմներին: Կարմիր բերետավորների բռնի ուժի կիրառմամբ ծնողներից 37 հոգու բերման էին ենթարկել, բայց մինչ օրս որեւէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել։ Հիմա, փոխանակ ոստիկաններին պատժեն, որդեկորույս ծնողներին են պատժում։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ հայցով է ոստիկանությունը դիմել դատարան, որն է պատճառը։ Մեզ տեղեկացրին. «Սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանությունը «Եռաբլուր» պանթեոնում իրականացրել է ուժեղացված ծառայություն, որի ընթացքում ոստիկանության ծառայողները, ղեկավարվելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 261-րդ հոդվածով, իրականացրել են վարչական ձերբակալում, միաժամանակ ոստիկանությունում նախապատրաստվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի նյութեր: Նկատի ունենալով, որ սույն հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերապահված է ՀՀ վարչական դատարանին՝ ՀՀ ոստիկանությունը, ղեկավարվելով գործող օրենսդրության համապատասխան դրույթներով, նյութերը ներկայացրել է դատարան»: 

Կապվեցինք սեպտեմբերի 27-ին ոստիկանության կողմից բերման ենթարկված, 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի հետ:

Նա ասաց, որ արդեն դատարանից ստացել է ծանուցումը: Նշեց, որ ցավալի իրականություն է այն, որ զոհված զինծառայողների ծնողներին նման նվաստացուցիչ վերաբերմունք են ցույց տալիս: «Այդ վարչական տույժերը, դատերը, որ ուզում են մեզ պատասխանատվության ենթարկել, բնականաբար, այս ամեն ինչը մեզ ընկճելու համար է, որ մենք պայքարի շրջանակներից դուրս գանք, միայն տանը նստած սգանք մեր էրեխեքին: Էլի սգում ենք՝ մեկը մյուսի հետ կապ չունի, իրենց պատկերացմամբ եմ ասում, բայց մեզ համար՝ պայքարող ծնողների համար, ոչ մի վարչական տույժ, ոչ մի գումարի չափ ու ընդհանրապես, կլինի գումարի տեսքով, ինչի տեսքով ուզում է լինի, դա մեզ ոչ մի կերպ հեռու չի պահի մեր պայքարից: Այս ամեն ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու ճիշտ մարդուց ենք պահանջում»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Նա շեշտեց, որ ոստիկանության գործողությունների հետեւում քաղաքական ենթատեքստ է տեսնում, ու հավելեց, որ ո՛չ ոստիկանները, ո՛չ էլ կարմիր բերետավորները չէին կարող առանց վերեւից հրահանգի գործել: «Առանց որեւէ բառ արտաբերելու եկան ու միանգամից հարձակվեցին, այդպիսի խայտառակ ձեւով մեզ մտցրին մեքենաներն ու տարան, ձերբակալեցին: Բնականաբար, մենք դրա պատասխանը ստանալու ենք, թեկուզ իրենք այսքան ձգձգում են գործը, բայց, միեւնույն է, անելու ենք ամեն ինչ, որ պատասխանը ստանանք, ու ստանալու ենք»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ ամենածիծաղելին այն է, որ դատարանից եկած ծանուցագրում նշվում է, թե ծնողները չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին, ու թե ոստիկաններն իրենց ժամանակ են տվել, որպեսզի իրենք լքեն տարածքը:

«Մենք մեր տանն ենք, Եռաբլուրը մեր տունն է, մեր երկրորդ տունը չի՝ մեր առաջին տունն է։ Իհարկե, ոչ բոլոր ծնողների համար, համենայնդեպս՝ մեզ համար, ու ոչ ոք չի կարող մեզ ասել, որ մենք մեր տնից դուրս գանք: Առավել եւս այդ օրը մեզ ոչ մի հրահանգ չի եղել, մենք ոչ մի ոստիկանի հետ կոնտակտի մեջ չենք մտել, ոչ էլ իրենք են փորձել, այսինքն՝ ծանուցագրի մեջ իրենք իրենց հակասում են: Որեւիցե մի տեղ, մի տեսանյութում ապացույց չկա, իրենք չեն կարող ապացուցել, որ մեզ տրվել է հրահանգ, ու մենք չենք ենթարկվել: Եթե նման ապացույց գտնեն, մենք արդեն կմտածենք դրա մասով, բայց նման ապացույց չկա, որովհետեւ չի էլ եղել»,- ասաց Գայանե Հակոբյանը:

44-օրյա պատերազմի հերոս Գեւ Ջավախյանի մայրը՝ Նարինե Ալեքսանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ տհաճություն է ապրում՝ հիշելով սեպտեմբերի 27-ին Եռաբլուրում կարմիր բերետավորների իրականացրած գործողությունները: Ոստիկանության կողմից իրենց դեմ դատական հայցով հանդես գալն էլ բացատրում է այսպես. «Իրենք կամակատարներ են՝ ամեն ինչ վերեւից է գալիս: Երեւի թե քաղաքական հրահանգ են կատարում: Իրենք պատճառաբանեցին այսպես, որ արարողակարգ պիտի կատարվի՝ ради галочки, գա ձեւական՝ այս իշխանությունը, ծունկը ծալի, խոնարհվի, իր արածները տեսնի ու թողնի գնա, ցույց տա, որ ինքը հարգում է: Դրա համար արվեց ամեն ինչը ձեւական, թատերական՝ թուրք իշխանությունը: Ուղղակի համապատասխան բառ չկա իրենց արարքները բնորոշելու համար, անգամ հիշելն է տհաճ: Ո՛չ զգուշացրել են, որ թողեք գնացեք, ո՛չ մի բան: Միանգամից հրամանները ստացան ռացիաներով ու անցան գործի՝ դա էր: Հիմա պատկերացնո՞ւմ եք, զինվորը, որ սահման է պահում, այս ամեն ինչը տեսնի, ասի՝ վաղը չէ, մյուս օրը, Աստված չանի, իմ մամայի հետ էլ են նույն ձեւով վարվելու: Ո՞նց է ինքը պահելու այս սահմանը: Գիտեք, ամեն մի ոստիկան, ամեն մի բերետավոր պիտի հիշի, որ ինքն էլ ծնող ունի, իսկ հետո նայի էդ տղերքի աչքերի մեջ ու հիշի՝ ում կյանքի հաշվին է ապրում ինքը»:

Ինչ վերաբերում է պայքարող ծնողներին նման միջոցներով լռեցնելուն, Նարինե Ալեքսանյանը վստահ է, որ դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: «Մեր տղերքը թողե՞լ են պայքարը, հետնահանջ տվե՞լ են, գնացե՞լ են, փախե՞լ են, թողե՞լ են սահմանը: Իմ տղան ամեն օր, ամեն զանգին ասում էր` «մամ, հանկարծ որ վաղը չզանգեմ, չանհանգստանաս, որ մի քիչ ուշ զանգեմ»… ինքն ինձ նախապատրաստում էր, որ կարող է այնպիսի վիճակ լինել, որ հեռախոս չունենա կամ ինքը չլինի… Իրենք նահանջեցի՞ն, փախա՞ն… բա ո՞վ ենք մենք մեր տղերքի արածի դիմաց… Չի լինելու ոչ մի տեսակի նահանջ, չի լինելու ոչ մի տեսակի պայքարի ավարտ, մինչեւ իրենք.… հասկանան, թե ինչ կորցրինք, որ չկրկնվի նորից: Մենք այսօր էլ վիրավոր ունենք ու ամեն օր, ո՞նց կարելի է»,- ասաց նահատակված հերոսի մայրը: Նարինե Ալեքսանյանը շեշտում է, որ չէին կարող թույլ տալ, որ իրենց զավակների շիրիմներին մոտենար մի մարդ, ով հայտարարել է, որ այդ զոհերը կարող էին եւ չլինել, եւ որ նրանք զոհվել են հանուն ոչնչի: 

Նահատակված հերոսների ծնողների պաշտպան Վահան Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ ոստիկանությունը վարչական դատարան հայց է ներկայացրել 37 ծնողի դեմ: «Այս պահին նույն առարկայի վերաբերյալ չի կարող ե՛ւ վարչական դատարանում, ե՛ւ Քննչական կոմիտեում քննություն իրականացվել, հետեւաբար, մեր կողմից միջնորդություն է ներկայացվելու, որպեսզի վարչական դատարանում վարչական վարույթները կասեցվեն, մինչեւ քրեական գործով վերջնական դատավարական որոշման կայացումը»,- ասաց փաստաբանը: Հովհաննիսյանը նշեց, որ երբ ոստիկանությունը բերման է ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ ժամանակ էլ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչից հետո դիմել են դատարան՝ ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Ու քանի որ Քննչական կոմիտեում նույն հարցով քննություն է գնում, հետեւաբար, վարչական դատարանն ու Քննչական կոմիտեն չեն կարող միաժամանակ վարույթ իրականացնել: Մեր հարցին, թե արդյոք այդ նյուանսը ոստիկանությունը չէ՞ր գիտակցում, երբ դիմում էր վարչական դատարան, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Այդ հարցով պետք է դիմել ոստիկանությանը. եթե ոստիկանությունն այդքանը հասկանար, ծնողներին բերման չէին ենթարկի»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց կողմից հանցագործության մասին հաղորդում տալուց հետո է Քննչական կոմիտեն սկսել վարույթը, ու արդեն երկու ամիս է՝ այդ գործն են քննում, եւ դեռեւս նշանակալի փոփոխություններ չեն նշմարվում: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից ծնողներին ժամանակ տալուն, նահատակված հերոսների ծնողների պաշտպանը նկատեց, որ դրա հետ կապված ոչ մի փաստական ապացույց չի ներկայացվել: «Բազմաթիվ տեսանյութեր են այսօր գտնվում վարույթն իրականացնող մարմնի տիրապետման ներքո, օբյեկտիվ ապացույցներ եւ տեսանյութեր, եւ որեւէ տեսանյութում առկա չէ որեւէ դեպք, երբ երեւա, որ ոստիկանն ինչ-որ օրինական պահանջ է ներկայացնում որեւէ քաղաքացու»,- ասաց Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե ինչով է պայմանավորում ոստիկանության կողմից ծնողների դեմ հայց ներկայացնելը, ասաց. «Հավանաբար, վերադասների ինչ-որ մի ցուցում են կատարել կամ փորձում են այնպիսի գործողություններ կատարել, ինչի համար իրենց գլուխը կշոյեն»,- եզրափակեց Հովհաննիսյանը: